Պետությունը Եկեղեցուն արտոնում է միայն քարոզել եւ տարածել իր դավանանքը, ոչ թե հանդես գալ վարչապետի կամ ցանկացած այլ պաշտոնյայի հրաժարականի պահանջով, առավել եւս հիմնել քաղաքական ընդդիմադիր շարժում եւ գլխավորել այն:
Վահրամ Աթանեսյան
Օրենքը Եկեղեցուն արտոնում է ազատորեն քարոզել եւ տարածել միայն իր դավանանքը. Գարեգին Երկրորդ-ը վարչապետի հրաժարականը պահանջելու օրինական իրավունք չունի։ Մայր աթոռի քաղաքական գործունեությամբ զբաղվելու «իրավունքի» պաշտպանները հղում են անում «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի հոդված 18-ին, բայց այն ներկայացնում են խեղաթյուրված: Իրականում հոդվածն ունի հետեւյալ ձեւակերպումը. «Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միաժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին եւ սպասավորներին վերապահում է հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք՝ այլ քաղաքացիների հետ հավասար»:
Ինչպես պարզ շարադրված է, պետությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքը վերապահում է ոչ թե կրոնական կազմակերպություններին, այլ՝ նրա անդամներին եւ սպասավորներին: Սա ոչ թե Եկեղեցուն քաղաքականությամբ զբաղվելու, այլ հոգեւորականների եւ հավատացյալների՝ մյուս քաղաքացիների հետ հավասար իրավունքներ ունենալու մասին է: Այսինքն՝, օրենսդիրը քաղաքացիական իրավունքի հարցում հավատացյալներին եւ հոգեւորականներին չի առանձնացնում որպես առանձին խավ կամ կաստա, նրանց ճանաչում է իրավահավասար քաղաքացի: Այս հարցում վեճի տեղ չի թողնում օրենքի նախորդ՝ հոդված 17-ը, որը դարձյալ շատ պարզ, մատչելի շարադրանքով սահմանում է, որ Հայաստանի պետությունը «արգելում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որեւէ պետական գործառույթ (բնագրում գործածված է «ֆունկցիա» բառը):
Քաղաքական գործունեության նպատակը երկրի պետական կառավարումն իր ձեռքը վերցնելը կամ դրան մասնակցության հասնելն է, որ եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների համար օրենքի ուժով ար-գել-ված է: Իսկ ի՞նչ գործառույթներ են Եկեղեցուն վերապահված: «Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետեւյալ առաքելությունների իրագործմանը. ազատ քարոզել եւ տարածել իր դավանանքը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով, վերաստեղծել իր պատմական ավանդույթները, կառուցվածքը, կազմակերպությունները, թեմերը եւ համայնքները, կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական հուշարձան եկեղեցիները, նպաստել հայ ժողովրդի հոգեւոր կրթությանը, գործանականորեն աջակցել հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանը, ծավալել բարեգործական եւ բարեխնամ գործունեություն»:
Այսպիսով, Հայաստանի տարածքում Հայ Առաքելական Եկեղեցուն որպես մենաշնորհ, ի տարբերություն կրոնական այլ կազմակերպությունների, տրված են վերը նշված գործառնական իրավունքները: Այդ իրավական շրջանակից դուրս Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եպիսկոպոսաց դասի, թեմակալ առաջնորդի, Մայր Աթոռի միաբանության այլ ներկայացուցիչների կողմից որեւէ քայլ եւ քարոզ իրավական առումով օրինազանցություն է, որովհետեւ պետությունը Եկեղեցուն արտոնում է միայն քարոզել եւ տարածել իր դավանանքը, ոչ թե հանդես գալ վարչապետի կամ ցանկացած այլ պաշտոնյայի հրաժարականի պահանջով, առավել եւս հիմնել քաղաքական ընդդիմադիր շարժում եւ գլխավորել այն:
Վահրամ Աթանեսյան
