Յուրաքանչյուր դրական նախաձեռնություն անցնում է նույն արագ շղթայով՝կասկած, պիտակավորում, թիրախավորում։ Եվ սա տեղի է ունենում վայրկյանների ընթացքում՝ առանց վերլուծության կամ փաստերի։
Մկրտիչ Իսրայելյան
Հայաստանում վերջին տարիներին իրականացվող մի շարք բարեփոխումներ՝ ճանապարհաշինությունից ու դպրոցաշինությունից մինչև համակարգային, իրականում նկատելի արդյունք են տալիս։ Այնուամենայնիվ՝ հասարակական դիսկուրսում դրական փոփոխությունները հազվադեպ են արժանանում գնահատանքի։ Փոխարենը գերակշռում է կասկածամտությունը, երբեմն՝ կտրուկ և վիրավորական քննադատությունը։
30 տարիների ընթացքում հասարակության վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ էապես նվազել է։ Կոռուպցիոն պատմությունները, քաղաքական հիասթափությունները և համակարգային ոչ թափանցիկությունը՝ ստեղծել են իրավիճակ, որտեղ անգամ դրական քայլերը ընկալվում են կասկածամտությամբ։
Տարբեր հետազոտությունները վաղուց հաստատել են՝ բացասական տեղեկատվությունն ավելի արագ է տարածվում և ավելի ուժեղ է ազդում, քան դրականը։ Սոցիալական մեդիան միայն խորացնում է այս միտումը։
Քննադատական հրապարակումները հավաքում են հարյուրավոր մեկնաբանություններ, մինչդեռ հաջողված ծրագրերի մասին պատմությունները հաճախ անցնում են աննկատ։
Արդյունքում ստեղծվում է բացասական պատկեր՝ «ամեն ինչ վատ է», անկախ իրական ցուցանիշներից։
Հայաստանի քաղաքական դաշտը հաճախ գործում է «կողմ–դեմ» պարզեցված տրամաբանությամբ։ Ցանկացած նախագիծ կամ ծրագիր, որը նախաձեռնում է պետությունը՝ դեռ չսկսած արդեն հասարակությանը բաժանում է երկու բևեռի՝ մի մասը քննադատում է այն առանց տվյալներն ուսումնասիրելու, մյուս մասը՝ պաշտպանում է առանց վերլուծելու։
Այս իրավիճակի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի նաև ընդդիմադիր քաղաքական դաշտի և նրան սատարող մեդիայի վարքագիծը։ Վերջինները հաճախ ոչ թե քննարկում են նախաձեռնությունների բովանդակությունը, այլ անմիջապես անցնում են թիրախավորման և պիտակավորման արշավի՝ ցանկացած դրական քայլ ներկայացնելով որպես վտանգ, անհաջողություն կամ թաքնված շահերի դրսևորում։
Քաղաքական շահերի հաշվարկով ձևավորված այս տեղեկատվական ֆոնը մեծացնում է կասկածամտությունը, նվազեցնում է հանրային վստահությունը և հասարակական ընկալումները վերածում է մշտական լարումով լի միջավայրի։
Այս իրավիճակում մասնագիտական վերլուծությունները մղվում են հետին պլան, իսկ ծրագրերի իրական ազդեցությունը խեղվում է աղմուկի մեջ։
Յուրաքանչյուր դրական նախաձեռնություն անցնում է նույն արագ շղթայով՝
կասկած, պիտակավորում, թիրախավորում։ Եվ սա տեղի է ունենում վայրկյանների ընթացքում՝ առանց վերլուծության կամ փաստերի։
Այս իրավիճակն այնքան է ամրացել, որ շատերը դրական քայլը նախ ընկալում են որպես PR կամ ինչ-որ թաքնված շահերի դրսևորում։
Դրականը նկատելը պարզապես լավատեսություն չէ։ Դա ինստիտուցիոնալ հասունության, առողջ հանրային մտածողության և երկարաժամկետ զարգացման կարևոր ցուցանիշ է։
Քննադատությունը անհրաժեշտ է, բայց նաև կարևոր է ընդունել և գնահատել առաջընթացը։
Այսօր արդեն պարզ է, որ ընդդիմության մի հատվածը գիտակցված կերպով խաթարում է հանրային ընկալումները՝ ցանկացած դրական քայլ ներկայացնելով որպես վտանգ կամ խաբեություն։ Սա արդեն քննադատություն չէ, այլ նպատակային վնաս հանրային միջավայրին։
Նման վարքագիծը անթույլատրելի է, որովհետև այն ոչ միայն չի օգնում պետությանը զարգանալ, այլ հակառակը՝ խանգարում է հասարակությանը տեսնել իրականությունը և գնահատել փաստական արդյունքները։
Քաղաքական պայքարը չի կարող վերածվել մեխանիզմի, որը կանխամտածված ձևով վարկաբեկում է ամեն ինչ՝ միայն թե հանրային վստահությունը լինի մշտապես խաթարված։
Մկրտիչ Իսրայելյան
Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/142316
