ՄԵՐ ՈՒՂԻՆ

Առաջին Պատերազմի Հրադադարն Ինչու՞ Խաղաղության Հիմք Չդարձավ

ինչու՞ երբ արդեն ակնհայտ էր, որ Ադրբեջանը սպառազինվում է, որպեսզի վրեժխնդիր լինի, Հայաստանում իշխանությունները ժողովրդին ոչ թե դա էին ասում, այլ նրան խաբում էին մոտալուտ «հաղթական խաղաղության» հույսով:

Վահրամ Աթանեսյան

Առաջին պատերազմի հրադադարից հետո Հայաստանի քանի՞ ընտանիք է ղարաբաղա-ադրբեջանական շփման առաջնագծում ծառայող զինվոր ունեցել, այդ քսանհինգ տարիներին քանի՞ ծնող է այցելել իր որդու զորամաս, երկու շաբաթը մեկ նրան սննդի, հիգիենիկ պարագաների ծանրոց ուղարկել, քանի՞սն է որոշակի գումարի դիմաց իր զավակի ծառայության տեղը փոխել կամ մեկշաբաթյա  արձակուրդ ապահովել: Եւ բոլորն էլ տեղյակ են եղել, թե ինչ պայմաններում են նրանք ծառայություն անցնում: 

Չխոսած իրենց՝ զինվորների տեսածից, իմացածից: Հիմա ասում են, թե Հայաստանի ժողովուրդը համոզված էր, որ տարածաշրջանի ամենահզոր բանակն ունի, գերհզոր դաշնակից եւ ԼՂ շուրջ հինգ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու ծրագիրը չէր ընդունի: 

Հայաստանի ժողովրդի զգալի մասը քառասունչորսօրյա աղետից հետո էլ մնում է այն համոզման, որ բանակն ուժեղ էր, անպարտելի, քաղաքական ղեկավարությունն է «Արցախը ծախել»: Այնպես որ, երկրի համար ճակատագրական որոշումներ ընդունելիս պետք է առաջնորդվել ոչ թե «բա ի՞նչ կասի ժողովուրդը», այլ՝ «ինչպե՞ս կարող ենք ժողովրդին համոզել» սկզբունքով: Այդ հարցը պետք է քննարկվեր առաջին պատերազմում հրադադարի հաստատման հաջորդ օրվանից սկսած: Առաջին նախագահ 

Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հարցադրում-զգուշացումը, ցավոք, մնաց որպես հրապարակախոսության ժանրի հոդված-մտորում, քաղաքական հայեցակարգ չդարձավ նույնիսկ իր մերձավոր շրջապատի եւ ՀՀՇ կուսակցության համար: Հակառակ դեպքում  Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը ԼՂ կարգավորման փուլային տարբերակին չէին ընդդիմանա: 

Խաղաղության եւ պատերազմի միջեւ ընտրություն  կատարել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ազգային-հայրենասիրական թեւը: Ոչ ոք ժողովրդի կամքը չի հարցրել: Առաջին նախագահը փուլային կարգավորման տարբերակը չի քարոզել, ժողովրդին չի ներկայացրել: Այդպիսով էլ ձեւավորվել է մտայնություն, իբր ժողովուրդը դեմ է Ադրբեջանին «մի թիզ անգամ հող վերադարձնելուն»: Եւ դեռ հարց է, արդյոք այդ գաղափարը չի՞ ներդրվել, որպեսզի Տեր-Պետրոսյանի «հրաժարականի» եւ իշխանափոխության պատասխանատվությունը բարդվի ժողովրդի վրա: 

Այս հարցի պատասխանը պիտի փնտրի Հայաստանի քաղաքական դասը, փորձագիտական հանրությունը, որովհետեւ դա երկրի ճակատագիրը որոշող խնդրի լուծում է: Հանրությունը պետք է իմանա իր գլխին եկած աղետների ոչ թե մակերեսային, այլ բուն պատճառները: Եւ այստեղ հիմնական գաղտնիքն այն է, թե խաղաղության հասնելու համար կնքված հրադադարն ինչու՞ քսանհինգ տարում, ընդհակառակը, դարձավ նոր պատերազմի նախապատրաստության հիմք: Եւ ինչու՞ երբ արդեն ակնհայտ էր, որ Ադրբեջանը սպառազինվում է, որպեսզի վրեժխնդիր լինի, Հայաստանում իշխանությունները ժողովրդին ոչ թե դա էին ասում, այլ նրան խաբում էին մոտալուտ «հաղթական խաղաղության» հույսով:

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *