Հայաստան

Եկեղեցին Պիտի Մաքրվի, Այլապես Կործանվելու Է

Խնդիրը ինստիտուտի մեջ չէ՝ խնդիրը այն անձինք են, որոնք երեք տասնամյակ է ղեկավարում են եկեղեցական համակարգը՝ կաթողիկոս Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ։ Այդ շրջանակները փաստացի «առևանգել են» եկեղեցին, խեղաթյուրել նրա դարավոր առաքելությունը և նույնիսկ զբաղվում են «գործակալական աշխատանքով», որի արմատները գալիս են դեռ խորհրդային ժամանակներից։ 

Բագրատ Առաքելյան

Armtimes-ը զրուցել է տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամը և դրա ենթադրյալ կապը քաղաքականության հետ։ Առաքելյանը պնդում է, որ Մայր Աթոռը գրավված է մի խումբ մարդկանց կողմից, որոնք այն վերածել են բիզնես կառույցի և զբաղվում են շքեղ կյանքով, մինչդեռ եկեղեցին պետք է ծառայի ժողովրդին։

Տնտեսագետ Բագրատ Առաքելյանը ասաց, որ իրհամար դժվար է տեղի ունեցող գործընթացները համարել մայր Աթոռ Էջմիածնի կողմից իրականացվող քայլեր։ Նրա դիտարկմամբ՝ դրանք ավելի շատ որոշ անձանց գործողություններ են, ովքեր տարիներ շարունակ «զավթել են» Մայր Աթոռը և այն վերածել բիզնես կառույցի, որտեղ լուծվում են անձնական և քաղաքական խնդիրներ։ Առաքելյանը ընդգծեց, որ այդ մարդիկ այսօր վտանգավոր սահմանագծի են մոտեցրել եկեղեցին, և այլևս չի կարելի թույլ տալ, որ նման գործունեությունը շարունակվի։

Նա նշեց, որ խնդիրը ինստիտուտի մեջ չէ՝ խնդիրը այն անձինք են, որոնք երեք տասնամյակ է ղեկավարում են եկեղեցական համակարգը՝ կաթողիկոս Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ։ Առաքելյանի կարծիքով՝ այդ շրջանակները փաստացի «առևանգել են» եկեղեցին, խեղաթյուրել նրա դարավոր առաքելությունը և նույնիսկ զբաղվում են «գործակալական աշխատանքով», որի արմատները գալիս են դեռ խորհրդային ժամանակներից։ Այդ ամենը լուրջ վտանգ է պետականության ու հասարակության համար, քանի որ եկեղեցին այսօր մաքրման կարիք ունի։ Նրա խոսքով՝ ժողովուրդը տարիներ շարունակ տեսել է բազմաթիվ ֆինանսական սկանդալներ, օֆշորային հաշիվներ, շքեղ կյանք վարող հոգևորականներ և այդ ամենը դարձել է հասարակության վրդովմունքի պատճառ։ Բագրատ Առաքելյանը հիշեցրեց, որ դեռ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք ժողովուրդը տեսնում էր ճշմարիտ նվիրվածություն, ինչը, ըստ նրա, լիովին կորել է այսօր։

Նա նկատեց, որ եկեղեցու ներկայիս կառուցվածքը տոտալիտար, ավտորիտար բուրգ է, որտեղ ստորին օղակների եկեղեցականները չեն կարող արտահայտել իրենց կարծիքը՝ հակառակ դեպքում ենթարկվում են վերևից եկող ճնշումների։ Սակայն, ըստ Առաքելյանի, կան բազմաթիվ ազնիվ, իրական ծառայություն կատարող քահանաներ, ովքեր այսօր ենթարկվում են հալածանքների հենց այդ կառույցի կողմից։ Արարատ գյուղի քահանա Երվանդ Բաբայանի խոսքերը փաստում են այդ բուրգի ներսում առկա լարվածությունն ու ճնշումները։ Նրա կարծիքով՝ սա արդեն բացարձակ քաղաքական ենթատեքստ ունեցող պայքար է՝ ոչ թե եկեղեցու ու պետության միջև, այլ տարբեր քաղաքական մոտեցումներ ունեցող խմբերի միջև։

Նա ասաց, որ եկեղեցու ծառայությունը չի կարող ներառել քաղաքական պայքար, սակայն տեսնում ենք, որ որոշ հոգևորականներ փորձում են ուղղակիորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում, նույնիսկ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Առաքելյանը ընդգծեց, որ տարիներ շարունակ, երբ պետությունը ու ժողովուրդը իրական աջակցության կարիք ունեին՝ սկսած Մարտի 1-ից մինչև Սասնա ծռեր, եկեղեցին լուռ էր, իսկ զանգերը հնչեցին հենց այն ժամանակ, երբ իշխանությունը փորձեց պատասխանատվության կանչել քաղաքական անկայունություն հրահրող անձանց։ Իր դիտարկմամբ՝ որոշ եկեղեցականներ ձգտել են անկարգություններ հրահրել Երևանում, իսկ ռուսական մեդիան բացահայտ սատարում էր այդ գործընթացներին։ Նա սա գնահատում է որպես սիստեմային կապեր Ռուսաստանի հետ՝ ընդգծելով, որ իր կարծիքը հիմնված է գործողությունների վրա, ոչ թե ենթադրությունների։

Եկեղեցու ներսում բուրգը քանդվում է ներքևից՝ ազնիվ հոգևորականների կողմից, ովքեր տեսնում են, որ այսօր հնարավոր է իրական մաքրում իրականացնել։ Ըստ նրա՝ նրանք հայրենանվեր մարդիկ են, և ժողովուրդը պետք է սատարի նրանց։

Բագրատ Առաքելյանը նշեց, որ Կտրիճ Ներսիսյանը տարիներով ստեղծել է համակարգ, որտեղ վերնախավի անդամների զգալի մասը նրա ազգականներն ու մտերիմներն են։ Նրա կարծիքով՝ հենց այդ համակարգն է այսօր խանգարում, որ անհրաժեշտ փոփոխությունները տեղի ունենան։ Նա նաև հիշեցրեց, որ պետությունը լիովին իրավասու է կաթողիկոսին և մյուսներին պատասխանատվության կանչել որպես ՀՀ քաղաքացիների, եթե քննչական մարմինների մոտ կան ծանր պատահարների վերաբերյալ փաստեր։Կան ծանր դեպքեր, այդ թվում՝ մանկապղծության վերաբերյալ միջազգային քրեական գործեր, որոնց վերաբերյալ տարիներ շարունակ լռվել է։ Բագրատ Առաքելյանի կարծիքով՝ հենց այս արձանագրված մեղքերը ստիպում են իշխանությանը պարբերաբար կոչ անել Ներսիսյանին հեռանալ, որպեսզի չվնասվի ամբողջ եկեղեցու հեղինակությունը՝ ինչպես դա եղավ ժամանակին կաթոլիկ եկեղեցու օրինակով, որը, ըստ նրա, կարողացավ հաղթահարել նման ճգնաժամը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *