Հայաստան

Հայ Փորձագետները Վերադարձել Են Բաքվից

2020-23 թվականներին տեղի ունեցածը չի կարող արդարացվել, սակայն ներկայիս քաղաքականությունը պետք է հենվի առկա իրողությունների վրա։ Նա ընդգծեց, որ անցյալի վերաբերյալ կողմերի գնահատականները երբեք նույնը չեն լինելու, և կարևորը այն է, թե ինչպիսի դեր են դրանք ստանում գործող քաղաքական օրակարգում։

Բորիս Նավասարդյան

FactorTV-ն զրուցել է քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են իր և չորս հայ փորձագետների այցը Բաքու՝ «խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, որը նա նկարագրում է որպես «մեկուկես ձևաչափի» դիվանագիտություն։ Հարցազրույցի ընթացքում նա անդրադառնում է Հայաստան-Ադրբեջան երկխոսությանը, քննարկում է Բաքվի մասին իր տպավորությունները։

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանն ասաց, որ վերջին անգամ Բաքու էր այցելել 2011 թվականին, սակայն այն մասնակցությունն ունեցել էր միջազգային ձևաչափում, ոչ թե հայ-ադրբեջանական երկխոսության շրջանակում։ Նա նշեց, որ այս անգամ ձևաչափը արմատապես այլ էր․օրակարգն ամբողջությամբ նվիրված էր հայ-ադրբեջանական հարաբերություններին, իսկ միջավայրը՝ շատ ավելի ուղղակի ու փակված արտաքին գործոններից։

Նավասարդյանը դիտարկեց, որ մասնակցել է նաև1990-ականների վերջին Երևանի և Բաքվի մամուլի ակումբների ծրագրերին, և այդ փորձը թույլ էր տալիս համեմատել անցյալի և ներկայիս միջավայրերը։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունն իրեն համար նորություն էր, քանի որ պատկանում էր «մեկուկես» դիվանագիտության ձևաչափին։ Վերլուծաբանը նկատեց, որ պաշտոնական շրջանակները որոշակիորեն ներգրավված էին կազմակերպչական մակարդակում, ուստի օրակարգը բնականաբար չէր կարող դուրս լինել երկու պետությունների պաշտոնական բանակցությունների տրամաբանությունից։

Նավասարդյանը նշեց, որ Բաքվի քաղաքային միջավայրում զգացել է լուրջ փոփոխություններ․ եթե1990-ականների վերջերին քաղաքը քաոտիկ էր, ապա 2011-ին արդեն ձևավորվում էր ժամանակակից ճարտարապետական տեսքը, իսկ այժմ ավելի մեծ ուշադրություն է դարձվում երթևեկության կազմակերպմանը, կանաչ գոտիների ավելացմանը և քաղաքային համակարգերի կարգավորմանն ընդհանուր առմամբ։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանում կառավարումն ուղղահայաց է, և վերևների ցանկությունները արագ արտացոլվում են քաղաքային տեսքի վրա։ Ադրբեջանում ստեղծված Հայաստանի մասին աղքատ, քայքայված երկրի քարոզչական պատկերները հակասում էին իր տեսած իրականությանը։ Նա դրական գնահատեց փոխայցերի հնարավորությունը, քանի որ այն վերացնում է սխալ պատկերացումները երկու հասարակությունների մեջ։ Իր մոտ Բաքվի վերաբերյալ կարծրատիպեր չկային, քանի որ երկար տարիներ հետևել է զարգացումներին, սակայն այս այցը հնարավորություն տվեց ամեն ինչ տեսնել սեփական աչքերով։ Նավասարդյանը նաև դիտարկեց, որ Բաքուն այլևս «քամոտ քաղաք» չէ՝ կլիմայական փոփոխությունների հետևանքով քամիների նվազման ու խոնավության բարձրացման պատճառով։ Անվտանգության մասով նա ասաց, որ չէր կարող ազատ շրջել, քանի որ անվտանգության աշխատակիցները մշտապես նրա կողքին էին։ Բորիս Նավասարդյանը հիշեցրեց, որ 1999-ին Բաքվում ազատ շրջել է առանց վախի, բայց ընդգծեց, որ հնարավոր վտանգների ու պատահական միջադեպերի հավանականությունը պահանջում է նախապես կազմակերպված անվտանգության միջոցառումներ։ Նա նաև նշեց, որ հայկական ազգանուններով անձանց մուտքի արգելքը, կարծում է, դեռ գործում է։

Քաղաքացիական հասարակության վերաբերյալ քննադատություններին անդրադառնալով՝ Նավասարդյանը ասաց, որ «քաղհասարակություն» հասկացությունը Հայաստանում ու Ադրբեջանում տարբեր ինստիտուցիոնալ արտացոլում ունի, սակայն եթե կան մարդիկ, որոնք իշխանություններից անկախ դիրքորոշում ունեն և շփվում են միմյանց հետ, ապա դա ևս քաղաքացիական հասարակության դրսևորում է։ Նա ընդգծեց, որ խմբում ընդգրկված մասնակիցները ավելի շուտ փորձագետներ էին, որոնք ներկայացնում էին այն ոլորտները, որոնք գտնվում են պաշտոնական բանակցային օրակարգում՝ սահմանազատում, հաղորդակցության բացում, խաղաղության պայմանագիր։ Նախաձեռնության նպատակներից մեկն էր քննարկել նաև լրատվամիջոցների աշխատանքը, փաստերի ստուգման հնարավոր համագործակցությունը և մարդասիրական խնդիրները։ Նա նշեց, որ հայկական կողմի առաջնահերթությունը գերիների և պահվող անձանց հարցն է, բայց ադրբեջանական կողմն առաջնային է համարում առաջին պատերազմից անհետ կորածների ճակատագրերի պարզումը։ Նրա գնահատմամբ՝ այստեղ կափոխադարձ շահագրգռություն։

Բորիս Նավասարդյանը անդրադարձավ նաև այնմեղադրանքներին, ըստ որոնց նախաձեռնությունը«Ալիևի ձեռքերը լվանալու» փորձ է։ Նա նշեց, որ հասարակության մեջ կան տարբեր կարծիքներ, և մոտ ժամանակում պարզ կդառնա, թե որ դիրքորոշումն է գերակշռում։ Վերլուծաբանը շեշտեց, որ 2020-23 թվականներին տեղի ունեցածը չի կարող արդարացվել, սակայն ներկայիս քաղաքականությունը պետք է հենվի առկա իրողությունների վրա։ Նա ընդգծեց, որ անցյալի վերաբերյալ կողմերի գնահատականները երբեք նույնը չեն լինելու, և կարևորը այն է, թե ինչպիսի դերեն դրանք ստանում գործող քաղաքական օրակարգում։

Նա նաև նշեց, որ իշխանությունների քննադատությունը պետք է հենվի իրականության վրա, ոչ թե սպեկուլյացիաների, և հավելեց, որ այսօրչի տեսնում որևէ քաղաքական ուժի իրատեսական այլընտրանքային ծրագիր, որը կարող է մրցել իշխանությունների գործող ուղեգծի հետ։ Քաղաքական վերլուծաբանը ընդգծեց, որ փորձագիտական համայնքը պարտավոր է նպաստել, որպեսզի իշխանությունները ավելի արդյունավետ գործեն, իսկ ընդդիմությունը՝ առաջարկի իրական այլընտրանքներ։ Անդրադառնալով «ազդեցության գործակալների» մեղադրանքներին՝ Նավասարդյանը ասաց, որ իրենց նպատակն է, որ կողմերն իրար լսեն։ Նա նշեց, որ ընդունում է Հիքմեթ Հաջիևի ցանկությունը՝ այցելելու Երևան և հանդիպելու լրագրողների ու հասարակության ներկայացուցչների հետ, քանի որ երկխոսությունը միայն նպաստում է քաղաքական գրագիտության բարձրացմանը։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ձևաչափի ընդլայնում, այլ փորձագետների ներգրավում և փաստարկված հանրային քննարկում։

Նավասարդյանը նշեց, որ Ալիևի եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին չմասնակցելու պատճառը պարզ է․միջպետական հարաբերություններ չկան, ուստի առաջին դեմքի այցը դժվար է։ Սակայն նշեց, որ այլ բարձրաստիճան ներկայություն չի բացառվում։ Վերջում նա անդրադարձավ այն տեսակետին, ըստ որի «արդար խաղաղությունը» կդառնա հնարավոր միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը «պատժվի»։ Քաղաքական վերլուծաբանը ասաց, որ պատերազմի հետևանքներ լինելը տոկոսային ճշմարտություն է, սակայն հարցը այն է՝ ո՞վ է պատրաստ ու ի վիճակի «պատժել» Ադրբեջանին։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանը կարողացել է կառուցել այնպիսի արտաքին քաղաքական դիրքեր, որ պատժիչ մեխանիզմները գործնականում արդյունավետ չեն, ինչը նշանակում է, որ բոլոր խնդիրների լուծումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով։

Նավասարդյանը հավելեց, որ որոշ շրջանակներ ակնկալում են Ռուսաստանի «վերադարձը»՝ որպես ազդեցության գործոն, բայց անգամ այդ դեպքում չի կարող վստահ լինել, որ հնարավոր լուծումները լինելու են Հայաստանի բարօրության համար։ Նրա դիտարկմամբ՝ նույնիսկ ռուսամետ ուժերի իշխանության գալը չի երաշխավորում, որ Ռուսաստանը Հայաստանին «պարտք» ունի կամ պատրաստ կլինի Հայաստանի շահերը սպասարկել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *