Բազմաթիվ աղբյուրներ վկայում են, որ պատերազմի դաշտում վիրավորում ստացած եւ իրենց բնակավայրեր վերադարձած «հայրենասերները» շատ հաճախ վերածվում են հանցագործների եւ կասկածում հետպատերազմական Ռուսաստանի ներքին կայունությանը:
Վահրամ Աթանեսյան
Բրիտանական հեղինակավոր BBC-ն պաշտոնական բաց աղբյուրների տեղեկությունների հիման վրա պարզել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի մարդկային անվերադարձ կորուստները 152 142-ի: Այսինքն, այդքան մարդու մահ արդեն ճշտված է: Լրատվամիջոցը պարզել է նաեւ, որ ամենաշատ կորուստներ տվել է Բակորտոստանը՝ 7643, երկրորդ տեղում Թաթարստանն է՝6599, երրորդում՝ Սվերդլովսկի մարզը՝ 5386 մարդ: Համեմատության համար ընդգծված է,որ 13 միլիոն բնակչություն ունեցող Մոսկվայից զոհվել է 4520 զինծառայող, իսկ Չեչնիայից՝ 372 –ը:
Բրիտանական լրատվամիջոցը պարզաբանել է, որ Ռուսաստանի հսկողության տակ գտնվող Դոնբասից պատերազմում զոհվածների թվաքանակը ներկայացված տեղեկություններում հաշվարկված չէ:
Ժողովրդագրության հարցերով ռուսաստանցի փորձագետ Ալեքսեյ Ռակշան ասել է, որ պատերազմում զոհվածները հիմնականում գյուղական ծագում ունեն կամ բնակվել են փոքր քաղաքներում: Նա Ռուսաստանի այդ տարածաշրջաններն անվանել է «հետամնաց» եւ պարզաբանել, որ առկա սոցիալ-տնտեսական իրավիճակում պատերազմին «մասնակցությունը շատերի համար կայուն եկամտի միակ աղբյուրն է»:
BBC-ն հավելյալ ներկայացրել է Ռուսաստանի մարդկային կորուստների մասին Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզության ունեցած տեղեկությունները: Ըստ այդմ, Ռուսաստանն ունի «մեկ միլիոն կորուստ, որից 250 հազարը՝ սպանված»: Բրիտանացի հետախույզները պարզել են, որ եւս 400 հազար մարդ «առողջական անվերականգնելի վնասներ է ստացել»: Եթե ամփոփենք, ապա կարելի է ասել, որ Ռուսաստանը մեկ միլիոն մարդկային կորուստներ է ունեցել, բայց զրկանքներ կրել են «հետամնաց» տարածաշրջանները:
Ռուսաստանցի փորձագետները փաստացի հրապարակայնացնում են, որ գործ ունենք ոչ թե «հայրենասիրական», այլ վարձկանական պատերազմի հետ, որին ՌԴ քաղաքացիները ներգրավվում են, որպեսզի եկամտի աղբյուր ունենան: Ընդ որում, այս հաշվարկներում օտարերկրյա զինվորականները, ինչպես Հյուսիսային Կորեայի դեպքում, այնպես էլ վարձկանները ներառված չեն:
Բազմաթիվ աղբյուրներ վկայում են, որ պատերազմի դաշտում վիրավորում ստացած եւ իրենց բնակավայրեր վերադարձած «հայրենասերները» շատ հաճախ վերածվում են հանցագործների եւ կասկածում հետպատերազմական Ռուսաստանի ներքին կայունությանը: Որոշ դեպքերում անդրադարձ է կատարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ-ում տիրող իրավիճակին, երբ կազմավորվել են հանցագործ խմբեր եւ խմբավորումներ, որոնց դեմ պայքարը շարունակվել է մինչեւ 1960-ականների վերջը:
Վահրամ Աթանեսյան
