Հայաստան

Հայ-Ամերիկյան Հարաբերությունները Զարգանում Են

Միաժամանակ ԱՄՆ-ը աշխատում է Վրաստանի հետ, քանի որ Վրաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերում առանցքային է․ եթե Վրաստանը դուրս մնա, Հայաստանը ևս լրիվ ներառման հնարավորություն չի ստանա։ 

Ներսես Կոպալյան

1inTV-ն զրուցել է Միացյալ Նահանգների Նվադայի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Ներսես Կոպալյանի հետ:Զրույցի ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև Միջին միջանցքի (Middle Corridor) նախագծին առնչվող տարածաշրջանային աշխատանքները։

Պրոֆեսոր Ներսես Կոպալյանը նշեց, որ հայ-ամերիկյան հարաբերություններում վերջին զարգացումները տրամաբանական շարունակությունն են այն գործընթացների, որոնք սկսվել էին ամիսներ առաջ։ Նա ասաց, որ դեռ նախորդ հարցազրույցում անդրադարձել էին այն հանգամանքին, որ ԱՄՆ Պետդեպարտամենտում ձևավորվել են երկու աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են Հայաստանի հետ համագործակցությամբ։ Ըստ Կոպալյանի՝ փոխպետքարտուղար Էլիսոն Հուքերի այցը հենց այդ աշխատանքի շարունակությունն էր։ Հուքերը Երևան էր եկել՝ արագացնելու հայ-ամերիկյան հուշագրերի իրականացումը և ապահովելու, որ կողմերը նույն պատկերացումն ունենան իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Կոպալյանը ընդգծեց, որ այցի նպատակն էր ոչ թե քաղաքական ազդակներ հղելը, այլ բացառապես գործնական խնդիրներ լուծելը՝ ֆինանսավորում, լոգիստիկա, տեխնիկական ուղղություններ։

Պրոֆեսոր Կոպալյանը նշեց, որ նախկինում Ադրբեջանը փաստացի «ոչ ֆորմալ վետո» ուներ Հայաստանի հետ ԱՄՆ համագործակցության որոշ գործընթացների վրա։ Նրա խոսքով՝ այժմ այս մոդելը փոխվել է․Վաշինգտոնը այլևս չի հարցնում Բաքվի համաձայնությունը, այլ պարզապես նրան տեղեկացնում է արդեն ընդունված որոշումների մասին։ Սա, ըստ Կոպալյանի, արմատական փոփոխություն է տարածաշրջանային քաղաքականությունում։ Միաժամանակ ԱՄՆ-ը աշխատում է Վրաստանի հետ, քանի որ Վրաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերում առանցքային է․ եթե Վրաստանը դուրս մնա, Հայաստանը ևս լրիվ ներառման հնարավորություն չի ստանա։Կոպալյանը նկատեց, որ Վաշինգտոնը փորձում է Թբիլիսիի համար զարգացման նոր հեռանկարներգտնել, որպեսզի Վրաստանը մեկուսացած չմնա։

Ներսես Կոպալյանը դիտարկեց, որ Ադրբեջանի՝ Կենտրոնական Ասիայի «հնգյակին» միանալու որոշումը պետք չէ ընկալել որպես հակահայկական քայլ։ Նրա խոսքով՝ Ալիևը փորձում է բարձրացնել Ադրբեջանի կարևորությունը ԱՄՆ նոր քաղաքականության շրջանակում, որտեղ Կենտրոնական Ասիան արագ վերածվում է Ռուսաստանի ազդեցության նկատմամբ «երկրորդ ճակատի»՝ Արևմուտքի կողմից։ Ղազախստանը դարձել է ԱՄՆ-ի համար տարածաշրջանի հիմնական հենարանը, և Ալիևը փորձում է լինել նույն դաշտում՝ համոզելով, որ Բաքուն կարող է կարևոր դերակատար լինել։ Ադրբեջանը լրջորեն անհանգստացած է, որ Հայաստանը կարճ ժամանակում զգալի առաջընթաց է գրանցում տեխնոլոգիական ոլորտում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության շնորհիվ։ Նա հիշեցրեց, որ հայկական դիվանագիտությունը և տեխնոլոգիական թիմերը, ներառյալ դեսպան Նարեկ Մկրտչյանը, ակտիվորեն առաջ են տանում համագործակցությունը Google-ի, Apple-ի և Nvidia-ի նման հսկաների հետ, ինչի հետևանքով Ադրբեջանը մեծ ռեսուրսներ է ներդրել Վաշինգտոնում լոբբիստական պայքարի մեջ։ Հայաստանը դարձել է Միացյալ Նահանգների համար տարածաշրջանային «անկյունաքար», իսկ Ղազախստանը՝ նույն դերակատարը Կենտրոնական Ասիայում։ Այս հանգամանքը, նրա խոսքով, բացատրում է, թե ինչու Ղազախստանը Հայաստանին դուրս չի թողնում իր տարածաշրջանային նախաձեռնություններից, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանը շատ ավելի ակտիվ և նախաձեռնող արտաքին քաղաքականություն է վարում, քան անցյալում։

Անդրադառնալով Հայաստան–Թուրքիա գործընթացին՝ Կոպալյանը ասաց, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունը, թե կարգավորման գործընթացը հնարավոր է միայն Հայաստան–Ադրբեջան պայմանագրից հետո, այդքան էլ Հայաստանի հետ ուղղակի կապ չունի։ Նրա դիտարկմամբ՝ այդ հայտարարության ենթատեքստը կապված է Թուրքիայի հարաբերությունների հետ ԱՄՆ-ի և ռազմական համագործակցության շուրջ ընթացող գործընթացների հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *