ինչու՞ երբ արդեն ակնհայտ էր, որ Ադրբեջանը սպառազինվում է, որպեսզի վրեժխնդիր լինի, Հայաստանում իշխանությունները ժողովրդին ոչ թե դա էին ասում, այլ նրան խաբում էին մոտալուտ «հաղթական խաղաղության» հույսով:
Վահրամ Աթանեսյան
Առաջին պատերազմի հրադադարից հետո Հայաստանի քանի՞ ընտանիք է ղարաբաղա-ադրբեջանական շփման առաջնագծում ծառայող զինվոր ունեցել, այդ քսանհինգ տարիներին քանի՞ ծնող է այցելել իր որդու զորամաս, երկու շաբաթը մեկ նրան սննդի, հիգիենիկ պարագաների ծանրոց ուղարկել, քանի՞սն է որոշակի գումարի դիմաց իր զավակի ծառայության տեղը փոխել կամ մեկշաբաթյա արձակուրդ ապահովել: Եւ բոլորն էլ տեղյակ են եղել, թե ինչ պայմաններում են նրանք ծառայություն անցնում:
Չխոսած իրենց՝ զինվորների տեսածից, իմացածից: Հիմա ասում են, թե Հայաստանի ժողովուրդը համոզված էր, որ տարածաշրջանի ամենահզոր բանակն ունի, գերհզոր դաշնակից եւ ԼՂ շուրջ հինգ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու ծրագիրը չէր ընդունի:
Հայաստանի ժողովրդի զգալի մասը քառասունչորսօրյա աղետից հետո էլ մնում է այն համոզման, որ բանակն ուժեղ էր, անպարտելի, քաղաքական ղեկավարությունն է «Արցախը ծախել»: Այնպես որ, երկրի համար ճակատագրական որոշումներ ընդունելիս պետք է առաջնորդվել ոչ թե «բա ի՞նչ կասի ժողովուրդը», այլ՝ «ինչպե՞ս կարող ենք ժողովրդին համոզել» սկզբունքով: Այդ հարցը պետք է քննարկվեր առաջին պատերազմում հրադադարի հաստատման հաջորդ օրվանից սկսած: Առաջին նախագահ
Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հարցադրում-զգուշացումը, ցավոք, մնաց որպես հրապարակախոսության ժանրի հոդված-մտորում, քաղաքական հայեցակարգ չդարձավ նույնիսկ իր մերձավոր շրջապատի եւ ՀՀՇ կուսակցության համար: Հակառակ դեպքում Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը ԼՂ կարգավորման փուլային տարբերակին չէին ընդդիմանա:
Խաղաղության եւ պատերազմի միջեւ ընտրություն կատարել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ազգային-հայրենասիրական թեւը: Ոչ ոք ժողովրդի կամքը չի հարցրել: Առաջին նախագահը փուլային կարգավորման տարբերակը չի քարոզել, ժողովրդին չի ներկայացրել: Այդպիսով էլ ձեւավորվել է մտայնություն, իբր ժողովուրդը դեմ է Ադրբեջանին «մի թիզ անգամ հող վերադարձնելուն»: Եւ դեռ հարց է, արդյոք այդ գաղափարը չի՞ ներդրվել, որպեսզի Տեր-Պետրոսյանի «հրաժարականի» եւ իշխանափոխության պատասխանատվությունը բարդվի ժողովրդի վրա:
Այս հարցի պատասխանը պիտի փնտրի Հայաստանի քաղաքական դասը, փորձագիտական հանրությունը, որովհետեւ դա երկրի ճակատագիրը որոշող խնդրի լուծում է: Հանրությունը պետք է իմանա իր գլխին եկած աղետների ոչ թե մակերեսային, այլ բուն պատճառները: Եւ այստեղ հիմնական գաղտնիքն այն է, թե խաղաղության հասնելու համար կնքված հրադադարն ինչու՞ քսանհինգ տարում, ընդհակառակը, դարձավ նոր պատերազմի նախապատրաստության հիմք: Եւ ինչու՞ երբ արդեն ակնհայտ էր, որ Ադրբեջանը սպառազինվում է, որպեսզի վրեժխնդիր լինի, Հայաստանում իշխանությունները ժողովրդին ոչ թե դա էին ասում, այլ նրան խաբում էին մոտալուտ «հաղթական խաղաղության» հույսով:
Վահրամ Աթանեսյան
