Հայաստան

Նախկինները «Փչացրին» Նաև Եկեղեցին

Երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե 2021 թվականի ընտրությունների արդյունքները իր համար «շոկ» էին, դա, ըստ նրա կարծիքի, արդեն ենթադրում էր մի բան․ նախկինների մոտ դեռ 44-օրյա պատերազմի ընթացքում գործում էր «չկա չարիք առանց բարիքի» մտածողությունը․ եթե պարտվենք, գոնե իշխանությունը կվերցնենք։

Հմայակ Հովհաննիսյան

Ներկայացնում ենք «Նոյյան Տապան TV»-ի և Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հարցազրուցից մի հատված, որտեղ Հովվհաննիսյանը, քննարկում է Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև ստեղծված ծանր քաղաքական ճգնաժամը՝ այն վերագրելով նախկին ղեկավարների կողմից մշակված դավադրությանը: 

Հովհաննիսյանը նշեց, որ այսօր բոլորին հուզող իրավիճակը ոչ միայն հուզում է, այլ, իրական տագնապ է առաջացնում մեր հասարակության ներսում։ Նա հավելեց, որ սա այնպիսի ծանր իրավիճակ է, որ նույնիսկ թշնամուն չէր ցանկանա, քանի որ այստեղ բախվում են հոգևոր և աշխարհիկ իշխանությունները։ Պատճառները, որքան էլ փորձենք այլ կերպ ներկայացնել, բացարձակապես քաղաքական են։ Նա նկատեց, որ այստեղ մեծ մեղք ունեն «նախկին կոչեցյալները», որոնք 44-օրյա պատերազմից հետո, ըստ նրա դիտարկման, փորձեցին Հայ Առաքելական Եկեղեցին ներքաշել ներքաղաքական գործընթացների մեջ՝ իշխանության համար պայքարի շրջանակում։

Երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե 2021 թվականի ընտրությունների արդյունքները իր համար «շոկ» էին, դա, ըստ նրա կարծիքի, արդեն ենթադրում էր մի բան․ նախկինների մոտ դեռ 44-օրյա պատերազմի ընթացքում գործում էր «չկա չարիք առանց բարիքի» մտածողությունը․ եթե պարտվենք, գոնե իշխանությունը կվերցնենք։

Նա հավելեց, որ այդ համոզմունքը այնքան էր արմատավորված, որ նույնիսկ որոշ գեներալների ու սպայական կազմի մոտ ենթագիտակցորեն ձևավորվեց այն հույսը, թե պարտության դեպքում իշխանափոխություն տեղի կունենա։ Ըստ նրա դիտարկման՝ Արցախյան վերնախավի մոտ ևս գերակշռում էր նույն տրամաբանությունը, որովհետև «Արցախյան վերնախավը միշտ ավելի էր արժևորում իշխանությունը Երևանում, քան իշխանությունը Ստեփանակերտում, քան Արցախի գոյությունը»։

Հովհաննիսյանը շեշտեց նաև ենթագիտակցական գործոնի ազդեցությունը՝ այն անվանելով «ֆրեյդիստական խորը շերտ»։ Նրա կարծիքով՝ հենց այդ ներքին հակասական տրամադրությունները իրենց ազդեցությունն ունեցան պատերազմի ելքի վրա։ Երբ այդ մարդիկ հասկացան, որ նույնիսկ պարտության գնով չեն կարողանում ազատվել Նիկոլ Փաշինյանից, որոշեցին ներքաշել Հայ Առաքելական Եկեղեցին՝ արդեն բացահայտորեն դարձնելով այն քաղաքական պայքարի գործիք։ Նա ընդգծեց, որ սա արվել է հստակ նպատակով՝ իշխանությունը վերցնելու համար։

Քաղաքագետը հիշեցրեց, որ Բագրատ Սրբազանը դեռ Տավուշից Երևան արշավելու ընթացքում արդեն վայելում էր զանգվածային աջակցություն, և որ քաղաքագետների միության որոշ անդամներ նույնիսկ միացել էին այդ երթին։ Նա նշեց, որ հենց այդ պահին ինքն՝ որպես քաղաքագետ, հրավիրել էր Բագրատ Սրբազանին՝ հանդիպելու Հայաստանի քաղաքագետների միության անդամներին՝ հասկանալու նրա նպատակները, ծրագրերը, և քննարկելու, թե որտեղ են այն «կարմիր գծերը», որոնք հոգևորականը չի կարող անցնել՝ մասնակից լինելով քաղաքական գործընթացներին։

Հովհաննիսյանը պատմեց, որ իր հրավերից երկու օր անց մամուլից իմացել է, որ Բագրատ Սրբազանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։ Ըստ նրա դիտարկման, այս հանդիպումը հատուկ դարձվեց հրապարակային պատասխան՝ իր՝ քաղաքագետի հրավերին։ Նա նշեց, որ սա միանշանակ քաղաքական ազդակ էր։ Եկեղեցին աստծո տունն է, ոչ թե սրբազանների կամ որևէ անհատի սեփականությունը։ Սակայն, ըստ նրա խոսքի, հոգևորականության վերնախավը, փաստացի, դարձավ նախկինների քաղաքական հաշվարկների գործիք։

Նա համեմատեց այս համակարգը «Ղարաբաղյան մաֆիայի» հետ՝ ընդգծելով, որ ինչպես «սիցիլիական մաֆիան» չի նշանակում սիցիլիացիներ, այնպես էլ «ղարաբաղյան մաֆիա» չի նշանակում ղարաբաղցիներ․ դա պարզապես անվանում է, որով բնորոշվում է ձևավորված ճնշող կառուցվածքը։

Քաղաքագետը ասաց, որ այդ համակարգը այլասերել էր երկու հիմնարար պետական ինստիտուտներ՝ բանակը և եկեղեցին, և հենց դրա համար պետությունն այսօր կանգնել է փլուզման եզրին ու կանգնեց նաև Արցախի կորստով։

Նա նշեց, որ Հայաստանի իրական աղետալի իրավիճակը կլիներ այն, եթե պետությունը այդ եզրից չկարողանար հետ վերադառնալ և ընկներ անդունդը․ինչը կբերեր Թուրքիայի-Ռուսաստանի, կամ Թուրքիայի-Իրանի պատերազմի՝ Հայաստանի տարածքում, և Հայաստանը կդառնար երկրորդ Սիրիան։ Նրա համոզմամբ՝ որոշ մարդիկ հենց դա էին ուզում։ Դա նաև այն մարդիկ էին, որոնք տարիներ շարունակ ասում էին, թե «մասը ավելի կարևոր է ամբողջից», կամ «չկա Հայաստան առանց Արցախի»։ Ըստ նրա, հենց այդ մարդիկ այսօր չեն կարողանում հոգեբանորեն ընդունել, որ Արցախը չկա, բայց Հայաստանը կա, և այս հակասության պատճառով են նրանք շարունակում սրել ներքին պայքարը։ Այսօրվա դիմակայությունը՝ հոգևորականության որոշ վերնախավի, այդ թվում՝ վեհափառ Գարեգին Երկրորդի և աշխարհիկ իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի միջև, հենց նախկինների կողմից իրականացված դավադրության հետևանք է։

Նախկինները ընտրեցին եկեղեցու հեղինակությունն օգտագործել փողոցային ալիք ձևավորելու համար՝ հաշվի առնելով, որ այլ բոլոր բարոյական հեղինակությունները հասարակության մեջ կործանված էին։ Վազգեն Մանուկյանին առաջ քաշելու առաջին փորձը չստացվեց, և դրանից հետո արդեն բացահայտորեն դարձավ ակնհայտ, որ որոշ հոգևորականներ փորձ են անում գալվանիզացնելով(զանգվածների արհեստական աշխուժացում) ակտիվացնել փողոցը։

Հենց այդ տրամաբանությամբ էլ Վեհափառի «հայրական հորդորը» Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարական տալու մասին, ըստ նրա խոսքի, ոչ թե եկեղեցու ինքնուրույն դիրքորոշումն էր, այլ արտաքին քաղաքական մանիպուլյացիաների արդյունք։ Բանակն ու եկեղեցին՝ որպես պետության երկու հիմնարար սյուներ, նախկինների կողմից ներթափանցվել և ազդեցության տակ էին վերցվել, և հենց դա էր պատճառը, որ Հայաստանը կանգնեց պետական փլուզման եզրին և կորցրեց Արցախը։

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *