Հայաստան

Լյուստրացիան Դեռ 2018-ին Էր Պետք

Հայ առաքելական եկեղեցին երկար տարիներ եղել է հակաժողովրդավարական իշխանության հիմնասյուներից մեկը և սերտաճված է եղել պետության կառավարման հետ։ Այդ սերտաճումն ամրագրվել է 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով և եկեղեցու մասին օրենքով, որոնցով Հայ Առաքելական Եկեղեցին ստացել է արտոնյալ կարգավիճակ։

Արթուր Սաքունց

FactorTV-ն զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչ և իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ծավալվող հակամարտությունը: Սաքունցը վերլուծում է հոգևորականների դեմ հարուցված քրեական գործերը և իշխանության կողմից ճնշում գործադրելու մասին ընդդիմադիր պնդումները, պնդելով, որ, եթե եկեղեցականները ներգրավվում են քաղաքական գործընթացներում, նրանք պատասխանատու են իրենց արարքների համար, քանի դեռ դրանք չեն առնչվում բացառապես հոգևոր գործունեությանը:

Արթուր Սաքունցն ասաց, որ այն քրեական գործերը, որոնց մասին հիշատակվում է, իրենց հիմքում ունեն հրապարակված փաստեր կամ առնվազն տվյալ պահին հայտնի հանգամանքներ, որոնք վերաբերում են բռնության կամ զինված հեղաշրջման կոչերի թեմային և որևէ կապ չունեն հոգևոր գործունեության հետ։ Նա ընդգծեց, որ անկախ նրանից՝ հոգևորական է անձը, թե սովորական քաղաքացի, նման գործողությունների համար պատասխանատվության ենթարկվելու պարտավորությունը նույնն է։ Չկա որևէ փաստ, որով կարելի է պնդել, թե հոգևորականների նկատմամբ վախի մթնոլորտ է ստեղծվել։ Նրա խոսքերով՝ եթե իրական ճնշում կամ վախ լինեին, ապա բոլոր 13 հոգևորականներն էլ միաձայն կընդունեին նույն որոշումը, մինչդեռ նրանցից չորսը չեն միացել այդ պահանջին։ Իրավապաշտպանը դիտարկեց, որ երբ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, ապա պետք է պատրաստ լինի նաև դրա հետևանքներին, ներառյալ՝ իրավական գնահատականներին։ Նրա համոզմամբ՝ հոգևոր գործունեության հետ կապ չունեցող քաղաքական, երբեմն՝ նույնիսկ քրեական դաշտ տեղափոխվող գործողությունները բնականաբար կարող են բերել իրավական պատասխանատվության։

Արթուր Սաքունցը անդրադարձավ նաև հրապարակված տեսանյութին և ասաց, որ այդպիսի նյութերը պետք է դառնան քննության առարկա։ Նա ընդգծեց, որ կարևոր է պարզել՝ ով է կատարել տեսաձայնագրումը, ով է տարածել այն, և արդյոք այդ գործողությունը եղել է օրինական։ Սաքունցը նշեց, որ նման տեսաձայնագրություններ կարող է իրականացնել միայն իրավապահ մարմինը՝ քրեական գործի շրջանակում, և եթե նման գործ չի եղել, ապա դա անօրինական գործողություն է։ Նրա խոսքով՝ հենց այդ հարցը պետք է դառնա քննության իրական առարկա, այլ ոչ թե քաղաքական խոսույթի մասը։ Եկեղեցական հանձնախմբի եզրակացությունները կամ դրանց հիմքում ընկած փաստերը իրենց ներքին խնդիրներն են, և եթե կաթողիկոսը չի ընդունում հանձնախմբի դատողությունը, ապա դա արդեն եկեղեցու ներքին կարգավորման հարթության հարց է, ոչ իրավապաշտպանի գնահատման։

Սաքունցը ընդգծեց, որ որևէ պետական մարմին, այդ թվում՝ կառավարությունը կամ գործադիր իշխանությունը, չպետք է խառնվի կրոնական կազմակերպությունների ներքին գործերին, եթե դրանք իրավական ոլորտի հետ անմիջական կապ չունեն։ Նրա համոզմամբ՝ պետությունը պետք է պահպանի աշխարհիկ բնույթը և հավասար հարաբերություն ունենա բոլոր կրոնական կազմակերպությունների հետ՝ առանց արտոնյալ կարգավիճակի։ Նա նշեց, որ հայ առաքելական եկեղեցին երկար տարիներ եղել է հակաժողովրդավարական իշխանության հիմնասյուներից մեկը և սերտաճված է եղել պետության կառավարման հետ։ Սաքունցը հիշեցրեց, որ այդ սերտաճումն ամրագրվել է 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով և եկեղեցու մասին օրենքով, որոնցով Հայ Առաքելական Եկեղեցին ստացել է արտոնյալ կարգավիճակ՝ ի տարբերություն այլ կրոնական կազմակերպությունների։ Կառավարությունը պետք է չվախենա բարձրաձայնել եկեղեցու և պետության անառողջ կապերի իրական խորությունը և քայլեր ձեռնարկի արտոնությունների վերացման ուղղությամբ, ներառյալ՝ հարկային պարտավորությունների միատեսակ կիրառումը բոլոր կրոնական կառույցների համար։

Արթուր Սաքունցը անդրադարձավ նաև կոմպրոմատների թեմային և նշեց, որ նման մեթոդներն ինքնին անընդունելի են։ Նա ասաց, որ տեսանյութի աղբյուրը, դրա ստեղծման օրինականությունն ու տարածողը պետք է պարզվեն քննությամբ, և եթե այդ ամենը արված է առանց իրավական հիմքի, ապա դա պետք է բերեն պատասխանատվության։ Չի կարելի ընդունելի համարել ԿԳԲ-ական մեթոդները՝ անկախ նրանից՝ դրանք ում կողմից են կիրառվել։ Նա հավելեց, որ կարևոր է բացառել գաղտնի տեսաձայնագրությունների միջոցով շանտաժի կամ հսկողության գործադրումը, և հենց այդ պատճառով ինքը պահանջում է, որ քննչական մարմինը բացահայտի այդ տեսանյութը պատրաստող և տարածող անձանց։ Եթե որևէ բան իսկապես հիմնավոր է՝ օրինակ՝ գործակալական գործունեության մասին հայտարարությունը, ապա պետք է լինի իրավական գործընթաց՝ ոչ թե միայն հրապարակային մեղադրանք։ Նա ընդգծեց, որ գործակալական ցանցի բացահայտումն ու լյուստրացիան պետք է վերաբերվեն ոչ միայն եկեղեցուն, այլ ամբողջ պետական համակարգին։ Նրա համոզմամբ՝ լյուստրացիայի պահանջը օրինական և ժամանակին հրատապ պահանջ է եղել դեռևս մինչև 2018 թվականը և շարունակում է մնալ այդպիսին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *