Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ եպիսկոպոսներ ու աբեղաններ ունեն գաղտնի ընտանիքներ, ինչը ծնում է վարկաբեկում և բարոյական ճգնաժամ։ Կաթողիկոսը լիարժեք իրավունք ունի վերանայելու այս ուխտը, բայց «չկա այդ համարձակությունը»։
Մարտին Մխիթարյան
«Լուրերը» զրուցել է նախկին կուսակրոն Աբեղա Մարտին Մխիթարյանի հետ։ Հարցազրույցը կենտրոնանում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու շրջանակներում անհրաժեշտ բարեփոխումների վրա: Մխիթարյանը, ով ինքնակամ հրաժարվել է կուսակրոնությունից, մանրամասն քննադատում է այս կարգը՝ պնդելով, որ դրա պարտադրումը հանգեցնում է անբարոյական վարքային դրսևորումների և թաքուն ամուսնությունների շատ հոգևորականների կողմից:
Մարտին Մխիթարյանը ասաց, որ իր կրթությունը սկսել է Սևանի Վազգենյան դպրոցում, ապա շարունակել Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Նա հիշատակեց, որ միջեկեղեցական ծրագրերով ուսանել է Հռոմի Պապական Աստվածաբանական Համալսարանում, ինչից հետո կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Հռոմի և մերձակա քաղաքների հոգևոր սպասավոր։ Մոտ տասը տարի Մխիթարյանը ծառայում էր որպես կուսակրոն հոգևորական՝ մինչև 2016 թվականը։ Նա ընդգծեց, որ «հոգևորականը նախկին չի լինում, բայց կուսակրոն հոգևորականը կարող է նախկին լինել», քանի որ այժմ ամուսնացած է, ունի ընտանիք և աշխարհիկ գործունեություն։ Ծառայել է Շողակաթ եկեղեցում, Հռոմում, Գեղարդավանքում՝ որպես վանահոր օգնական, իսկ վերջում նշանակվել է Հաղպատավանքի վանահայր։ Նրա խոսքով՝ կուսակրոն կյանքը ժամանակի ընթացքում դարձավ դժվար պահելի, և հենց այդ պատճառով դիմում գրեց կարգալուծման համար։
Հին ժամանակների վանական կյանքը այլ էր․անապատներում ապրող վանականներն ավելի քիչ գայթակղությունների մեջ էին։ Իսկ այսօր, ըստ նրա, եկեղեցական կյանքի կառուցվածքը փոխված է, և բազմաթիվ պատահարներ ու գայթակղություններ անխուսափելի են։ Նա շեշտեց, որ վանքերը ժամանակին եղել են գրչության ու ճգնակեցության կենտրոններ, մինչդեռ այժմ դրանք հաճախ վերածվել են պսակադրության ու կնունքի վայրերի, որտեղ ոչ պարկեշտ հագնված մարդիկ կարող են դժվարանալի իրավիճակ ստեղծել կուսակրոն հոգևորականի համար։ Դեռ 4-րդ դարից եկեղեցական ժողովները սահմանել են խիստ կանոններ՝ կուսակրոնների շփումը կասկածելի մարդկանց հետ կանխելու համար, արգելել են նրանց դուրս գալ վանքից և սահմանել վարքային խիստ նորմեր։ Մխիթարյանը նշեց, որ այդ կանոնները այսօր խախտվում են, ինչն էլ բերում է ներկայիս խնդիրների։
Մխիթարյանը կարևորեց, որ Գրիգոր Լուսավորիչը և առաջին կաթողիկոսներից շատերը ամուսնացած են եղել, իսկ Աշտիշատի ժողովն պարտադրել է եպիսկոպոսների ամուսնության արգելքը՝ նպատակ ունենալով կանխել եկեղեցու գույքի մսխումը։ Նրա խոսքով՝ նույնիսկ Պողոս առաքյալն է գրել, որ «յամենայն եպիսկոպոս մեկ կին պիտի ունենա»։ Այս պատճառով, ըստ նրա, եկեղեցական ավանդությունը փոփոխության հնարավորություն ունի։
Նա ընդգծեց, որ եթե բնության օրենքն է, որ տղամարդը պետք է կնոջ հետ ապրի, ապա կուսակրոնությունը հակասում է այդ բնական կարգին։ Նրա համոզմամբ՝ եկեղեցական ժողովները պետք է վերանայեն ուխտը, այլապես «սուրբի քողի տակ» առաջանում են թաքուն ամուսնություններ, այլասերման դրսևորումներ և բազմաթիվ չարաշահումներ։ Ինքը ևս կարող էր հայտնվել նույն իրավիճակում, եթե շարունակեր մնալ կուսակրոն․«կամ թաքուն պիտի ամուսնանայի, կամ թաքուն ընտանիք պահեի»։ Նա ընդգծեց, որ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ եպիսկոպոսներ ու աբեղաններ ունեն գաղտնի ընտանիքներ, ինչը ծնում է վարկաբեկում և բարոյական ճգնաժամ։
Մխիթարյանը նշեց, որ կաթողիկոսը լիարժեք իրավունք ունի վերանայելու այս ուխտը, բայց «չկա այդ համարձակությունը»։ Նա կարևորեց, որ բարեփոխումները պիտի արվեն հենց գործող կաթողիկոսի օրոք՝ վերջ տալով եկեղեցու ներսում տասնամյակներով ձգվող ծածուկ երևույթներին։
Այնուհետև Մարտին Մխիթարյանը անդրադարձավ անձնական փորձին՝ ներկայացնելով իրավիճակներ, որտեղ որոշ եպիսկոպոսների վարքագիծը, ըստ նրա, անընդունելի է եղել։ Նա պատմեց, թե ինչպես որոշ նվիրատուներ ցանկացել են վերանորոգել Հաղպատի վանքը կամ խաչքար տեղադրել, սակայն հանդիպել են անընդունելի ֆինանսական պահանջների։ Մխիթարյանը նշեց, որ նման պահվածքը «հավատացյալ կորստի» պատճառ է դառնում։ Նա ընդգծեց, որ եկեղեցում խնդիրները կապված են ոչ միայն կուսակրոնության հետ, այլև վերահսկողության, բարոյականության, հոգևորականների պակասի ու կրթական միջավայրի հետ։ Նրա կարծիքով՝ ճեմարաններում ուսանողները գնալով նվազում են, իսկ արդեն ծառայող հոգևորականների վարքը հաճախ հիասթափեցնում է մարդկանց։
Իր ելույթը ուղղված չէ եկեղեցու դեմ, այլ՝ մասնավորապես այն եկեղեցականների, ովքեր վնասում են եկեղեցու հեղինակությանը։ Նա նշեց, որ հավատացյալները հաճախ չեն տարբերում՝ ով է արժանի, ով՝ ոչ, ինչն էլ խորացնում է անվստահությունը։ Նա ընդգծեց, որ կուսակրոնությունը միայն մեկ պատճառը չէր իր հեռացման։ Մյուս պատճառը, ըստ նրա, եղել է կոնֆլիկտը որոշ եպիսկոպոսների հետ՝ կապված նվիրատվությունների ապօրինի տնօրինման փորձերի հետ։ Նա հիշատակեց նաև վախի մթնոլորտը․ ըստ նրա, շատ հոգևորականներ չեն համարձակվում բարձրաձայնել խնդիրները, որովհետև կարող են պատժվել կամ հեռացվել։ «Նույնիսկ պատերն են լսում»,— ընդգծեց նա։
Մխիթարյանը ասաց, որ անընդհատ թաքցնելը միայն խորացրել է ճգնաժամը, և եկեղեցին այսօր գտնվում է լուրջ հիվանդ վիճակում։ Նա օգտագործեց պատկերավոր համեմատություն․ «եթե ծառը պտղից է ճանաչվում, ապա եկեղեցին ճանաչվում է հոգևորականներից։ Եթե պտուղը որդնած է, ուրեմն ծառը բուժման կարիք ունի»։ Նա հերքեց այն պնդումները, թե իր խոսքը պառակտում է եկեղեցին․ըստ նրա, սա առողջ քննադատություն է, և այն, որխնդիրները բարձրաձայնվում են, օգնում է դրանք լուծել։ Նա հավելեց, որ «մարդիկ հաճախ սխալը տեսնում են որպես ճշմարտություն», և միայն բարձրաձայնելը կարող է օգնել։
Մխիթարյանը քննադատեց այն մոտեցումը, որ կաթողիկոսը պատժում է միայն իր քաղաքական գծին հակառակ կանգնածներին։ Նրա կարծիքով՝ արդարադատությունը պետք է լինի հավասար՝ անկախ անձից։ եկեղեցին պետք է հեռու մնա քաղաքականությունից։ Կուսակրոն հոգևորականներին արգելված է զբաղվել քաղաքականությամբ, առևտրով, կասկածելի միջավայրերով։ Մինչդեռ այսօր, ըստ նրա, բազմաթիվ հոգևորականներ խախտում են այս սահմանները։ Վանականության իրական առաքելությունը ճգնությունն է, աղոթքը, ծոմապահությունը։ Նա նշեց, որ ուխտը պետք է լինի գիտակցված և կամավոր, իսկ մնացած հոգևորականները պետք է կարողանան համատեղել ընտանիքը և ծառայությունը։ Նրա խոսքով՝ եկեղեցու առողջացման ճանապարհը սկսվում է ուխտի վերանայումից, բարոյական մաքրագործումից և վախի մթնոլորտի վերացումից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
