Պետությունը պարտավոր է բոլորի համար հավասար պայմաններ ստեղծել: Եւ այս առումով քաղաքականության ոլորտը չի կարելի համարել «ընտրյալների ասպարեզ»:
Վահրամ Աթանեսյան
Լրատվամիջոցներից մեկը բացահայտ քամահրանքով գրել է, որ ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած Վալոդյա Հակոբյանը «նախկին առաքիչ է»:
Նախ, որքանով հայտնի է, Վալոդյա Հակոբյանը ներկայումս լրագրողական աշխատանքի է, երկրորդ՝ չկա երաշխիք, որ նա պատգամավորի թեկնածու կգրանցվի կամ մանդատ կստանա: Երրորդ, Հայաստանի օրենսդրությունը նախկին կամ անգամ գործող առաքիչին չի արգելում քաղաքականությամբ զբաղվել, ունենալ համոզմունքներ, քարոզել եւ ձգտել Ազգային ժողովում ներկայացվածության:
Այդ տեղեկատվության տպավորության տակ էի, երբ իսրայելական vesty.go.il կայքում հանդիպեցի «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի հարցազրույցին, որտեղ նա իր կյանքից հետաքրքիր մանրամասնություններ է պատմում: Իսրայելում շատ հայտնի քաղաքական գործիչը ծնվել է Քիշնեւում, իսկ պատմական հայրենիք է տեղափոխվել 1971թվականին: Լիբերմանը ծառայել է բանակում, համալսարանական կրթություն ստացել:
Հարցին, թե Իսրայելում իր համար ամենագնահատելին ո՞րն է,- նա պատասխանում է, որ չնայած կառավարության հանդեպ բացասական վերաբերմունքին, ինքը համարում է, որ Իսրայելը «հնարավորությունների իրացման երկիր է» եւ վկայակոչում իր օրինակը: Պարզվում է, համալսարանական կրթությամբ Լիբերմանը երիտասարդության տարիներին Բեն-Գուրիոն օդանավակայանում …բեռնակիր է աշխատել:
Բայց դա չի խանգարել, որ նա ստեղծի «Մեր տուն Իսրայել» կուսակցությունը, որի ընտրազանգվածի մեծ մասը նախկին ԽՍՀՄ-ից Իսրայել ներգաղթածները եւ նրա ժառանգներն են, 1999թ.-ին մասնակցի խորհրդարանական ընտրություններին, Քնեսեթում խմբակցություն կազմավորի, կոալիցիոն կառավարության մաս կազմի եւ տարիներ շարունակ զբաղեցնի հրեական պետության փոխվարչապետի, արտաքին գործերի, պաշտպանության, ֆինանսների նախարարի պաշտոնը:
Լիբերմանը ներկայումս Իսրայելի վարչապետ Նաթանյահուի գլխավոր մրցակիցներից մեկն է, ծրագրում է նախկին վարչապետ Բենետի հետ նախընտրական դաշինք ձեւավորել, մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ կազմավորել «իրական սիոնիստական կառավարություն»: Եւ ոչ ոք այդ մրցապայքարում նրան չի ծաղրում, որ նախկինում բեռնակիր է եղել, ինքն էլ ոչ միայն չի թաքցնում, այլեւ հպարտ է, որ կյանքի ինքնուրույն ճանապարհ է անցել:
Մենք սիրում ենք ցանկացած հարցում վկայակոչել Իսրայելի օրինակը: Լիբերմանի եւ Վալոդյա Հակոբյանի հանդեպ վերաբերմունքի ցայտուն տարբերությունը վկայում է, որ Հայաստանը, մեղմ ասած, հրեական պետության հետ համեմատելի չէ, քանի որ մեզանում մարդը գնահատվում է ոչ թե արժանիքներով, կարողություններով կամ անկարողություններով, այլ՝ ծագումով, սոցիալական հիերարխիայում զբաղեցրած սանդղակով:
Հայաստանի ապագան հնարավորությունների իրացման երկիր դառնալու մեջ է: Պետությունը պարտավոր է բոլորի համար հավասար պայմաններ ստեղծել: Եւ այս առումով քաղաքականության ոլորտը չի կարելի համարել «ընտրյալների ասպարեզ»: Հայաստանի անկախության քաղաքական սերունդը «նավից պարահանդես եկած» էր: Բայց եթե այդ սերնդափոխությունը տեղի է ունեցել պայքարի, սուր մրցակցության պայմաններում, ինչը նաեւ որոշակի կորուստներ է պատճառել, ապա այսօր քաղաքակիրթ ընդդիմախոսության ժամանակն է: Այլապես ոչ մի առաջընթաց չի լինելու:
