Մինչ այս խնդիրները մնում են չլուծված, եկեղեցին շարունակելու է կորցնել հանրային վստահությունը և հեռանալ իր իսկ առաքելությունից։ Իսկ վստահությունը կարող է վերականգնվել միայն այն դեպքում, երբ կառույցը հրաժարվի պառակտող վարքագծից ու վերադառնա իր իրական, ազգային ու հոգևոր հիմքերին։
Մկրտիչ Իսրայելյան
Հայոց Եկեղեցին՝ որպես ազգային ինքնության առանցքային հենք, այսօր կանգնած է կառավարչական ու արժեքային խոր ճգնաժամի առաջ։ Վերջին ամիսներին եկեղեցու շուրջ ձևավորված լարվածությունը վերածվել է ինստիտուցիոնալ վստահության համակարգային ճգնաժամի։ Իսկ այդ ճգնաժամի արմատները գալիս են տարիներով կուտակված փակ կառավարման, հաշվետվողականության բացակայության և բարձրաստիճան հոգևորականության քաղաքականացված վարքագծից։
Եկեղեցու ղեկավար կազմը ձևավորել է ինքնաբավ վարչական միջավայր, որը հաճախ ավելի շատ զբաղված է իշխանությունը ներսում պահպանելով, քան հանրային առաքելության իրագործմամբ։ Այս կառավարման մոդելը ստեղծում է մի շարք խորը խնդիրներ։ Երբ եկեղեցական որոշումները, ֆինանսական ու կառավարչական գործընթացները չեն ենթարկվում հաշվետվության, հասարակությունը բնականաբար կորցնում է վստահությունը։
Վերջին տարիներին եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների որոշումների ու քայլերի զգալի մասն ակնհայտորեն ծառայել է ոչ թե հոգևոր կանոններին, այլ քաղաքական կամ օլիգարխիկ շահերին։ Սա ոչ միայն խարխլում է եկեղեցու անկախությունը, այլև վտանգում է նրա հեղինակությունը որպես ազգային ինստիտուտ։
Եկեղեցու բարձրաստիճան շրջանակների կողմից ցանկացած այլընտրանքային կարծիքի մերժումը, վարչական ճնշումները և ներքին մրցակցության ճնշումը մեկ բան են ցույց տալիս՝ կառույցը չի կարողանում ընդունել ու ղեկավարել ներսի առողջ քննադատությունը։
Վերջին շրջանում հատուկ խմբերի կողմից ակնհայտ է դարձել ևս մեկ վտանգավոր երևույթ՝ հրապարակային վիրավորում ու պիտակավորում են այն հոգևորականներին, որոնք համարձակվել են քննադատել կաթողիկոսի որոշումները կամ հանդես են եկել պետական շահերի պաշտպանության դիրքերից։ Այս վարքագիծը վտանգավոր է մի քանի պատճառով։
Հոգևորականի վրա մեդիահարձակումներն ավելի են խորացնում եկեղեցու ներսում առկա բևեռացումը։ Նման արշավները հաճախ ավելի շատ ծառայում են քաղաքական խմբերի հաշվարկներին, քան եկեղեցու միասնականությանը։
Հատկապես անընդունելի է, որ քննադատվող հոգևորականները հիմնականում այն մարդիկ են, ովքեր հրապարակային դիրքորոշմամբ աջակցել են պետական ինքնիշխանության պահպանությանը։ Նրանց դեմ ուղղված արշավը վտանգավոր նախադեպ է, որը վնասում է թե՛ պետությանը, թե՛ եկեղեցուն։
Երբ հոգևորականը պաշտպանում է պետական շահը, նա պաշտպանում է նաև իր հոտը, իր հավատացյալներին։ Ուստի պետական շահը պաշտպանող դիրքորոշումը ոչ թե քաղաքականություն է, այլ բնական պատասխանատվություն։ Այդ դիրքորոշման համար հոգևորականների դեմ սկսված հակաքարոզչությունը՝ վիրավորանքներով, սպառնալիքներով ու պիտակավորումներով, արդեն խոսում է այն մասին, որ եկեղեցին ներքաշվել է ներքաղաքական հաշվեհարդարների դաշտ, ինչը խիստ վտանգավոր է ազգային կայունության համար։
Այսօր ակնհայտ է, որ եկեղեցու ճգնաժամը միայն գաղափարական կամ ներխմբային չէ։ Այն համակարգային կառավարման ճգնաժամ է։
Վերականգնման համար անհրաժեշտ է ներդնել թափանցիկ և հաշվետու կառավարման մոդել։
Եկեղեցին պետք է բաց լինի հասարակության և հավատացյալների առաջ, հատկապես ֆինանսական և կազմակերպական հարցերում։ Ներքին քննադատությունը պետք է դիտվի ոչ թե որպես սպառնալիք, այլ՝ որպես առողջացման հնարավորություն։ Եկեղեցին կարող է ունենալ դիրքորոշումներ, բայց չպետք է դառնա քաղաքական խմբերի շահագրգիռ գործիք։ Հոգևորականը պետք է առաջին հերթին լինի հավատացյալի պաշտպան, ոչ թե քաղաքական այս կամ այն խմբերի անդամը։
Մինչ այս խնդիրները մնում են չլուծված, եկեղեցին շարունակելու է կորցնել հանրային վստահությունը և հեռանալ իր իսկ առաքելությունից։ Իսկ վստահությունը կարող է վերականգնվել միայն այն դեպքում, երբ կառույցը հրաժարվի պառակտող վարքագծից ու վերադառնա իր իրական, ազգային ու հոգևոր հիմքերին։
Մկրտիչ Իսրայելյան
Աղբյուրը՝https://zarkerak.am/show/142074
