ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայաստանի «Սուր Հոդացավը» Ոմանց Չի Բավարարում. Երեւի «Անդամահատություն Են Ուզում»

Քաղաքական դեժավյուի այս տեխնոլոգիան որքան հին, նույնքան եւ, գուցե, կրկնակի վտանգավոր է: Այդպես Հայաստանում մերժվել է ԼՂ կարգավորման փուլային տարբերակը, բայց թե խնդիրն ինչպե՞ս պիտի լուծվի, ոչ ոք հանրությանը ծրագիր չի ներկայացրել: 

Վահրամ Աթանեսյան

«Վստա՞հ եք, որ Փաշինյանի իշխանության օրոք ադրբեջանական զորքերը դուրս են գալու ՀՀ տարածքից». Սուրեն Պապիկյանը խուսափեց հարցից»: Հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոցն այսպես է վերնագրել լրագրողների հետ պաշտպանության նախարարի ճեպազրույցի մասին իր տեղեկատվությունը, իսկ տեքստում կարդում ենք, որ  հարցին նա դրական է պատասխանել. «Իհարկե, տեսնում եմ»: Լրագրողը ճշտող հարց է ուղղել՝ ինչպե՞ս, նախարարը պարզաբանել է.«Սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի միջոցով»: 

Ո՞րն է այս երկխոսության մեջ Սուրեն Պապիկյանի «խուսափումը», եթե նա լրագրողի երկու հարցին շատ հստակ պատասխան է տվել: Խնդիրն այն չէ, թե պաշտպանության նախարարի պատասխանները բավարարե՞լ են մամուլի հետաքրքրությունը կամ որքանո՞վ են համապատասխանում հարցի շուրջ հանրային կամ լրագրողական, կամ քաղաքական որոշակի շրջանակների ընկալումներին: Այստեղ «տարընթերցում» կարող է լինել. իշխանությունը վստահ է, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի սուվերեն տարածքից դուրս են գալու, դա տեղի է ունենալու սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում, պաշտպանության նախարարին հարց ուղղած լրագրողը կարող է չհավատալ, չկիսել այդ լավատեսությունը, բերել հակափաստարկներ, կասկածամտություն դրսեւորել: Դա նրա իրավունքն է, ինչ-որ առումով՝ նաեւ «մասնագիտական պարտքը», որպեսզի հանրությանն զգաստացնի կամ համախմբի այդ հարցում քաղաքական այլ դիրքորոշում ունեցող ուժերի շուրջ: Բայց լրատվամիջոցը պարտավոր է ոչ միայն սղագրական ճշտությամբ փոխանցել վիզավիի(դիմացինի) խոսքը, այլեւ նրան վերագրումներ չանել: Այս դեպքում «Սուրեն Պապիկյանը խուսափեց հարցից» ենթախորագիրը բացահայտ վերագրում է, քանի որ նախարարն առաջադրված երկու հարցին իր լիազորությունների եւ տեղեկացվածության շրջանակներում սպառիչ պատասխան է տվել: 

Երեւի, ճիշտ չէր լինի ասել, թե լրատվամիջոցն այդ վերագրումն արել է, որպեսզի կայքում դիտումներ ապահովի: Ավելի շուտ դա քաղաքական նշանակություն հետապնդող վերնագիր է, քանի որ հարցն ինքնին ինտրիգային է. «Հավատու՞մ եք, որ Փաշինյանի իշխանության օրոք ադրբեջանական զորքերը դուրս են գալու ՀՀ տարածքից»: Ենթատեքստից բխում է, որ հարցնողը դրան չի հավատում: Եւ նա փորձ է անում առաջին տպավորություն ստեղծել, որ «չի հավատում նաեւ պաշտպանության նախարարը»: Հնարքի թիրախը հազարավոր մարդիկ են, որ կայքերում միայն նյութի վերնագիրն են կարդում եւ տպավորվում: Այսինքն, այդ «մանր զեղծարարությամբ» հեղինակավոր լրատվամիջոցը Հայաստանի քաղաքացուն ուղղորդում է, որ Փաշինյանի իշխանության օրոք «ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից չեն հեռանալու»: Մնացածը պետք է անեն ընդդիմադիր քաղաքական ուժերը, որպեսզի «փողոցը գեներացնեն»:

Քաղաքական դեժավյուի այս տեխնոլոգիան որքան հին, նույնքան եւ, գուցե, կրկնակի վտանգավոր է: Այդպես Հայաստանում մերժվել է ԼՂ կարգավորման փուլային տարբերակը, բայց թե խնդիրն ինչպե՞ս պիտի լուծվի, ոչ ոք հանրությանը ծրագիր չի ներկայացրել: Հետեւանքները «հոդացավի պես» շոշափելի են: Նույն տեխնոլոգիայով այսօր մերժվում է սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի հեռացման տարբերակը, բայց թե ուրիշ ի՞նչ տարբերակով են իրենք վերականգնելու երկրի տարածքային ամբողջականությունը, ոչ ոք դարձյալ չի ասում: «Հոդացավը», երեւի, նրանց չի բավարարում, «անդամահատություն են ուզում»:

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *