ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հրապարակումներում Որևէ Ցնցող Բացահայտում Չկա

Միջազգային աջակցությունը եղել է միայն այն ժամանակ, երբ ԼՂ ինքնապաշտպանական ուժերը հետ էին մղել Ադրբեջանի ծրագիրը՝ ուղղված Արցախի բնակչության տեղահանմանն ու բռնատեղահանմանը։ 

Վահրամ Աթանեսյան

1inTV-ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ըթնացքում քննարկվել են  իշխանության կողմից հրապարակված Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի փաստաթղթերի վերլուծությունն ու դրանց քաղաքական հետևանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված 2016 թվականի նամակին։

Վահրամ Աթանեսյանը նշեց, որ անձամբ իր համար այդ հրապարակված փաստաթղթերում ոչ մի բացահայտում չկա, քանի որ, ինչպես նա ասաց, ինքը ոչ միայն տեղեկացված էր գործընթացներից, այլ նաև կարող էր քաղաքական դատողություններ անել։ Ըստ Աթանեսյանի, այդ նյութերում որևէ էական նոր բան չկա նրանց համար, ովքեր տարիների ընթացքում զբաղվել են քաղաքականությամբ։ Նա ընդգծեց, որ ամենանշանակալի նորությունը կարող է համարվել Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի օգոստոսի 5-ի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Վահրամ Աթանեսյանը դիտարկում է, որ հրապարակված փաստաթղթերում մի հետաքրքիր տարր կա՝ եթե Քի Վեսթի փաստաթղթի հրապարակված տարբերակը համապատասխանում է իրականությանը, ապա այնտեղ հանդիպող ձևակերպումը, ըստ որի Շուշիի շրջանը առանձնացված է նախկին ԼՂԻՄ-ի տարածքից, շատ վտանգավոր է և կարծես խարդավանքի տարր պարունակի։ Ընդհանուր առմամբ այդ փաստաթղթերը էական նորություն չեն պարունակում, սակայն հասարակական աղմուկը մեծ է։ Աթանեսյանը հավելեց, որ ինքը կդժվարանար քաղաքական գնահատական տալ ընդդիմադիրների արձագանքների վերաբերյալ, քանի որ այստեղ խոսքը ոչ թե փորձագետի, այլ քաղաքական գործչի դիրքորոշման մասին է։ «Քաղաքական գործիչը նույնիսկ սպառնալիքի տակ իր ասածից չի հրաժարվում»,– ընդգծեց նա։

Աթանեսյանը անդրադարձավ նաև այն տեսակետներին, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը միանշանակ հայանպաստ են եղել։ Նա ասաց, որ եթե այս պնդումն ճիշտ լիներ, ապա ավելի քան քսան տարի հայկական դիվանագիտությունը չէր պայքարի, որպեսզի հարցը չտեղափոխվի ՄԱԿ։ «Եթե դրանք հայանպաստ էին, ինչո՞ւ այդ հարթակում հարցը չքննարկվեց և ավելի հայանպաստ լուծում չտրվեց»,–ասաց նա։

Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ տարիների ընթացքում հայկական կողմի սխալը այն է  եղել, որ փորձել է միջազգային հանրությանը համոզել՝ մենք արդար ենք, Ադրբեջանը՝ մեղավոր։ «Ցանկացել ենք հեծանիվ հայտնագործել»,– նշեց նա՝ շեշտելով, որ այդ պատճառով էլ միջազգային աջակցություն չի ձևավորվել։

Նա դիտարկեց, որ միջազգային աջակցությունը եղել է միայն այն ժամանակ, երբ ԼՂ ինքնապաշտպանական ուժերը հետ էին մղել Ադրբեջանի ծրագիրը՝ ուղղված Արցախի բնակչության տեղահանմանն ու բռնատեղահանմանը։ Աթանեսյանի խոսքով՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի հաջողությունները մեծապես պայմանավորված էին միջազգային քաղաքական, դիվանագիտական և քարոզչական աջակցությամբ։ Եթե հայկական կողմը մնար այն տրամաբանության շրջանակում, որն առաջարկում էր միջազգային հանրությունը՝ այդ թվում ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի հայտարարությունը, ապա խնդրի լուծումը հնարավոր էր։ Բայց, նրա խոսքով, Հայաստանում այդ մոտեցումը երկար ժամանակ դիտարկվել է որպես դավաճանություն և պարտություն։

Աթանեսյանը նշեց նաև, որ հասել ենք այնպիսի կետի, երբ համաձայնությունը, օրինակ, հինգ շրջան վերադարձնելու վերաբերյալ, այլևս չէր բավարարում Ադրբեջանին։ «Եթե ասում էինք՝ հինգը, պատասխանում էր՝ յոթը։ Եթե ասում էինք՝ յոթը, ապա պահանջը դառնում էր Շուշին՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո»,– ասաց նա։Իրականության հետ պետք է հաշտվել․հայկական կողմը 1998-ին մերժել է փուլային տարբերակը, որը, ըստ նրա, բոլոր առաջարկներից ամենահայանպաստն էր։ Իսկ արդյունքում եկել ենք 2020-ի պատերազմին՝ մի պատերազմ, որը, նրա կարծիքով, կարող էր սկսվել նաև 2016-ին։

Անդրադառնալով Արմեն Աշոտյանի քննադատություններին՝ Աթանեսյանը նշեց․
«Եթե դա Նիկոլ Փաշինյանի ֆիասկոն է, ապա Արմեն Աշոտյանը դրա մասին բարձրաձայնելու պատճառ չունի։ Քաղաքական տրամաբանությամբ նա պետք է սպասեր, որ այդ ֆիասկոն կրկնվի և օգուտ տա իրեն»։ Նա հավելեց, որ ինքը չի կատարում մեղադրական մեկնաբանություններ Սերժ Սարգսյանի 2016-ի նամակի վերաբերյալ․«Գուցե այդ պահին դրա բերած առաջարկությունները օբյեկտիվ էին»,– ասաց նա, սակայն ընդգծեց՝ նամակի ենթատեքստից ակնհայտ է, որ խնդիրն այլևս խաղաղ լուծում չէր ունեցել։

Վահրամ Աթանեսյանը նորից բերեց օրինակ, որ եթե ինչ-որ առաջարկ իրականում «շատ հայանպաստ» էր, ինչո՞ւ երբեք կյանքի չի կոչվել։ Նա նշեց, որ ինչպես ՄԱԿ-ի բանաձևերի, այնպես էլ Լավրովի պլանի վերաբերյալ պնդումները էլի հանգեցնում են նույն հարցին՝ եթե այդքան բարենպաստ էր, ինչո՞ ւչիրականացվեց։

Աթանեսյանն առաջարկեց կարդալ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունները և հիշեցրեց, որ դրանց առանցքային գաղափարն այն էր՝ 1994-ի ստատուսքվոն անընդունելի է։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *