Հայաստան

Ինչու Են Լուռ, Եթե Մեղավոր Չեն

Վարչապետի՝ կիրակնօրյա պատարագներին մասնակցությունը չի կարող դիտարկվել որպես եկեղեցու դեմ պայքար։ Սա Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ հեռակա երկխոսություն է, և տարօրինակ է, երբ եկեղեցու որոշ ներկայացուցիչների վրա քաղաքական ուժերի կողմից հարձակումներ են իրականացվում միայն այն պատճառով, որ նրանք մասնակցում են պատարագի, որտեղ ներկա է վարչապետը։ 

Գեղամ Նազարյան

FreeNews Armenian-ն զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև ծագած հակասությունները, մասնավորապես՝ կապված Կաթողիկոսի պաշտոնաթողության պահանջի հետ, որը Նազարյանը համարում է եկեղեցու բարենորոգման ցանկություն և այլ հարակից թեմաներ։

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը ասաց, որ եկեղեցու շուրջ առկա իրավիճակում որևէ հակադրություն կամ հակասություն չի տեսնում։ Նա նշեց, որ արվել են շատ պարզ հարցադրումներ, որոնք մեր հանրության մի մասի համար կարող են լինել շոկային ու ցնցող, քանի որ այդպիսի հարցեր երբեք բաց չեն քննարկվել։ Ըստ Նազարյանի՝ այդ նորությունը որոշ մարդկանց մոտ ստեղծում է տպավորություն, թե սա եկեղեցու դեմ հարձակում է, սակայն իր գնահատմամբ նման բան չկա։ Սա եկեղեցուն օգնելու և բարենորոգելու ցանկություն է։ Պատգամավորը նշեց, որ չի կարող ասել՝ դա որքանով կհաջողվի, բայց բոլոր կողմերին հորդորեց առաջնորդվել պետության և Հայ առաքելական եկեղեցու շահերով և խուսափել քայլերից, որոնք կարող են վնասել պետությանը կամ եկեղեցուն։

Պատգամավոր Գեղամ Նազարյանը ասաց, որ հնչել է ուղիղ հարցադրում, և ինքը, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են Հայ առաքելական եկեղեցու անդամ, սպասում են կաթողիկոսի հրապարակային պատասխանին՝ խախտե՞լ է արդյոք ուխտը, թե ոչ։ Նրա խոսքով՝ քանի որ մեղադրանքներն ուղղված են բարձրագույն հոգևոր պաշտոնյաներից մեկին, վերջինս պարտավոր է հրապարակային կերպով կա՛մ հերքել, կա՛մ ընդունել այդ մեղադրանքը, քանի որ լռությունն ավելի է վնասում թե՛ եկեղեցուն, թե՛ պետությանը։Իրավիճակի երկարաձգումը վնասում է նաև այն հիշատակի պարտքին, որը մենք ունենք մեր այն զինվորների հանդեպ, ովքեր վերջին պատերազմում զոհվել են հանուն հայրենիքի և եկեղեցու։ Նազարյանը ընդգծեց, որ ամեն քայլ պետք է բխի պետության և եկեղեցու շահերից։

Շարունակելով՝ Գեղամ Նազարյանը դիտարկեց, որ վարչապետի՝ կիրակնօրյա պատարագներին մասնակցությունը չի կարող դիտարկվել որպես եկեղեցու դեմ պայքար։ Նա ասաց, որ սա Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ հեռակա երկխոսություն է, և տարօրինակ է, երբ եկեղեցու որոշ ներկայացուցիչների վրա քաղաքական ուժերի կողմից հարձակումներ են իրականացվում միայն այն պատճառով, որ նրանք մասնակցում են պատարագի, որտեղ ներկա է վարչապետը։Նազարյանը ցավով նշեց, որ հակադիր կողմերում ակտիվ‌գրոհները կատարում են այն մարդիկ, որոնք իրականում եկեղեցուց հեռու են, և դա իր համար ամենացավալին է։ Նա ասաց, որ հուսով է՝ Աստծո կամոք այս բարդ փուլը հաղթահարվելու է, և դրանից շահած դուրս կգան և՛ եկեղեցին, և՛ պետությունը, և՛ ազգը։

Գեղամ Նազարյանը անդրադարձավ նաև այն դիտարկմանը, թե պատարագներին մասնակցողների քանակն այնքան մեծ չէ։ Նա նշեց, որ, իր կարծիքով, վարչապետ Փաշինյանի համար խնդիր չի դրվել մարդաշատություն ապահովել։ Նազարյանի համոզմամբ՝ ավելի կարևոր է հենց պատարագների քանակը, ոչ թե այնտեղ հավաքված մարդկանց թիվը։ Նա հավելեց, որ եթե վարչապետը նպատակադրեր մեծ բազմություն հավաքել, դա հեշտությամբ կիրականանար, բայց նման նպատակ չկա։

Ընդդիմությունը հաճախ մանկական սխալներ է թույլ տալիս, ինչն, ըստ նրա, վնասում է նաև պետությանը, քանի որ թույլ ընդդիմությունը թուլացնում է ամբողջ համակարգը։ Եկեղեցական ճգնաժամի հնարավոր հանգուցալուծման մասին խոսելիս Գեղամ Նազարյանը ասաց, որ երկու կողմերն էլ պետք է զերծ մնան սուր և վիրավորական հայտարարություններից, և կաթողիկոսին պետք է տրամադրվել որոշակի խելամիտ ժամանակ՝ պատասխանելու գլխավոր հարցին։ Նրա կարծիքով՝ այդ պատասխանից արդեն կհետևեն հետագա քայլերն ու զարգացումները։ Այժմյան ճգնաժամը դարերով կուտակված խնդիրների հետևանք է, ոչ թե վերջին տարիների։ Նազարյանը հիշեցրեց, որ 1441 թվականից մինչև 1991 թվականը Հայաստանը անկախ պետություն չի ունեցել, և եկեղեցին դարերով գործել է օտար իշխանությունների հովանու ներքո։ Նա ասաց, որ 1999-ին Գարեգին Երկրորդի ընտրությունից հետո խորքային բարեփոխումներ չեն իրականացվել, իսկ եկեղեցու ներսում տարիներ շարունակ ձևավորվել է այն համոզումը, թե եկեղեցին կարող է գոյություն ունենալ պետությունից անկախ, մինչդեռ դա սխալ է։Եկեղեցին պետք է հասկանա՝ ազգային անկախ պետություն ունենալը Աստծո շնորհ է, և այն հնարավորություն է՝ արդյունավետ ղեկավարելու աշխարհի հայ համայնքները։ Նրա դիտարկմամբ՝ այսօր կանգնած ենք կարևոր հարցադրման առաջ՝ կրոնական ինքնավարությո՞ւն, թե՞ պետություն ունեցող ժողովուրդ։ Պատգամավորը կարծում է, որ սա երբեք հայկական հարց չի եղել, այլ կայսրությունների կողմից պարտադրված մոտեցում։

Նա հիշեցրեց Ավետարանից՝ «Աստծունը՝ Աստծուն, Կայսրինը՝ Կայսրին», նշելով, որ հոգևորն ու աշխարհիկը հակադրելու հարց չպետք է լինի։ Նա ասաց, որ ինչպես նորմալ պետություններում չեն քննարկում՝ պետությունն է կարևոր, թե եկեղեցին, այնպես էլ Հայաստանում պետք է հասկանանք, որ երկուսն էլ ունեն իրենց տեղը և դերը։

Վարչապետի՝ պետական մարմինների ներկայացուցիչների համաժողովում ունեցած ելույթի մասին խոսելիս Գեղամ Նազարյանը ասաց, որ ձեռնպահ կմնա խորքային մեկնաբանություններից, քանի որ հնչած հարցադրումները մակերեսային գնահատման չեն ենթարկվում։ Սակայն նա կարևորեց, որ նման խորքային թեմաներ վերջապես բարձրացվում են հանրային դաշտ։ Նազարյանի առաջ բերած օրինակով՝ լեգիտիմության մասին հասարակությունը նույնիսկ չէր մտածում տարիներ շարունակ, և հիմա, երբ այդ հարցերը բարձրացվում են, որոշ մարդկանց մոտ առաջանում է դիմադրություն, որովհետև իրենց հին արժեհամակարգը չեն կարողանում համադրել նոր իրողությունների հետ։ Հայ հասարակությունը երկար ժամանակ ապրել է ինքնախաբեության մեջ՝ չանդրադառնալով այն հարցերին, որոնք կարևոր են պետության գոյության և զարգացման համար։ Նազարյանը ընդգծեց, որ եթե ցանկանում ենք ուժեղ լինել և ընդունելի միջազգային դերակատար, ապա պետք է լինենք լեգիտիմ և խնդրահարույց չլինենք հարևանների համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *