Հայաստան

ՀԱԵ Վերնախավը Պետական Վտա՞նգ

Օրենքով առաջարկվող լուծումը տալիս է առնվազն ծանուցման ու վերահսկողության մեխանիզմ․ կառավարությունը որոշ դեպքերում կարող է մերժել գործարքները, եթե դրանք վտանգեն ազգային-մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Թագուհի Ղազարյան

1inTV-ն զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին օրերին եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունները։

Թագուհի Ղազարյանը ասաց, որ դեռ նախորդ զրույցներում նշել էր՝ եկեղեցու ներսում ընթացող գործընթացները իրեն հիշեցնում են 2018-ի փողոցային իրավիճակը․ երբ վերին օղակում գտնվող մարդը հրամաններ է արձակում, բայց այլևս չունի կատարողներ։ Նա ընդգծեց, որ կարգալուծությունից հետո, երբ հավատացյալները շարունակում էին հաղորդություն ստանալ Տեր Արամից, արդեն պարզ էր՝ գործընթացը այս կամ այն տեմպով հասնելու էր այսօրվա կետին։

Ղազարյանը արձագանքեց նաև Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների հայտարարություններին՝ նշելով, որ հասկանում է նրանց անձնական վիրավորվածությունը, սակայն կարծում է, որ խնդիրը խորանում է, երբ «երկու հոգևորական՝ մեկը դատապարտված, մյուսը՝ ծանր քրեական գործով անցնող», փորձում են հակադրվել շուրջ հարյուր եպիսկոպոսների։ Նա նշեց, որ հատկապես խնդրահարույց է նրանց կողմից մի ամբողջ խումբ եպիսկոպոսների «աղանդավոր» անվանելը, ինչը, ըստ նրա, չի բերում ոչ մի օգուտ։

Թագուհի Ղազարյանը ասաց, որ այդ եպիսկոպոսների մեծ մասին անգամ չի ճանաչում․անձամբ շփվել է միայն Սիոն սրբազանի հետ, որը պատերազմի օրերին իրեն շատ պարկեշտ մարդու տպավորություն է թողել։ Մնացածների մասին տեղեկությունները, ըստ նրա, հիմնականում մամուլից են։ Նա ընդգծեց, որ դավանաբանական հարցերը իրեն չեն հետաքրքրում․ եկեղեցին իր համար նախ և առաջ ազգային արժեք է, և այսօր, երբ ստեղծված է ճգնաժամ, կա վտանգ, որ Հայաստանում կարող են առաջանալ մի քանի եկեղեցական կառույցներ։

Ղազարյանը կոչ արեց հավատացյալներին ու հոգևորականներին հիշել՝ Հայ Առաքելական Եկեղեցին 1700 տարի դիմացել է բազմաթիվ օտար ճնշումների․ «կատարվածը չի կարող լինել քննություն, որին չդիմանանք»,- նշեց նա։

Նա դիտարկեց, որ եպիսկոպոսների հայտարարությունը փաստում է եկեղեցու կենսունակության մասին․ նրանք իրենց ավանդույթի ժառանգորդներն են և պատրաստակամ են պաշտպանել եկեղեցու միասնականությունը։

Շարունակելով՝ Թագուհի Ղազարյանը, անդրադարձավ իր և Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրենսդրական փաթեթին, նշեց, որ նախագծերը դեռ չեն քննարկվել խորհրդարանում, ուստի դուրս են մնացել ուշադրությունից։ Պատգամավորը ասաց, որ օրենսդրական փոփոխությունների մշակումը սկսվել էր ամիսներ առաջ, սակայն չի թաքցնում՝ դրանք որոշ չափով պայմանավորված են նաև եկեղեցում տեղի ունեցող զարգացումներով։ Ընդդիմադիր խմբերը փորձում ենեկեղեցու որոշ հոգևորականներին ներքաշել քաղաքական պայքարի մեջ և ստիպել նրանց քաղաքական մոտիվներով արձագանքել իրավիճակին։ Ղազարյանի կարծիքով՝ դա մեծ վտանգ է ստեղծում, այդ թվում՝ եկեղեցու պառակտման և նոր կրոնական կազմակերպությունների ձևավորման տեսանկյունից։

Պատգամավոր Ղազարյանը ասաց, որ իրավական դաշտում նույնիսկ գոյություն ունի ռիսկ, երբ եկեղեցու գույքը՝ նույնիսկ հուշարձանային եկեղեցիները, կարող են գրանցվել կամ փոխանցվել այլ իրավաբանական անձի, ինչն արդեն կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որ«կազմակերպության նախագահը դուրս գա ու ասի՝ ես գնում եմ, մնացեք ձեր գույքի հետ»։ Եթե որևէ հոգևորական ներգրավվի քաղաքական «ռադիկալ պայքարի» մեջ, կարող է գնալ ծայրահեղ քայլերի, որոնք կվնասեն եկեղեցուն։

Թագուհի Ղազարյանը նշեց, որ հենց այդպիսի ռիսկերի պատճառով ինքը, որպես պատասխանատու օրենսդիր, կարևոր է համարում որոշ սահմանափակումների ներդրումը։ Նրա դիտարկմամբ՝ եկեղեցու հուշարձանային գույքը չի կարող դիտվել նույնի պես, ինչպես եկեղեցուն պատկանող բնակարաններն ու տնտեսական օբյեկտները, քանի որ այդ հուշարձանները հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն են։

Նա ասաց, որ օրենքով առաջարկվող լուծումը տալիս է առնվազն ծանուցման ու վերահսկողության մեխանիզմ․կառավարությունը որոշ դեպքերում կարող է մերժել գործարքները, եթե դրանք վտանգեն ազգային-մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Վերջում Ղազարյանը ընդգծեց, որ ինքը նույնիսկ առաջարկել էր արգելել հուշարձան-եկեղեցիների սեփականության իրավունքի փոխանցումը ընդհանրապես, սակայն իրավաբան գործընկերները դա սահմանադրական խնդիր համարեցին, ուստի նախագծում ընտրվեց ավելի մեղմ, բայց վերահսկելի տարբերակ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *