Ռուսաստանը նպատակ չունի կանգ առնելու, իսկ նրա գլխավոր նպատակը Ուկրաինայի ներսում պառակտում առաջացնելն է։
Դմիտրի Միկիշա
1inTV-ն զրուցել է Ուկրաինայի խորհրդարանի ներկայացուցիչ Դմիտրի Միկիշայի հետ։ Զրույցի ընթացքում Միկիշան գնահատում է երկրի վերջին դիվանագիտական և ներքաղաքական զարգացումները՝ կարևորելով կոռուպցիոն խոշոր սկանդալի վնասը Ուկրաինայի հեղինակությանը, բայց նաև նշելով՝ իշխանությունները փորձում են լուծումներ տալ։ Նա անդրադառնում է Վալերի Զալուժնիի փաստացի դիվանագիտական հեռացմանը և բանակցային խմբում կատարված վիճահարույց փոփոխություններին, որոնք խորացնում են ներքին քաղաքական ճգնաժամը։ Զրուցակիցը քննադատում է նաև 28 կետանոց խաղաղության նախագիծը՝ պնդելով, որ այն որևէ կապ չունի իրական խաղաղության հասնելու հետ։Ստորև ներկայացնում ենք այդ հարցազրույցի հայերեն սղագրությունը։
Դմիտրի Միկիշան, անդրադառնալով վերջին կոռուպցիոն սկանդալին Ուկրաինայում, ասաց, որ տեղի ունեցածը շատ վատ նախադեպ է ոչ միայն երկրի, այլև միջազգային հանրության համար։ Նա նշեց, որ սա պարզապես մի հայտարարություն կամ ֆեյսբուքյան գրառում չէ, այլ փաստացի իրականություն, որն արդեն հասու է դարձել ամբողջ հասարակությանը։ Միկիշայի խոսքով՝ Ուկրաինայում այս ամենը համընդհանուր կերպով ծանր, խիստ մտահոգիչ է ընդունվել։ Նա շեշտեց, որ որպես մեծամասնական պատգամավոր մշտապես շփվում է քաղաքացիների հետ և տեսել է՝ որքան ուժեղ բացասական ազդեցություն է ունեցել այս սկանդալը հասարակության և զինվորականների վրա։
Այդուհանդերձ, նա ընդգծեց, որ Ուկրաինան «շունչը սեղմելուց հետո նորից շնչում է հստակ և ուղիղ»․ ըստնրա՝ ուկրաինացիները գիտակցում են, որ խնդիրները գոյություն ունեն, դրանք չեն թաքցվում, դրանց մասին խոսվում է՝ առավել ևս պայքարվում։ Դմիտրի Միկիշան նշեց, որ ուկրաինական հասարակության պահանջը երկկողմ է․առաջին՝տեսնել կոռուպցիոն սկանդալի բոլոր ձայնագրությունները ամբողջությամբ, ոչ թե մասնակի, և երկրորդ՝ տեսնել կոնկրետ քայլեր, իրական քննություն ու գործերի ուղարկում հակակոռուպցիոն դատարան։ Միկիշան շեշտեց, որ միայն դատարանի դատավճիռը կարող է դնել այս սկանդալի վերջակետը։
Հակաակոռուպցիոն ինստիտուտների աշխատանքին անդրադառնալով՝ նա կրկին ընդգծեց, որ այդ մարմինները պետք է լինեն հնարավորինս անկախ և գործեն որակյալ։ Նրա խոսքով՝ ուկրաինացիները չեն ուզում այս պատմությունը վերածել «հակակոռուպցիոն սերիալի», այլ ցանկանում են ամբողջ ճշմարտությունը՝ հիմա ու անմիջապես։
Անդրադառնալով միջազգային արձագանքին՝ Դմիտրի Միկիշան ասաց, որ արևմտյան գործընկերների հետ շփումներում երբեմն ստիպված է լինում ընդհատել նրանց և պարզ ասել․ «Ոչ թե Ուկրաինան է կոռումպացված, այլ առանձին պաշտոնյաներ, որոնք ժամանակավորապես հայտնվել են իշխանական դիրքերում»։ Նա ընդգծեց, որ Ուկրաինան այսօր պաշտպանում է ոչ միայն ինքն իրեն, այլ նաև ամբողջ Եվրոպան ռուսական ագրեսիայից։ Ըստ նրա՝ Ուկրաինան երկիր է, որի քաղաքացիները պատերազմի պայմաններում անգամ միմյանց են օգնում, իսկ Ռուսաստանը հենց այդ մարդասիրությունն է օգտագործում՝ հարվածելով խաղաղ բնակչությանը։ Միկիշան այս ամենը անվանեց «քաղցկեղածին ուռուցք», որը Ուկրաինան պետք է ինքնուրույն ջնջի իր մարմնից։
Խոսելով նոր բանակցային խմբի մասին՝ նա նշեց, որ նոր ղեկավար՝ Ռուստեմ Ումերովի նշանակումը Ուկրաինայում ընդունվել է բարդությամբ։ Միկիշան հիշեցրեց, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ումերովը ևս կարող է առնչվել նույն սկանդալին։ Նա ընդգծեց, որ չի կարող բանակցող լինել մեկը, ում նկատմամբ առկա է հնարավոր ճնշման վտանգ․«Դա բանակցողը չէ որպես անձ, դա ամբողջ պետությունն է, որի անունից նա խոսում է»։ Միկիշան ասաց, որ ընդդիմացել են նաև Երմակի ղեկավարությանը, սակայն որոշումը կայացվել է նախագահի կողմից։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը հիշեցնում է «Տասը նեգրիտոսներ» ստեղծագործությունը, որտեղ ամեն անգամ մեկին հեռացնում են։ Նա համոզված է, որ Ուկրաինայում կան պատրաստված, պրոֆեսիոնալ, միջազգային գործընթացներին տիրապետող անձինք, որոնք կարող էին ղեկավարել բանակցային խումբը։
Անդրադառնալով Վալերի Զալուժնու նախաձեռնություններին՝ Դմիտրի Միկիշան նշեց, որ դեռ չի հասցրել ամբողջությամբ կարդալ նրա հոդվածը, բայց հասկանում է նրա դիրքորոշումը։ Նա ասաց, որ Զալուժնին ունի բարձր հեղինակություն ինչպես զինվորականների, այնպես էլ հասարակական լայն շերտերի շրջանում։ Նրա կարծիքով՝ Զալուժնու «դիվանագիտական ուղարկումը» Լոնդոն երկակի նպատակ ուներ՝ մի կողմից հեռացնել նրան ներքաղաքական դաշտից, որպեսզի չլինի Զելենսկու թիմի գլխավոր հակաքարոզիչը, իսկ մյուս կողմից՝ նշանակել կարևոր դիվանագիտական ուղղությամբ, քանի որ Մեծ Բրիտանիան Ուկրաինայի միանշանակ կարևորագույն գործընկերներից է։ Միկիշան կարծում է, որ Զալուժնին իր փորձով կարող էր լուրջ ներդրում ունենալ բանակի ռազմավարական հարցերում, սակայն հարցական է, թե կթույլատրվեր արդյոք նրան ներգրավվել այդ գործընթացներում, երբ որոշումների կենտրոնը գտնվում է նախագահի գրասենյակում։
Անդրադառնալով ընթացող ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններին՝ նա նշեց, որ առանձնակի սպասելիքներ չի կապում Ֆլորիդայի հանդիպումից։ Նրա խոսքով՝ բանակցությունների միակ իրական նպատակը կապի պահպանման իմիտացիան է, քանի որ ռուսական և ուկրաինական կողմերի դիրքերն իրարից բացարձակ փոխհատուցելի չեն։ Նա ասաց, որ ԱՄՆ որոշ շրջանակներ կարծում են, թե կոռուպցիոն սկանդալը կարող է ստիպել Ուկրաինային հրաժարվել իր սկզբունքային դիրքերից, սակայն դա «լիակատար մոլորություն է»․Միկիշայի համոզմամբ՝ ոչ մի կողմ նման իրավիճակում չի գնա միանձնյա զիջումների։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանը նպատակ չունի կանգ առնելու, իսկ նրա գլխավոր նպատակը Ուկրաինայի ներսում պառակտում առաջացնելն է։
Վերջում Դմիտրի Միկիշան, որպես Ուկրաինա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, նշեց, որ բարձր է գնահատում Երևանի՝ ուկրաինական հացահատիկ ընդունելու վերաբերյալ դիրքորոշումը։ Նա ասաց, որ շնորհակալ է Հայաստանի իշխանություններին՝ այս քայլը համարելով կարևոր ու դրական ազդակ։ Նրա խոսքով՝ կողմերը արդեն մշակել են մի շարք գործնական ծրագրեր՝ համագործակցությունը խորացնելու համար։ Միկիշան ընդգծեց, որ Ուկրաինան և Հայաստանը պետք է զարգացնեն ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու խորհրդարանական համագործակցությունը։ Նա վստահություն հայտնեց, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Հայաստանը արժանի տեղ են զբաղեցնելու եվրոպական ընտանիքում, և կողմերը ունեն փոխանակելու փորձ, հատկապես ԵՄ ինտեգրման ոլորտում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
