Եթե Լեոնարդ Պետրոսյանը 1997 թվականին ընտրվեր ԼՂՀ նախագահ, պաշտոնական Ստեփանակերտը կմերժե՞ր ԼՂ կարգավորման փուլային տարբերակը։
Վահրամ Աթանեսյան
Ղարաբաղյան կարգավորման մի քանի փաստաթղթերի հրապարակումը, որքան էլ ծանր լինի, մղում է ավելի քան երեսունհինգ տարվա քաղաքական իրադարձություններին անդրադարձի: Այս հետադարձ հայացքի ներքո առանձնանում է Լեոնարդ Պետրոսյանի իրոք ողբերգական կերպարը: Մարդու, ով 1991թվականի ամռան չափազանց ծանր իրավիճակում իր վրա վերցրեց դե-յուրե լուծարված՝ ԼՂԻՄ մարզային խորհրդի նախագահի պարտականությունները, Ադրբեջանի հետ «առճակատումից՝ երկխոսություն» սկզբունքով անպատվաբեր, բայց խիստ անհրաժեշտ բանակցություններ վարելու պատասխանատվությունը՝ հարվածի տակ դնելով ոչ միայն հեղինակությունը, այլեւ ֆիզիկական գոյությունը, կազմակերպեց ԼՂՀ հռչակման օրակարգով նստաշրջանը, անկախության հանրաքվեն, առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունը, մինչ այդ բարձր մակարդակով ընդունեց Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Ելցինին եւ Նազարբաեւին, մասնակցեց Ժելեզնովոդսկի բանակցություններին, բայց Գերագույն խորհրդի նախագահ չընտրվեց, ոչ էլ կառավարության ղեկավար նշանակվեց:
1992թ.-ին Լեոնարդ Պետրոսյանը տեղափոխվեց Երեւան, որոշ ժամանակ անց նշանակվեց Հատուկ ծրագրերի պետական կոմիտեի նախագահ, որտեղ աշխատեց մինչեւ 1994-ի տարեվերջ, ապա ստանձնեց ԼՂՀ վարչապետի պաշտոնը: Երբ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց եւ նշանակվեց Հայաստանի վարչապետ, նրան որպես պաշտոնակատար փոխարինեց վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը: Իշխող տպավորություն էր, որ արտահերթ ընտրություններում հենց նա նախագահի թեկնածու կառաջադրվի եւ կգլխավորի ԼՂՀ-ն, բայց մի քանի ամիս տեւած անորոշությունից հետո տեղի ունեցավ անպասելին. Նախագահի իշխանության թեկնածու առաջադրվեց արտգործնախարար Արկադի Ղուկասյանը:
Գուցե պատմական զուգադիպությու՞ն է, բայց փաստը չափազանց ուշագրավ է. Հայաստանում 1998-ի փետրվարի 3-ի իշխանափոխությունից, նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի ընտրվելուց երկու-երկուսուկես ամիս անց Լեոնարդ Պետրոսյանն ազատվեց ԼՂՀ վարչապետի պաշտոնից: Այդ պաշտոնանկությունը Ստեփանակերտում պատճառաբանվեց նրա կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունից ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի դժգոհությամբ, բայց որքանո՞վ էր դա իրականությանը մոտ, առայսօր դժվար է կողմնորոշվել:
Լեոնարդ Պետրոսյանը երկրորդ անգամ Ստեփանակերտից տեղափոխվեց Երեւան եւ, որքան էլ արտառոց չհնչի, նշանակվեց պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի տեղակալ, իսկ 1999-ի խորհրդարանական ընտրություններից հետո նա դարձավ Վազգեն Սարգսյանի կառավարության առանցքային դեմքերից մեկը՝ նշանակվելով համակարգող նախարարի պաշտոնում: Ազգային ժողովի դահլիճում Լեոնարդ Պետրոսյանը հոկտեմբերի 27-ին սպանվել է ոչ պատահական կրակոցից:
Այս ընթացքը եւ ողբերգական վախճանը դիտարկելիս ակամայից բախվում ես սուր հարցադրման. Եթե Լեոնարդ Պետրոսյանը 1997 թվականին ընտրվեր ԼՂՀ նախագահ, պաշտոնական Ստեփանակերտը կմերժե՞ր ԼՂ կարգավորման փուլային տարբերակը:
Վահրամ Աթանեսյան
