Այս մարդիկ նրանք են, որոնք այսօր տարբեր տեսակի մեդիա-հարթակներում ինքնավստահ հայտարարում են, թե Ալիևները «միշտ վախեցել է» իրենցից։ Իրականում, եթե որևէ բան «վախեցնող» է եղել, դա միայն նրանց անկարողությունն էր՝ պետական շահը պաշտպանելու և սեփական ժողովրդի առջև ազնիվ լինելու հարցում։
Մկրտիչ Իսրայելյան
Երեկ կառավարությունը հրապարակեց Արցախի հարցի բանակցային գործընթացին առնչվող առանցքային փաստաթղթերը և բավական հետաքրքիր պատկեր իրականում բացահայտվեց։
Մեր վերջին 30 տարվա քաղաքական պատմությունից շատ բան ենք տեսել ու լսել, սակայն ամենազավեշտալի պարադոքսը, թերևս, այն է, երբ իրենց «հաղթող» հռչակած ղեկավարներն իրականում զբաղված են եղել ոչ թե սեփական պետական օրակարգի պաշտպանությամբ, այլ հակառակորդ կողմի պահանջների քննարկմամբ։
Պատերազմի ավարտից հետո իր շուրջը «հաղթական» կերպար ձևավորած նախագահ Ռոբերտ Քոչարյանը փաստացի Արցախի հարցով նստել է բանակցային սեղանի շուրջ և Ադրբեջանի հետ քննարկել՝ Հայաստանի տարածքային փոփոխությունների հնարավորությունը, Մեղրին հայաթափելու հարցը։
Այստեղ երկրորդական է՝ թե ինչպես է դա ներկայացվել կամ ինչպիսի ձևակերպումներով են տեղի ունեցել այդ բանակցությունները՝ էականն այն է, որ ինքը, որպես հաղթող հռչակված ղեկավար, զբաղված է եղել ոչ թե Հայաստանի օրակարգով, այլ՝ Բաքվի կամ այլ երկրների պահանջներն առանձնացնելու և վերամշակելու գործընթացով։
Եվ այդ նույն մարդը հետագայում և մինչև այսօր էլ հանրության առաջ հանդես է գալիս որպես ազգային ինքնիշխանության գլխավոր երաշխավոր։
Մյուս այսպես ասած հերոս նախագահը, որը նույնպես փորձում է ձևավորել հաղթողի կերպար, իր և իր նախորդի անհեռատես քաղաքականության հետևանքով այնքան վտանգավոր շրջափակման մեջ է դրել երկիրը, որ 2016 թվականի քառօրյա պատերազմից ամիսներ անց աղերսել է Ռուսաստանի նախագահին՝ Ադրբեջանը ճնշումները Հայաստանի վրա թուլացնելու համար։
Ի դեպ Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցները հաճախ են հպարտորեն հիշում թե իբր Ալիևը մի առիթով իր շրջապատին ասել է, որ բանակցային կուլիսներում իրեն «ստիպում» են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Փաստորեն պարզվում է իրականում Սերժ Սարգսյանն է կուլիսներում աղերսել ուրիշներին, որպեսզի զսպեն Ալիևին։
Այսինքն՝ հրապարակային հաղթող հռետորաբանության ներքո իրականում թաքնված է եղել խորը անկարողություն ու վախի զգացում։
Եվ այս մարդիկ նրանք են, որոնք այսօր տարբեր տեսակի մեդիա-հարթակներում ինքնավստահ հայտարարում են, թե Ալիևները «միշտ վախեցել է» իրենցից։ Իրականում, եթե որևէ բան «վախեցնող» է եղել, դա միայն նրանց անկարողությունն էր՝ պետական շահը պաշտպանելու և սեփական ժողովրդի առջև ազնիվ լինելու հարցում։
Նախկին նախագահների կառավարման տարիները ոչ թե հաղթանակի ու պատվի էջեր են եղել, այլ՝ «ցռան վերգոների» ժամանակաշրջան, որոնց քաղաքական անհետևողականության ու փակուղային վարքագծի հետևանքը աղետալի եղավ Արցախի ու Հայաստանի համար։
Մկրտիչ Իսրայելյան
Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/142371
