Հայաստան

ՌԴ-ն Մեր Հաշվին Թուրքերի Հետ «Սեր Է Խաղում»

Չի կարելի ստեղծել մոդել, ըստ որի՝ իշխանությանը քննադատելուց հետո մարդը ստանում է անձեռնմխելիություն։ Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա ցանկացած մեկը կարող է բռնել ապօրինի քայլերի և դա հիմնավորել քննադատությամբ կամ «եկեղեցու պաշտպանությամբ»։ 

Հովսեփ Խուրշուդյան

FactorTV-ն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական դեպքերը, ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ ընդդիմության մեղադրանքները, ինչպես նաև երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ Խուրշուդյանը կտրուկ հերքում է «քաղբանտարկյալների» մասին պնդումները՝ նշելով, որ ձերբակալությունները հիմնված են ապօրինի գործողությունների և ռազմական հեղաշրջման կոչերի վրա, որոնք հաճախ ծառայում են Ռուսաստանի շահերին։

Հովսեփ Խորշուդյանը ասաց, որ այն ժամանակ, երբ Հայաստանում իսկապես ոտնահարվում էին մարդկանց իրավունքները, երբ փողոցներում սպանվում էին մարդիկ, հետաքրքիր է, որ այդ նույն ուժերը, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը, ոչ միայն լռում էին, այլ նաև մեղսակցում էին այդ գործընթացներին։ Նա ընդգծեց, որ արդեն կան Մարտի 1-ի վերաբերյալ դատավճիռներ, որոնք հստակ մատնանշում են այդ պատասխանատվությունը։ Հեղափոխությունից հետո գործընթացները հիմնականում տեղավորվում են ժողովրդավարական հունում։ Նրա դիտարկմամբ՝ ժողովրդավարությունը չի նշանակում անարխիա. յուրաքանչյուրի իրավունք սահմանափակվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի իրավունքը։ Նահամոզված է, որ ներկայիս իրավապահ համակարգըփորձում է գործել հենց այդ սահմաններում։

Խոսելով «քաղբանտարկյալների» մասին՝ Հովսեփ Խորշուդյանն ընդգծեց, որ այժմ տարբեր մարդիկ փորձում են այդ տերմինը կիրառել ամեն ինչի մասին խոսելիս։ Նա հարց բարձրացրեց՝ իսկ ովքեր են այդպես կոչված քաղբանտարկյալները։Խուրշուդյանը դիտարկեց Սամվել Կարապետյանի, ինչպես նաև Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների դեպքերը։ Նա ասաց, որ եթե մարդը պարզապես ասեր «մեր ձևով ենք անելու»՝ առանց իշխանության զավթման ակնարկների, դա այլ բան կլիներ, բայց երբ հնչում են հստակ արտահայտություններ այն մասին, որ «եթե քաղաքական ճանապարհով չլուծվի, մենք մեր ձևով կլուծենք», դա արդեն հակասահմանադրական է։Խուրշուդյանը համոզված է, որ սահմանադրությունը հստակ արգելում է քաղաքական հարցերը լուծել ոչ քաղաքական ճանապարհով։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր մեծ կարողություններ ունեն, քաղաքական ոչ ժողովրդավարական անցյալ, կամ բացահայտորեն սպասարկել են Ռուսաստանի շահերը։ Նա հիշեցրեց Մոսկվայի հայտնի համաժողովը, որտեղ հնչել էին հայտարարություններ Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի դեմ։ Խորշոդյանը նշեց, որ նման հայտարարությունները պետք է դիտարկել համատեքստում, երբ դրանք ուղեկցվում են նաև իշխանության զավթման մասին ակնարկներով։Խուրշուդյանը ասաց, որ եթե այսօր 40, 50 կամ 70 հոգու անվանում են քաղբանտարկյալ, ապա ինչո՞ւ ոչ 140։ Նրա խոսքով՝ այդ մարդկանց մեծ մասը քննադատել է վարչապետին Արցախի կամ սահմանազատման թեմաների շուրջ, բայց քննադատությունը անձեռնմխելիություն չի տալիս։

Նա ընդգծեց, որ չի կարելի ստեղծել մոդել, ըստ որի՝ իշխանությանը քննադատելուց հետո մարդը ստանում է անձեռնմխելիություն։ Խորշուդյանը նշեց, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա ցանկացած մեկը կարող է բռնել ապօրինի քայլերի և դա հիմնավորել քննադատությամբ կամ «եկեղեցու պաշտպանությամբ»։ Խուրշուդյանը ասաց, որ եկեղեցու իրական պաշտպանությունը նրանցից է, ովքեր ցանկանում են այն ազատել կոռումպացված շրջանակներից, այլ ոչ թե նրանցից, ովքեր քաղաքականացել են այդ թեման։

Խոսելով ռազմական հեղաշրջման կոչերի մասին՝ նա նշեց, որ հանրային կոչը ռազմական հեղաշրջման մասին ապօրինի է, և չի կարելի սպասել, մինչև մարդը իրականում իրականացնի այդ ծրագիրը։ Նա համեմատեց Նաիրի Հունանյանի օրինակը՝ ընդգծելով, որ պետությունը պարտավոր է կանխարգելել վտանգը։ Խուրշուդյանը նկատեց, որ ընդդիմադիր որոշ խմբեր երբևէ չեն պահանջել նոր ընտրություններ, այլ ուղղակի ասել են՝ «տվեք իշխանությունը մեզ, որովհետև փողոցում հարյուրավոր մարդիկ են հավաքվել»։ Խոսելով ռուսական բիզնեսի ազդեցության մասին՝ նա նշեց, որ Հայաստանում եղել են դեպքեր, երբ ռուսական ընկերությունները ստացել են մենաշնորհային և արտոնյալ պայմաններ, այդ թվում՝ ՀԷՑ-ի և երկաթուղու հետ կապված գործարքներում։ Երբ այդ խախտումները բացահայտվում են, ռուսական կողմը հաճախ մատ է թափ տալիս, և դա է պատճառը, որ Հայաստանում երբեմն չեն համարձակվում իրավական քայլեր ձեռնարկել։ Նա նշեց, որ շատերը փորձում են ասել՝ «բիզնեսին չպետք է կպնել», բայց եթե այդ բիզնեսը գործում է հանրային շահերի հաշվին, պետությունը պարտավոր է արձագանքել։

Խոսելով ՀԿ-ների մասին՝ Խուրշուդյանը նշեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը չի ներգրավվում այն հայտարարությունների տակ, որոնք քաղաքականացված կամ ռուսամետ ուղղվածություն ունեն։ Նա ասաց, որ կան կազմակերպություններ, որոնց անցյալը կամ կուսակցական կապվածությունները հստակ ցույց են տալիս՝ ում շահերն են նրանք սպասարկում։ Խուրշուդյանը ընդգծեց, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում ոչ միայն Մոլդովայում, Վրաստանում, այլ նաև Հայաստանում, և դրա հիմնական մեխանիզմը ժողովրդավարական գործիքակազմի մանիպուլյացիան է՝ խոսքի ազատություն, ՀԿ-ներ, սոցիալական ցանցեր։ Մարիա Զախարովան չի կարող ժողովրդավարության չափանիշ սահմանել Հայաստանի համար, երբ Ռուսաստանում նման բան գոյություն չունի։

Խուրշուդյանը պատմեց նաև մոլդովացի և հայ երիտասարդներին Մոսկվա ուղարկելու մեխանիզմների մասին, որոնք ավելի շատ հիշեցնում են ընտրակաշառք, քան կրթական ծրագիր։ Խոսելով հիբրիդային պատերազմի մեթոդների մասին՝ նա նշեց, որ Հայաստանում կան ֆեյքերի և տրոլների ֆաբրիկաներ, որոնք ծառայում են ռուսական ազդեցությանը, իսկ որոշ լրատվամիջոցներ դա կանխելու հետաքրքրություն չունեն։ Նա ասաց, որ իրենց կազմակերպությունը մշտապես մոդերացնում է ատելության խոսքը և չի համագործակցում այն լրատվամիջոցների հետ, որոնք դա չեն անում։

Ուկրաինայի թեմայով խոսելիս՝ Խուրշուդյանը ընդգծեց, որ Հայաստանի տարածքային կորուստները չեն սրված եվրոպական ճանապարհով գնալու պատճառով, այլ հակառակը՝ Ռուսաստանին չափից շատ կցված լինելու հետևանքով։ Դեռ Սերժ Սարգսյանի օրոք էր պարզ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմին։ Ռուսաստանը լավ գիտեր Հայաստանի կախվածությունը և օգտագործեց դա՝ սեփական շահերը սպասարկելու համար։ Խուրշուդյանը ասաց, որ Արցախը սկսել էր կորցնել ինքնորոշվելու հնարավորությունը հենց այն պահին, երբ Հայաստանը տարվեց դեպի ԵԱՏՄ, խախտվեց ուժերի բալանսը, իսկ բանակը մնաց հին զինտեխնիկայի վրա։

Նա եզրափակեց, որ Հայաստանի համար աղետները չեն եկել Եվրոպայից, այլ հենց Ռուսաստանից կախվածության պատճառով, և այդ կախվածությունն էր, որ դարձավ թե՛ Արցախյան պատերազմի, թե՛ հետագա կորուստների հիմնական պատճառը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *