Հայաստան

Արցախը Միշտ Էլ Ռուսների Համար Գործիք Է Եղել

Նախկին ղեկավարները եղել են ռուսական ազդեցության տակ և չեն գնացել լուծման՝ չնայած առկա հնարավորություններին։ Ռուսաստանին ձեռնտու չէր հարցի վերջնական լուծումը, քանի որ դրա դեպքում կկորչեր իր ազդեցությունը տարածաշրջանում, և նա միշտ պահել է ստատուս-քվոն իր շահերից ելնելով։ 

Բարդուղ Գալստյան

«Լուրերը» զրուցել է քաղաքագետ Բարդուղ Գալստյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերը։ Գալստյանը քննադատում է նախկին նախագահների գործունեությունը՝ հայտարարելով, որ նրանց բանակցությունները ձախողվել են, և որ Ղարաբաղի հարցը Ռուսաստանին ծառայել է որպես Հայաստանին իրենից կախվածության մեջ պահելու գործիք։

Գալստյանը, անդրադառնալով հրապարակված բանակցային փաստաթղթերին, ասաց, որ մինչ հրապարակումը ինքն արդեն ծանոթ էր դրանց բովանդակությանը և կարծում էր, թե դրանք այնպիսի փաստաթղթեր էին, որոնք որևէ դեպքում Արցախյան խնդիրը չէին լուծելու, այլ միայն բերելու էին փակուղու։ Նա նշեց, որ այդ փակուղին ի վերջո հանգեցրեց 2020 թվականի պատերազմին, Հայաստանի պարտությանը և 2023 թվականի հայաթափմանը։ Գալստյանը դիտարկեց, որ իշխանությունների կողմից փաստաթղթերի հրապարակումը միտված էր ցույց տալու, թե նախկին նախագահներն իրենց ամբողջ բանակցային գործընթացներում ունեցել են ձախողումներ, սակայն դա չի կարող լիովին արդարացնել նաև գործող իշխանություններին, քանի որ նրանց վրա 2018 թ-ից հետո դրված էր նույն այդ բանակցային գործընթացների շարունակության պատասխանատվությունը։

Նա շեշտեց, որ բանակցային բոլոր տարբերակները եղել են, մեղմ ասած, ոչ ի շահ Արցախի։ Նրա դիտարկմամբ՝ Մինսկի խմբի ձևավորումից հետո գործընթացը նպատակ ուներ Արցախին տալ կամ անկախ կարգավիճակ, կամ Հայաստանի հետ միացում, կամ Ադրբեջանի կազմում բարձր լեգիտիմությամբ կարգավիճակ, սակայն դրանցից ոչ մեկը չիրականացվեց։ Մեղքի բախտը միայն նախկին իշխանություններինը չէ, և գործող իշխանությունները ևս 2018-ից հետո պետք է լուրջ փոփոխությունների ենթարկեին բանակցային գործընթացը, ինչը տեղի չունեցավ։ Քաղաքագետն ընդգծեց, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանից դուրս չի եղել՝ իրավական իմաստով, և զարմանալին այն է, որ երկրորդ նախագահի օրոք անգամ բանակցվել է Հայաստանի ինքնիշխան տարածքը փոխարինել ոչ լեգիտիմ կարգավիճակ ունեցող այլ տարածքով՝ Մեղրիի հայտնի ծրագրով, որը, ի բարեբախտություն, չի իրականացվել։

Գալստյանը ասաց, որ Մինսկի խմբի լուծարումը մեծ նշանակություն չէր կարող ունենալ, քանի որ առկա էր արևմուտք-Ռուսաստան լուրջ հակամարտություն, և խումբը փաստացի չէր աշխատում։ Սակայն նա կարծում է, որ ապագայում միգուցե լիներ հնարավորություն այն վերագործարկելու, քանի որ Արցախի թեման, իր գնահատմամբ, ամբողջությամբ փակված չէ, թեև Արցախը հայաթափված է, իսկ գործող իշխանությունները հայտարարել են, թե Արցախի հարց այլևս չկա։ Քաղաքագետըհաստատեց նաև այն համոզմունքը, որ Ղարաբաղյան հարցը տարիներ շարունակ գործիք է եղել նախկին նախագահների և, առավել լայն առումով, Ռուսաստանի ձեռքին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ պահել է Հայաստանը կախվածության մեջ, քանի որ իր ազդեցությունը տարածաշրջանում հիմնված է կոնֆլիկտների վրա։

Գալստյանը նշեց, որ հնարավոր էր լուծել խնդիրը՝ հատկապես 1994-1997/98 թվականներին, երբ «գնդակը եղել է մեր դաշտում»։ Նա վստահեցրեց, որ Ադրբեջանը այդ տարիներին պատրաստ էր ընդունել Ղարաբաղի կամ անկախ կարգավիճակը, կամ Հայաստանի հետ միացումը՝ տարածքային վերադարձի դիմաց։ Սակայն, ըստ նրա, նախկին ղեկավարները եղել են ռուսական ազդեցության տակ և չեն գնացել լուծման՝ չնայած առկա հնարավորություններին։ Ռուսաստանին ձեռնտու չէր հարցի վերջնական լուծումը, քանի որ դրա դեպքում կկորչեր իր ազդեցությունը տարածաշրջանում, և նա միշտ պահել է ստատուս-քվոն իր շահերից ելնելով։Նախկին իշխանությունները նույնպես շահարկել են պատերազմ վերսկսելու վտանգը՝ օգտագործելով այն՝ իշխանությունը պահելու և ֆինանսական հոսքերը վերահսկելու համար։

Նա անդրադարձավ նաև հարցին, թե ինչու նախկին նախագահները հրաժարվում են բանավիճել գործող վարչապետի հետ։ Գալստյանի կարծիքով՝ այդ հարցին պետք է պատասխանեն հենց նրանք, սակայն ինքը վստահ է, որ նախկին իշխանությունների ասած բազմաթիվ փաստարկներ այսօր չեն համապատասխանեցվում իրենց անցյալ գործողություններին։ Գալստյանը վկայակոչեց Սերժ Սարգսյանի որոշ նամակներ և հայտարարություններ, ըստ որոնց նախկինում համաձայնեցված տարածքային փոխզիջումները հետագայում չեն իրականացվել ռուսական ճնշումների պատճառով։

Գալստյանը նշեց, որ չնայած Ռուսաստանն ունի իր մեծ մեղավորությունը, այնուհանդերձ ամբողջ մեղավորությունը բարդել միայն նրա վրա ճիշտ չէ։ Հայաստանը նույնպես ունեցել է պատասխանատվություն, իսկ նախկին ղեկավարների քաղաքականությունն ամբողջովին համընկել է ռուսական թելադրանքներին։ Նախկին նախագահները միանշանակ ունեցել են հնարավորություն կարգավորելու խնդիրը, սակայն չի արվել դա՝ միտումնավոր կամ չկամությամբ։

Նա կրկին նշեց, որ նույնիսկ ԽՍՀՄ ամբողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղը ունեցել է բարձր ինքնավարություն, ինչը հնարավոր էր պահպանել նվազագույնն այն ձևով, որ Արցախը չհասներ վերջնական հայաթափման։

Բարդուղ Գալստյանը, անդրադառնալով լիբերալ գործիչ Ազատ Արշակյանի պնդմանը, որՂարաբաղյան շարժումը հրահրվել էր Ռուսաստանիկողմից, ասաց, որ միանշանակ համաձայն է։ Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանը միշտ իր քաղաքական առևտուրը կատարել է Հայաստանի հաշվին՝ տարբեր պատմական փուլերում թողնելով Հայաստանին պարտված և միայնակ։ Հայկական տարածքների կորուստների մեծ մասը կապված է եղել ռուսական քաղաքականության հետ։

Գալստյանը նշեց, որ որպես Արցախի նախագահի (Արայիկ Հարությունյանի) խորհրդական՝ ունեցել է  նրա հետ երես առ երես հանդիպումներ է ունեցել ու բազմիցս զգուշացրել է, թե Ռուսաստանի չափից մեծ ազդեցությունը լինելու է կործանարար, և նույնիսկ առաջարկել է հնարավորինս խորացնել բանակցությունները Ադրբեջանի հետ։

Գալստյանը պատմեց նաև Արայիկ Հարությունյանի հետ ունեցած վերջին խոսակցության մասին, երբ, իր խոսքով, ասել է, որ ռուսները վերջում «վաճառելու են» Արցախը, և որ այդ նույն ճակատագրին ենթակա են արցախցիները։ Գալստյանը նշեց, որ այդ իսկ պատճառով էլ  2022 և 2023 թվականների իրադարձությունները, իր համոզմամբ, կանխատեսելի էին։

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին, քաղաքագետը նշեց, որ արդեն ձևավորվում են նոր ուժեր։ Նա արձագանքեց Արման Թաթոյանի այն հայտարարությանը, որ ճիշտ կլինի, եթե նախկին նախագահները չմասնակցեն ընտրություններին։Քաղաքագետը համաձայն է այդ գնահատականին, քանի որ նախկին նախագահների ներկայությունը քաղաքական դաշտում խանգարում է առողջ նոր ուժերի առաջխաղացմանը և նպաստում է քաղաքական դաշտի պղտորմանը։ Նա նաև նշեց, որ նոր առաջացող մի շարք շարժումներ, այդ թվում «Մեր ձևով» շարժումը, ըստ իր գնահատման, նույնպես ռուսական նախագծեր են՝ Ռուսաստանի կողմից ուղարկված և ֆինանսավորվող քաղաքական միավորներ։ Այդ նոր ռուսական նախագծերը, իր կարծիքով, կունենան նույնիսկ ավելի մեծ հաջողություն, քան նախկին նախագահների կողմից ղեկավարվող ուժերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *