Հայաստան

Օղակը Սեղմվում Է Գարեգին 2-րդի Շուրջ

Պետություն-եկեղեցի առճակատումը խորանում է, և գործընթացը հստակ է՝ այն չի բխում գործող կաթողիկոսի շահերից։  Որքան էլ դժվար լինի կանխատեսել, ակնհայտ է, որ կատարվում է կաթողիկոսի հեռացման ուղղությամբ գործողությունների շարք։

Արսեն Խառատյան

FactorTV-ն զրուցել է Ալիք Մեդիայի հիմնադիր, արևելագետ կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայ Առաքելական Եկեղեցու ներսում ստեղծված ճգնաժամը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ աճող ճնշումները։ Տասներեք բարձրաստիճան հոգևորականների կողմից ներկայացված հայտարարությունը պահանջում է կաթողիկոսի հեռացումը՝ նրան մեղադրելով Արշակ արքեպիսկոպոսի սկանդալային գործողությունները կոծկելու մեջ։

Արսեն Խառատյանը նշեց, որ բարձրաստիճան հոգևորականների շրջանում ակնհայտորեն գոյություն ունի լուրջ անհամաձայնություն գործող կաթողիկոսի որոշումների և վարքագծի հանդեպ։ Նա ասաց, որ եթե նախկինում առանձին քահանաներ էին հանդես գալիս քննադատությամբ, այժմ արդեն խոսում են թեմերի առաջնորդներ ու բարձրաստիճան հոգևորականներ, ինչը ցույց է տալիս, որ «նժարը թեքվում է» այլ ուղղությամբ և եկեղեցու ներսում որոշակի գործընթացներ են ընթացքի մեջ։ Խառատյանի դիտարկմամբ՝ նա առավել մտահոգ է հնարավոր վատ զարգացումներով։ Նա ասաց, որ ամենակարևոր հարցերից մեկը այն է, թե ինչ է անելու Գարեգին Երկրորդը․հրաժարականի կգնա, թե այլ քայլեր կձեռնարկի։ Արսեն Խառատյանը կարծիք հայտնեց, որ տեսանելի է ճնշումների աճ, և հարց է, թե արդյոք այս ամենը չի հանգեցնի նոր պատրիարքարանի ձևավորման՝ օրինակ ռուսական թեմի մակարդակով, ինչպես գոյություն ունեն Պոլսո, Երուսաղեմի և Անթիլիասի պատրիարքարանները։ Նրա կարծիքով՝ դրա նախադրյալները կան, և նշում է մի շարք մտահոգիչ զարգացումներ՝ Պուտինի կողմից կաթողիկոսի եղբորը մեդալ շնորհելը, Ռոստովում նախկին ճեմարանի շենքի վերադարձը եկեղեցուն և այլն։

Նա ասաց, որ այս գործընթացը առավել վտանգավոր է հենց այն պատճառով, որ այն գալիս է ոչ թե իշխանամետ շրջանակներից, այլ բարձրաստիճան հոգևորականներից։ Արսեն Խառատյանը արձանագրեց, որ նույնիսկ թեմերի առաջնորդներ են պահանջում կաթողիկոսի հեռացում՝ նրան մեղադրելով Արշակ սրբազանի գործով տեսանյութը կոծկելու մեջ։ Խառատյանի խոսքով՝ եթե քննչական կոմիտեն հաստատում է տեսանյութի իսկությունը, պետք է հասկանալ՝ ինչպես է այն հայտնվել և արդյոք անվտանգության մարմինները ներգրավված են եղել գործընթացում։Խառատյանը շեշտեց, որ այս ամենը կրոնական կամ իրավական գործընթաց չէ, այլ բացառապես քաղաքական, որտեղ իրավական բաղադրիչը երկրորդական է։ Նա սա բնութագրեց որպես «խորտակվող նավից փախչողների» վարքագիծ, երբ նույն հոգևորականները, որոնք տարիներ շարունակ աջակցել էին գործող կաթողիկոսին, այժմ փոխում են դիրքորոշումը՝ հասկանալով, որ «քաղաքական քամին փոխվում է»։ Պետություն-եկեղեցի առճակատումը խորանում է, և գործընթացը հստակ է՝ այն չի բխում գործող կաթողիկոսի շահերից։ Նա ասաց, որ որքան էլ դժվար լինի կանխատեսել, ակնհայտ է, որ կատարվում է կաթողիկոսի հեռացման ուղղությամբ գործողությունների շարք։

Խառատյանը դիտարկեց, որ եթե տեղի ունենա կաթողիկոսի փոփոխություն, դժվար է ասել, թե ինչպես կփոխվի եկեղեցու քաղաքական դերը։ Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին որոշ հոգևորականներ հանդես էին գալիս ընդդիմադիր դիրքերից, իսկ Բագրատ Գալստանյանի շարժումը բացահայտ քաղաքական էր։ Արսեն Խառատյանը հավաստիացրեց, որ չի կարող կանխատեսել, թե ում կընտրեն և ինչպիսին կլինի նոր կաթողիկոսի դիրքավորումը՝ խաղաղության օրակարգի, Ադրբեջանի հետ հարաբերությունների և ներքին քաղաքականության հարցերում։ Նրա խոսքով՝ շատ բան կախված է նրանից, թե ով է ընտրվելու, ինչ լծակներ ունի իշխանությունը, և ինչ կոմպրոմատներ կարող են շրջանառվել։ Իշխանությունը, ըստ իր դիտարկման, սովորաբար գործում է կոմպրոմատներով, և հնարավոր է, որ շատ հոգևորականներ այս պահին խոսում են հենց այդ ճնշումների տակ։ Խառատյանը զգուշացրեց, որ եկեղեցու «ՔՊ-ացումը» կարող է իրական դարձնել այնպիսի ռիսկեր, որոնք չեն բխում եկեղեցու կամ պետության շահերից։ Նա հիշեցրեց, որ նախկինում եղել են դեպքեր, երբ հոգևորականները բացահայտ կուսակցական էին՝ օրինակ Նավասարդ Կճոյանը, որը ՀՀԿ անդամ էր։

Խառատյանը ասաց, որ եկեղեցու բարենորոգման մասին խոսակցություններն ուժեղանալու են, սակայն դժվար է կանխատեսել, թե ինչ խորություն կունենան դրանք։ Նա կարծում է, որ դեռ վաղ է ենթադրել որևէ վերջնական սցենար, քանի որ հակամարտությունը շարունակում է իր ակտիվ փուլը։ Եկեղեցու բարոյական իմիջի հարցը դարձել է առաջնային, և եթե պետք է տեղի ունենան փոփոխություններ, դրանք պետք է հիմնվեն բովանդակային քննարկումների վրա, ոչ թե անհատական վրիժառությունների կամ իշխանական հաշվարկների։ Նա կասկած է հայտնում, որ հնարավոր կլինի գտնել այնպիսի կաթողիկոս, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար և որը չի դառնա նոր մեղադրանքների թիրախ։ Այս ամենի արդյունքում ճիշտ կլինի մտածել ոչ միայն անհատների, այլ ամբողջ համակարգի, եկեղեցական վերնախավի, ներքին կոնյունկտուրայի և արտաքին ազդեցությունների մասին։ Նա նկատեց, որ եկեղեցին 1700-ամյա կառույց է, փակ համակարգ, և այնտեղ ցանկացած փոփոխություն ուղեկցվում է լուրջ ներքին դիմադրությամբ։

Խառատյանը նշեց, որ այս ճգնաժամը անպայման անդրադառնալու է ընտրություններին, քանի որ իշխանությունը փորձում է դաշտը «մաքրել» ընդդիմադիր հարթակներից և իր քայլերը ներկայացնել Արևմուտքին որպես հակառուսական պայքար։ Նա հավելեց, որ Փաշինյանի քայլերը Վրաստանում ընդունվում են որպես օրինակ, թե ինչպես կարելի է սանձել եկեղեցու քաղաքական ազդեցությունը։ Խառատյանը կրկին հիշեցրեց իր մտահոգությունը, որ այս ընթացքն ավարտվի Ռուսաստանի կողմից խրախուսվող նոր՝ ռուսական պատրիարքարանի ստեղծմամբ, որը կունենա ամենամեծ հավատացյալների բազան Հայաստանից հետո։ Նա ասաց, որ եթե դա տեղի ունենա, դա կլինի Հայաստանի և ամբողջ Հայ Առաքելական Եկեղեցու համար վատագույն սցենարներից մեկը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *