Այն, ինչ հնչել էր որպես փոխաբերություն, փաստացի դարձավ ներքին հոգևոր իրականության նկարագրություն։ Բացահայտվեց ոչ միայն ֆիզիկական չուլանացումը, այլև՝ «ներքին տաճարների» ճահճացումը։
Տեր Արմեն Քահանա Մելքոնյան
Civic News-ը զրուցել է Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու ներքին ճգնաժամը։
Տեր Արմեն Քահանա Մելքոնյանը նշեց, որ իր համար նույնպես մեծ ուրախություն էր երեկվա իրադարձությունը, որովհետև, ինչպես նա ասաց, «սառույցը վերջապես հալվեց»։ Նա հիշեցրեց Ավետարանի խոսքը՝ «չկա ծածուկ բան, որ չհայտնվի», ընդգծելով, որ այն ամենը, ինչ տասնյակ տարիներ թվում էր ծածուկ, այսօր բացահայտվեց ոչ միայն հասարակությանը, այլև այն տասնից ավելի եպիսկոպոսներին, որոնք նաև իրենց ներսում ապրեցին այդ իրականությունը։ Մելքոնյանը ասաց, որ նրանք ամեն օր ավելի շատ համոզվեցին՝ այս իրավիճակը այլևս շարունակել հնարավոր չէ, որովհետև հայ ժողովուրդը եզակի ազգ է, որի համար եկեղեցին, հավատքը և պետականությունը անբաժան են։
Տեր Արմենն ընդգծեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալը չի կարող սահմանել իր ազգային ինքնությունն առանց հավատքի, ինչպես նաև՝ առանց պետականության։ Նա օրինակ բերեց ասորիների ճակատագիրը՝ նշելով, որ մեծ կայսրությունից գրեթե ոչինչ չի մնացել, և նույնիսկ նրանց լեզուն այսօր երիտասարդների շրջանում չի պահպանվում։ Այս համատեքստում նա ասաց, որ առանց պետականության Հայ Եկեղեցին ևս կքայքայվի, քանի որ պետականությունը մեր եկեղեցու հենասյուներից մեկն է։
Մելքոնյանը նկատեց, որ վերջին յոթ տարիներին ինքն անձամբ չի հասկացել, թե ինչու է եկեղեցու բարձրագույն իշխանությունն իր հետևորդներին պարտադրել պետականության դեմ արշավել, որպեսզի պետությունը ձախողի։ Նա կարծում է, որ նման մտածողներն արժանի չեն այս պետությանը, որտեղ հայը վայելում է ազատ խոսք և անկախություն։ Նա բարձր գնահատեց վարչապետի հայտարարությունը և նշեց, որ եպիսկոպոսների քայլը, թեև ուշացած, բայց կարևոր էր։
Տեր Արմենը քննադատեց այն մյուս հոգևորականներին, որոնք, փոխանակ աջակցելու իրենց եպիսկոպոսներին, «իրենց դեմ քարկոծումներով» էին լցրել համացանցը։ Նրա դիտարկմամբ՝ եթե նրանք մինչև հիմա լռել են, նշանակում է խնդիրը ինքնուրույն է խոսում իրենց մասին։ Մելքոնյանը շեշտեց, որ եկեղեցում արդարություն չկա, և եթե լիներ, այս վիճակին չէին հասնի։ Նա հիշեցրեց վարչապետի հայտնի խոսքը «չուլան դարձած եկեղեցու» մասին և նշեց, որ այն, ինչ հնչել էր որպես փոխաբերություն, փաստացի դարձավ ներքին հոգևոր իրականության նկարագրություն։ Նրա կարծիքով՝ բացահայտվեց ոչ միայն ֆիզիկական չուլանացումը, այլև՝ «ներքին տաճարների» ճահճացումը։
Տեր Արմեն Քահանա Մելքոնյանը պատմեց, որ մեծ հարգանքով է վերաբերվում Վահան Արքեպիսկոպոս Տերտերյանի՝ Հյուսիսային Ամերիկայի առաջնորդի խոստովանությանը, որ նա «մեղա է գալիս» ժողովրդին՝ հոգևոր դաստիարակության մեջ թերանալու համար։ Մելքոնյանը նշեց, որ մարդու ազնվությունն այն է, երբ բարձրաստիճան հոգևորականը կարողանում է խոստովանել իր մեղքերը։ Նա հիշեց նաև Շնորհք Պատրիարքի(Շնորհք Գալուստյան) խոսքերը՝ «ինչքան որ խոստովանեք ձեր մեղքերը, Աստված պիտի դրանք ջնջի, իսկ ինչքան որ ծածկեք, Աստված պիտի բացահայտի»։
Տեր Արմենը նշեց, որ վերջին օրերի ընթացքում տեսնում է որոշ հոգևորականների մոտ հոգևոր շարժում. նրանք սկսել են խոսել Ավետարանից, սիրուց, միասնականությունից։ Նա հարցրեց՝ «ուր էին այդ հոգևորականները մինչև հիմա»։
Նա նաև դիտարկեց, որ եկեղեցի–իշխանություն հակամարտությունը կարծես մոտենում է հանգուցալուծման, բայց դեռ սպասվում են սուր իրադարձություններ, քանի որ Մայր Աթոռը հայտարարել է կարգապահական վարույթների մասին։ Նա ընդգծեց, որ վերջին 26 տարում Գարեգին Երկրորդ-ի գործունեությունն ավելի շատ վնաս է տվել հայ եկեղեցուն, քան դարերի ընթացքում որևէ թշնամի։
Տեր Արմեն Քահանա Մելքոնյանը պատմեց նաև իր անձնական փորձառությունը. երբ իրեն ստիպել էին դադարեցնել Ավետարանի քարոզը՝ ուղիղ եթերում։ Նա նշեց, որ այն ժամանակ համոզվեց՝ «եկեղեցում նեռի հոգին է գործում», որովհետև միայն չարը կարող է արգելել Աստծո խոսքը։ Նա նշեց, որ այդ գործընթացում ներգրավված են եղել Գարեգին Երկրորդը, Արշակ Սրբազանը, Խաժակ Սրբազանը և այլք։
Խոսելով եպիսկոպոսների քայլի մասին՝ Մելքոնյանը ասաց, որ նրանց որոշումը գնահատելի է, և չնայած տարբեր դրդապատճառներ կարող են լինել՝ ինքն Աստծուն է թողնում դատել նրանց սրտերը։ Նա նշեց, որ հիմա շատ քահանաներ դեռ վախենում են, և նա կոչ արեց հատկապես Արարատյան թեմի և Երևանի քահանաներին լինել իրենց առաջնորդների կողքին, որովհետև նվազագույնը դա է այսօր պահանջվում։
Տեր Արմեն Քահանա Մելքոնյանը անդրադարձավ նաև վարչապետի որոշմանը՝ այս կիրակի մասնակցել Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին։ Նա ասաց, որ հույս ուներ՝ մինչև առավոտ լսել բարի ավետիս, որ Գարեգին Երկրորդը լքել է մայր աթոռը, բայց դա տեղի չունեցավ։ Տեր Արմենը կարծիք հայտնեց, որ մինչև կիրակի գուցե նրանք կփախչեն՝ «վերջին նշույլ պատիվը պահպանելու համար»։ Նա նշեց, որ եթե վարչապետն արդեն գնում է Սուրբ Սարգիս, ապա հաջորդը կլինի Մայր Աթոռը։
Տեր Արմենը համոզված է, որ Գարեգին Երկրորդը այլևս հնարավորություն չունի արժանապատվորեն մնալու։ Նրա դիտարկմամբ՝ «վերջն է», և եթե անգամ ամիսներ առաջ նա հույս ուներ գալիք ընտրությունների վրա, այսօր արդեն «ժամեր են մնացել»։ Նա նշեց, որ եթե Գարեգին Երկրորդը հիմա չի հեռանում, ապա միակ ճանապարհը կալանավորումն ու երկրից վտարումն է՝ անցանկալի անձի կարգավիճակով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
