Հայաստան

Ադրբեջանը Մերժում Էր Բոլոր Տարբերակները

2011-ից սկսած՝ ոչ Սերժ Սարգսյանի, ոչ ներկայիս իշխանության օրոք չի եղել փաստաթուղթ, որին Ադրբեջանը տվել է համաձայնություն, իսկ Հայաստանը՝ մերժում։ Ադրբեջանի համաձայնությունը որևէ փուլում չի եղել։

Ռուբեն Ռուբինյան

Պետրոս Ղազարյանը զրուցել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Զրույցի ընթացքում ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային փաստաթղթերի և ներքաղաքական բանավեճերի թեմային։

Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ շատ կարևոր է հասկանալ, որ «2019 թվականի փաստաթուղթը» որևէ նոր առաջարկ չէր։ Դա ընդամենը իրավիճակի ամփոփագիր էր՝ վերցված Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի ժամանակաշրջանից։ Ռուբինյանի դիտարկմամբ՝ հենց վարչապետ Փաշինյանն է մանրամասն բացատրել, թե ինչպես է այդ թուղթը փոխանցվել, և որ այն, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից որպես նոր առաջարկ չի ներկայացվել։

Նա ընդգծեց, որ 2019-ի փաստաթուղթը ըստ էության նույնն է, ինչ 2016-ի տարբերակը՝ մի քանի բառի տարբերությամբ։ Ռուբինյանն ասաց, որ եթե ընդդիմությունը պնդում է՝ 2019-ի փաստաթուղթը հանճարեղ էր, ապա նրանք պետք է բացատրեն, թե ինչու 2016-ին նույն փաստաթուղթը չեն ընդունել։

Ռուբինյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը 2016-ին պաշտոնապես նամակ էր ուղարկել Ռուսաստանի Դաշնության նախագահին, որտեղ հիմնավորում էր՝ այդ առաջարկը հայկական կողմի համար անընդունելի է։ Նա նշեց, որ հենց այդ նամակում Սերժ Սարգսյանը քննադատում է Լավրովի պլանը՝ նշելով, որ այն ենթադրում է իրական զիջումներ Հայաստանի կողմից և միայն անորոշ խոստումներ Ադրբեջանի կողմից։

Ռուբինյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը իր նամակում պահանջում էր հստակեցնել մի շարք կետեր, այ թվում՝ ժողովրդագրության տվյալների հիմքը պետք է լինի 1988 թ․-ի կազմը (նույն համամասնությամբ հայ և ադրբեջանցի բնակչությամբ), որ հստակ պետք է արձանագրվի լքվող շրջանների ապառազմականացումը, ինչպես նաև Քելբաջարի և Լաչինի շրջանները մնալու են Լեռնային Ղարաբաղի վերահսկողության ներքո։

Ռուբինյանը նշեց, որ այս պահանջները ինքնին ցույց են տալիս՝ այդ կետերը փաստաթղթում չկային, և հենց դրա համար Սերժ Սարգսյանը հակառակվել է փաստաթղթին։ Նա հավելեց, որ 2018-ի Կրակովում փոխանցված տարբերակում անգամ նշվում էր, որ Քելբաջարի շրջանը մնալու է «ԵԱՀԿ անցումային մոնիտորինգի» ներքո, ինչը ենթադրում է՝ այն չի պահպանվում հայկական վերահսկողության տակ։ Ավելի վաղ տարիների՝ 2014-15-ի փաստաթղթերում գրված էր «ստատուս քվոյի պահպանում» Լաչին–Քելբաջար հատվածի մասով, սակայն 2016-ի և հետագա տեքստերում այդ ձևակերպումն արդեն բացակայում է։ Նա ընդգծեց, որ այս բոլոր փոփոխությունները ցույց են տալիս՝ փաստաթղթերը 2016-ից հետո գնալով վատթարացվել են հայկական դիրքորոշման համար։

Նա ասաց, որ Սերժ Սարգսյանը 2021-ին հայտարարել է՝ 2011-ից հետո չի եղել որևէ փաստաթուղթ, որին Հայաստանը ասել է «այո», և որ իրենք միշտ ասել են՝ գնացեք Ադրբեջանին հարցրեք՝ համաձայն է, թե ոչ։ Ռուբինյանի դիտարկմամբ՝ դա ապացուցում է, որ Հայաստանն այդ տարիներին որևէ փաստաթուղթ չի մերժել՝ պարզապես Ադրբեջանը չէր համաձայնվում դրանցից ոչ մեկին։

Նա ընդգծեց՝ եթե 2019-ի փաստաթուղթը նույնն է, ինչ 2016-ի, ապա ընդիմադիրների պնդումը, թե 2019-ին Հայաստանը «չի ընդունել հոյակապ մի առաջարկ», բացարձակ տրամաբանությունից դուրս է։ Հակառակը՝ ըստ Ռուբինյանի, իրենք ձևակերպումներով հիմնավորել են փաստաթղթի անընդունելիությունը և չեն տվել «այո» պատասխան։

Ռուբեն Ռուբինյանը հավելեց, որ ընդդիմադիրները հիմա մեղադրում են իշխանությանը 2019-ի առաջարկը չընդունելու մեջ, բայց չեն ասում՝ ինչու իրենք 2016-ին չեն ընդունել նույն փաստաթուղթը։ Ռուբինյանը կարծում է, որ սա քաղաքական մանիպուլյացիա է։

Նա նշեց, որ ընդդիմադիրների կողմից հղվող «լեգիտիմության» կապակցությամբ էլ հակասություն կա, որովհետև Հանրապետական կուսակցության պաշտոնական ձևակերպմամբ՝ իրենք ընդունում են, թե ժողովրդից ձեռքից խլված իշխանություն են ունեցել։ Ըստ Ռուբինյանի, երբ խոսքը լեգիտիմության մասին է, ընդդիմությունը դա հիշում է միայն այն ժամանակ, երբ իրենց շահերից է բխում։

Ռուբեն Ռուբինյանը շեշտեց, որ 2011-ից սկսած՝ ոչ Սերժ Սարգսյանի, ոչ ներկայիս իշխանության օրոք չի եղել փաստաթուղթ, որին Ադրբեջանը տվել է համաձայնություն, իսկ Հայաստանը՝ մերժում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի համաձայնությունը որևէ փուլում չի եղել։

Ինչ վերաբերում է հարցին՝ «Ի՞նչ է պատասխանել Հայաստանը 2019-ի փաստաթղթին», Ռուբինյանը ասաց, որ վարչապետ Փաշինյանը Ազգային ժողովում պարզաբանել է՝ պաշտոնական գրավոր պատասխան չի եղել, ինչպես որ չի եղել նաև նախկին փաստաթղթերին։ Նա նշեց, որ բանավոր քննարկումների ժամանակ Փաշինյանը համանախագահներին հարցրել է՝ արդյոք այդ տարբերակը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի դուրս մնալը Ադրբեջանի կազմից, և ստացել է պատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։

Ռուբինյանը եզրափակեց, որ իրենք ոչ մի տարբերակ չեն մերժել, և բանակցությունները 2019-ին եղել են իրավիճակի գնահատման փուլում։ Ըստ Ռուբինյանի՝ ընդդիմության պնդումները, թե 2019-ի առաջարկը մերժվել է, պարզապես չենհամապատասխանում իրականությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *