Հայաստան

Հայ-Թուրքական Սահմանը Կբացվի

Հունվարից սահմանը կարող է սկսել գործել շատ սահմանափակ ռեժիմով, հավանաբար՝ միայն երրորդ երկրների քաղաքացիների կամ միայն դիվանագիտական անձնագրերով անձանց համար։ Նման քայլը կխթանի գործընթացների արագացումը նաև Հայաստան–Ադրբեջան ենթակառուցվածքային բանակցություններում։

Ռոբերտ Ղևոնդյան

1inTV-ն զրուցել է քաղաքական վերլուծաբան Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Զրույցի  ընթացքում քննարկվում են հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր ռեժիմները և Ադրբեջանի կողմից փախստականների վերադարձի հարցի բարձրացումը՝ որպես բանակցային հոգեբանական ճնշման միջոց։

Ղևոնդյանը նշեց, որ Հայաստան–Թուրքիա սահմանի բացման շուրջ շրջանառվող տեսակետները և պաշտոնյաների տարբեր հայտարարությունները փոխլրացնող են, բայց իրար չեն հակադրվում։ Ղևոնդյանի խոսքով՝ գոյություն ունեն սահմանի բացման տարբեր ռեժիմներ, և ամբողջական ու սահմանափակումներից զուրկ բացումը այն տարբերակն է, որի դեպքում Թուրքիան, ըստ Ֆիդանի, մտահոգություն ունի, որ Հայաստանը կկորցնի բանակցություններում արագության շարժառիթը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Քաղաքագետը ասաց, որ թուրքական կողմի մոտեցումը այս առումով նույն տրամաբանության դաշտում է, ինչ տարիներ առաջ Ռուսաստանի հիմնավորումները, թե ռազմական աջակցությունը Հայաստանին կարող է նվազեցնել կառուցողական լինելը բանակցություններում։ Նրա դիտարկմամբ՝ թուրքական կողմը, լինելով բացահայտ հակառակորդ, նույնիսկ առավել հստակ կարող է նման պայմանականություններ առաջ քաշել։Արտգործնախարար Արարատ Միրզոյանի դիտարկումն ամբողջական վերջնական բացման մասին չէ։ Ղևոնդյանն ասաց, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների վերափոխման ամբողջականացման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Հայաստան–Ադրբեջան սահմանային անցումները չեն գործում իրենց ամբողջ ծավալով։ Քաղաքագետը նշեց, որ խաղաղության խաչմերուկի կոնցեպտով նախատեսված չորս անցումները մինչ այժմ չեն շահագործվում, և միայն այդ ամբողջական փաթեթի դեպքում կարելի է խոսել տարածաշրջանային շրջափակումների հաղթահարման լիարժեք ավարտի մասին։

Ռոբերտ Ղևոնդյանի կանխատեսմամբ, առաջիկաօրերին կամ շաբաթներին հնարավոր է հիշարժան զարգացում։ Նա ասաց, որ իր գնահատմամբ՝ արդեն հունվարից սահմանը կարող է սկսել գործել շատ սահմանափակ ռեժիմով, հավանաբար՝ միայն երրորդ երկրների քաղաքացիների կամ միայն դիվանագիտական անձնագրերով անձանց համար։ Ղևոնդյանի կարծիքով՝ նման քայլը կխթանի գործընթացների արագացումը նաև Հայաստան–Ադրբեջան ենթակառուցվածքային բանակցություններում։

Նա մեկնաբանեց նաև այն կարծիքը, թե Թուրքիան կարող էր Հայաստանի համար առավել շահավետ «ընդառաջ քայլ» անել՝ օրինակ՝ վերացնելով սահմանափակումները հայկական տարանցիկ բեռների նկատմամբ։ Ղևոնդյանը ասաց, որ իրականում նման սահմանափակում երբեք չի եղել, և հայկական բեռները մշտապես երեք տասնամյակ Թուրքիայից տեղափոխվել են դեպի Վրաստան, ապա՝ Հայաստան։ Նա նշեց, որ ցանկալի կլիներ, եթե Թուրքիան բացեր իր տարածքը հայկական բեռնատարների համար, ինչը կլիներ համարժեք քայլ Ադրբեջանի կողմից արված փոփոխություններին։ Սակայն քաղաքագետի համոզմամբ՝ առաջին փուլում Թուրքիան դժվար թե համաձայնի բեռնափոխադրումների համար սահմանը բացել՝ լավ հասկանալով դրանց կենսական նշանակությունը Հայաստանի տնտեսության համար։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան գործընթացին՝ Ղևոնդյանը նշեց, որ Բաքվի հայտարարություններում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» թեմայի ակտիվացումը ունի հստակ հոգեբանական նպատակ։ Նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանը հաճախ սահմանային կրակոցներով էր փորձում հոգեբանական առավելություն ստանալ։ Ղևոնդյանը ասաց, որ ներկայումս նույն մեխանիզմն օգտագործվում է ավելի «հումանիստական» տեսքով՝ համաժողովների, հրապարակային ելույթների և քաղաքական ճնշման կիրառումով։ Այս թեման այժմ սեղանի վրա որպես պաշտոնական օրակարգ չկա, ինչի մասին հայտարարել է նաև Հայաստանի կողմը։ Սակայն, նա կարծում է, որ Ադրբեջանը կփորձի հետագայում այս հարցը խաղարկել և դարձնել բանակցային օրակարգի մաս։ Ղևոնդյանը նշեց, որ անհրաժեշտ է հայկական կողմի համար դիվանագիտական, հոգեբանական և բարոյական հարթությունները բաժանել, և խոսել բացառապես փաստերի ու իրական բանակցային օրակարգի շրջանակում՝ չտրվելով հոգեբանական ճնշմանն ու մանիպուլյացիային։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *