Պետությունը պարտավոր է պաշտպանել իրեն նման ներգործություններից, և երբ փորձում են «զենքով խոսել», պետությունը չի կարող միայն «ժպիտով պատասխանել»։ Սակայն միայն պետական մեխանիզմները բավարար չեն, եթե հասարակությունը ինքնուրույն չի տարբերում՝ որտեղ է ճշմարտությունը և որտեղ կեղծիքը։
Ռուբեն Բաբայան
1inTV-ն զրուցել է ռեժիսոր, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանի հետ։ Զրույցը կենտրոնանում է Հայաստանի ժողովրդավարության դեմ ուղղված հիբրիդային պատերազմի և ապատեղեկատվության վրա։ Ռուբեն Բաբայանը, ընդգծում է, որ բռնապետական համակարգերը գոյատևում են միայն ժողովրդավարությունը մերժելով, և հորդորում է պետությանը դիմել քաղաքական և կտրուկ միջոցների, այլ ոչ թե միայն ժպիտով պատասխանել ուժի լեզվին։ Բաբայանը կարծում է, որ հիմնական դիմադրողականությունը պետք է գալիս հասարակությունից, որը պետք է զարգացնի տրամաբանական մտածողությունը և կրթությունը՝ քարոզչությունը լրագրությունից տարբերելու համար։
Պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը, անդրադառնալով շրջանառվող ապատեղեկատվական «համակենտրոնացման ճամբարների» մասին հրապարակումներին, նշեց, որ սկզբում նույնիսկ զարմացել էր, թե ինչու այդ «զեկույցում» գազի խցիկների մասին հիշատակում չկա, բայց հետո պարզեց, որ «գազը գնում ենք Ռուսաստանից, դրա համար այդ հորինվածքի հեղինակներն այդքան էլ չեն խորացել»։ Ռեժիսոր Բաբայանը ասաց, որ եթե Հայաստան գազը ներկրվեր Ֆրանսիայից կամ Ֆինլանդիայից, «հաստատ գազի խցիկների մասին էլ կգրեին»։
Ռուբեն Բաբայանը ընդգծեց, որ ավտորիտար համակարգերը կարող են հաստատվել միայն ժողովրդավարությունը մերժելով։ Նրա կարծիքով, եթե չմերժես ժողովրդավարությունը, անհնար է մարդկանց համոզել նախընտրել անազատությունը։ Պրոֆեսորը ասաց, որ ժողովրդավարությունը բնական համեմատության մեջ միշտ շահում է այն աշխարհի համեմատ, որը մերժում է ազատությունները։ Այդ պատճառով ավտոկրատական գաղափարաբանություններն աշխատում են ապացուցել, թե ժողովրդավարությունը «կոսմետիկ» երևույթ է և իրականում աշխարհն առաջնորդվում է բռնատիրական սկզբունքներով։ Նրա խոսքով՝ փորձ է արվում համոզել, թե «կան ազնիվ բռնապետներ և կան ոչ ազնիվ բռնապետներ, որոնք ձևական ընտրություններ են կազմակերպում»։
Պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը կարծում է, որ պետությունը պարտավոր է պաշտպանել իրեն նման ներգործություններից, և երբ փորձում են «զենքով խոսել», պետությունը չի կարող միայն «ժպիտով պատասխանել»։ Սակայն նա հավելեց, որ միայն պետական մեխանիզմները բավարար չեն, եթե հասարակությունը ինքնուրույն չի տարբերում՝ որտեղ է ճշմարտությունը և որտեղ կեղծիքը։ Նրա դիտարկմամբ, դա հնարավոր է միայն կրթության, մտածողության և փաստերի համեմատման միջոցով։ Քարոզիչն ու լրագրողը տարբեր են. «քարոզիչն ասում է՝ ամեն ինչ կարելի է, լրագրողը՝ ամեն ինչ չէ, որ կարելի է»։ Նրա համոզմամբ՝ նպատակը չի արդարացնում միջոցները, եթենպատակը «հոգու փրկությունը» չէ, հետևաբար մարդ չի կարող վնասել սեփական հոգուն՝ նպատակին հասնելու անվան տակ։
Պրոֆեսոր Բաբայանը անդրադարձավ նաև Վենեդիկտովի այցին։ Նա նշեց, որ հասարակության և թատրոնի օրենքները հաճախ համընկնում են՝ նախ պետք է վաստակել վստահություն։ Ռուբեն Բաբայանի խոսքով, Վենեդիկտովը նախ կառուցեց վստահություն՝ ներկայացնելով թվում է թե օբյեկտիվ գնահատականներ անցյալի վերաբերյալ, ապա դրանք համադրեց էմոցիոնալ շեշտադրումներով՝ խոսելով Հայաստանի գեղեցկության մասին։ Այդուհետ, Բաբայանի նկատմամբ, լրագրողն առաջ բերեց «քարոզչական» հիմնական թեզը՝ թե Ռուսաստանը կվերադառնա Ղարաբաղ։ Նրա մեկնաբանությամբ, անցյալը ներկայացվում է որպես օբյեկտիվ, իսկ ապագայի մասին հնչում է արդեն «քարոզչական թեզ»։ Հատուկ ծառայությունները միշտ ներմուծել են իրենց գործակալներին ամենահեղափոխական միջավայրեր և սա նոր երևույթ չէ։ Նա հիշեցրեց նաև պատմական օրինակներ՝ Մալինովսկու և այլոց մասին։
Պրոֆեսոր Բաբայանը կարծիք հայտնեց, որ հասարակությունը հաճախ սխալ է մեկնաբանում որոշ պատմական հասկացություններ՝ օրինակ «37 թիվը», մինչդեռ իրականում մեծ տեռորը սկսվել էր շատ ավելի շուտ՝ դեռ 1918-ից։ Նա ասաց, որ մենք հաճախ օգտագործում ենք բառեր, որոնց իրական իմաստը չենք հասկանում։ Ինքնուրույն մտածող հասարակությունն ավելի կարևոր է, քան քաղաքական ուժերը, որովհետև կարող է ուղղություն թելադրել թե իշխանությանը, թե ընդդիմությանը։ Նրա դիտարկմամբ, էմոցիաներով առաջնորդվող հանրությունը միշտ խաբվելու է, քանի որ «ինքն է ուզում խաբված լինել» գեղեցիկ խոստումներով։Ամենակարևոր գործիքը մտածողությունն է։ Նա ասաց, որ երբ մարդուն փորձում են չթողնել մտածել, նրան վախեցնում են՝ «վախը անջատում է ուղեղը»։ Պրոֆեսորը հորդորեց, որ չպետք է վախենալ շանտաժից կամ աղետների մասին պատկերացումներից, այլ պետք է սթափ գնահատել, թե ում է դա ձեռնտու։
Ռուբեն Բաբայանը հիշեցրեց նաև Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը՝ ասելով, որ հաճախակի մարդկանց խաբում են ապագա բախտի խոստումներով, իսկ իրական փոփոխությունը պետք է արվի այսօր։ Նրա ընդգծմամբ, «ապագան հիմա է», և երկիրը պետք է կառուցել այսօր ապրող մարդկանց պահանջների հիման վրա։ Եթե պետությունը չի ապահովում արժանապատիվ կյանք, ապագա սերունդները պարզապես կհեռանան։ Այդ պատճառով, ըստ Ռուբեն Բաբայանի, ամենակարևորը ներկայի ճիշտ քայլերն են, ոչ թե ապագայի մասին դատարկ խոստումները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
