Վերջին երկու տարում այդ հետաքրքրությունը հասել է աննախադեպ մակարդակի, իսկ եվրոպական գործընկերները մեծ տեղ են տրամադրում հայկական կողմին։ Անգամ Վրաստանում որոշ շրջանակներ տխրում են, որ տարածաշրջանային ժողովրդավարության կենտրոնը տեղափոխվում է դեպի Հայաստան։
Հովսեփ Խուրշուդյան
1inTV-ն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցը կենտրոնանում է Հայաստան-ԵՄ նոր ռազմավարական օրակարգի ստորագրման և դրա հետ կապված քաղաքացիական հասարակության գագաթնաժողովի վրա, քննարկելով նաև Արցախի խնդիրները, բանկային ոլորտի դիվերսիֆիկացիան և Ռուսաստանի բացասական արձագանքները:
Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ ստորագրված ռազմավարական օրակարգը շատ կարևոր քայլ է, թեև, ինչպես ասաց նա, «դա այն չէ, ինչ մենք ի սկզբանե երազում էինք»։ Խուրշուդյանի խոսքով՝ Հայաստանը սպասում է Եվրամիության անդամակցության հայտի ներկայացմանը, որը մյուս գործընթացների հետ համեմատ շատ ավելի ընդգրկուն ու խորքային ազդեցություն կունենա։ Բայց անգամ այս փաստաթուղթը, ըստ նրա, քայլ առաջ է նախորդ համապարփակ և ընդգրկուն համագործակցության համաձայնագրից, որն էլ դեռ ամբողջությամբ իրականացված չէ։
Նա ընդգծեց, որ թեև ՍԵՊԱ-ի իրականացումը դանդաղ է ընթանում, այն ամեն դեպքում ընթացքի մեջ է, չի ենթարկվում քաղաքական սաբոտաժի, իսկ որոշ խոչընդոտներ հիմնականում բխում են միջին և ստորին օղակների դիմադրությունից կամ կարողությունների պակասից։ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ եվրոպական ստանդարտները բարդ են, սակայն դրանց հետ զուգահեռ նաև պահանջվում է արդյունավետ և բաց կառավարման սկզբունքների ներդրում, ինչը հազարավոր պետական ծառայողների վերապատրաստում է պահանջում։ Նրա կարծիքով՝ կրթությունն ու ինֆորմացիան պետք է մասսայական դառնան, ոչ միայն փոքր խմբերով կազմակերպվող փակ սեմինարներ։
Խուրշուդյանը նաև կարևորեց, որ նույն օրը ստորագրվեց ռազմավարական օրակարգը և բացվեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության գագաթնաժողովը։ Նրա դիտարկմամբ՝ սա ցույց է տալիս Հայաստանի նկատմամբ աճող ուշադրությունը։ Խուրշուդյանն ասաց, որ վերջին երկու տարում այդ հետաքրքրությունը հասել է աննախադեպ մակարդակի, իսկ եվրոպական գործընկերները մեծ տեղ են տրամադրում հայկական կողմին։ Նրա խոսքով՝ անգամ Վրաստանում որոշ շրջանակներ տխրում են, որ տարածաշրջանային ժողովրդավարության կենտրոնը տեղափոխվում է դեպի Հայաստան։
Նա կարևորեց նաև այն, որ եվրոպական աջակցությունը միայն ֆինանսական չէ. ամենակարևորը վստահությունն է, որը, ըստ Խուրշուդյանի, բերելու է նոր ներդրումներ։ Նա օրինակ բերեց ապահովագրական ոլորտում կարևոր խաղացողների մուտքը Հայաստան և կարծիք հայտնեց, որ հաջորդը պետք է դառնա բանկային համակարգը։ Խուրշուդյանը նշեց, որ բանկային ոլորտը չափազանց փակ է արևմուտքից ներդրումների համար, մինչդեռ ռուսական կապիտալը մեծ ներգրավվածություն ունի։ Նրա դիտարկմամբ՝ այս ոլորտում նույնպես անհրաժեշտ է դիվերսիֆիկացիա։
Խուրշուդյանը շեշտեց նաև գագաթնաժողովում ընդունված կարևոր բանաձևը, որը վերաբերում էր արցախահայության իրավունքներին, վերադարձի իրավունքի ապահովմանը, միջազգային դատարանների վճիռների կատարմանը, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ կալանավորների հարցին։ Նա նկատեց, որ բանաձևին կողմ է քվեարկել նաև Ադրբեջանի պատվիրակությունը, թեկուզ գաղտնի քվեարկությամբ։ Խուրշուդյանը ասաց, որ նախապես հաջողվել է որոշ ձևակերպումներ մեղմել այնպես, որ դրանք ընդունելի լինեն, բայց միևնույն ժամանակ պահպանեն էությունն ու սկզբունքները։
Նա կարևորեց, որ այս գործընթացները, այդ թվում նաև ռազմավարական օրակարգի ստորագրումը, Բաքվի խորը դժգոհությունն են առաջացրել։ Խուրշուդյանի խոսքով՝ Ադրբեջանում վախենում են, որ ապագայում միջազգային մի իրավիճակ կարող է ստեղծվել, որտեղ արցախահայության իրավունքների հարցը կկանգնի առավել կոշտ մակարդակով՝ միջազգային մեխանիզմներով ապահովված։ Ադրբեջանը, ըստ Խուրշուդյանի, հասկանում է, որ այդ ամենը կարող է սահմանափակել իր ինքնիշխանությունը։
Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն քաղաքացիական պլատֆորմին, Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ համատեղ նիստը ևս նվիրված էր նոր ռազմավարական փաստաթղթին և դրանից բխող քայլերին։ Նա ընդգծեց, որ պլատֆորմը ողջունել է էներգետիկայի ոլորտում օրենսդրական փոփոխությունները և կոռուպցիոն սխեմաների վերացումը։ Խուրշուդյանի կարծիքով՝ այս ամենը ցույց է տալիս Հայաստանի ազատումը ռուսական կախվածությունից, ինչը եվրոպացիները բացահայտ աջակցում են։
Խուրշուդյանը նշեց նաև, որ գագաթնաժողովին հայկական կողմը մեծ ներկայացվածություն ուներ ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ պետական կառույցների մակարդակով։ Նա հավելեց, որ Ադրբեջանից ներկայացված գործիչները հիմնականում Ալիևի վարչակազմի նկատմամբ քննադատական տրամադրված գործունեությամբ հայտնի մարդիկ էին՝ հիմնականում արտագաղթած։ Խուրշուդյանն ասաց, որ քննարկումների ընթացքում իրենք բարձրացրել են կարիք՝ ստեղծելու իրական, ոչ «բոբո» ադրբեջանական քաղհասարակության հետ երկխոսության զուգահեռ ուղի։ Նրա խոսքով՝ իրական քննադատական քաղհասարակությունը Ադրբեջանի ներսում ճնշված է, և այդ երկխոսությունը պետք է սկսվի դրսում գտնվող ազդեցիկ խմբերի հետ։
Նա նշեց, որ այդ գաղափարը հասունացավ նաև եվրոպական գործընկերների մոտ, որոնք հասկանում են, որ ապագայում ժողովրդավարացած Ադրբեջանը կարող է դառնալ արժեքային առումով Հայաստանի հետ ավելի համատեղելի գործընկեր, ինչն էլ կհեշտացնի բազմաթիվ խնդիրների լուծումը՝ ներառյալ արցախահայության իրավունքների հարցը։
Խոսելով իր շփումների մասին՝ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ եվրոպացիների մոտ կա շատ հստակ ըմբռնում Հայաստանի առջև ծառացած ռուսական վտանգի մասին։ Նա հիշեցրեց, որ Հայաստանը փորձ է անում կիրառել Մոլդովայի մոտեցումները՝ ռուսական ազդեցության դեմ պայքարի ու ապատեղեկատվության սահմանափակման հարցում։ Նրա խոսքով՝ եվրոպացիները չեն շտապեցնում Հայաստանին, ընդհակառակը՝ խրախուսում են զգուշավորությունն ու աստիճանական քայլերը՝ հասկանալով Հայաստանի խոցելիությունը։
Խուրշուդյանը նկատեց, որ ռազմավարական նոր օրակարգում տեղ գտած անվտանգային դրույթները առանցքային նշանակություն կունենան։ Նա ասաց, որ Եվրամիությունը վերջին շրջանում ստեղծել է պաշտպանության և անվտանգության ուղղությամբ նոր դիրեկտորատ, և Հայաստանը արդեն ընդգրկվում է այդ քաղաքականության շրջանակներում։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է ջանքեր գործադրել նաև Հունգարիայի կողմից կիրառվող վետոյի հաղթահարման ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի Հայաստանին տրամադրել Եվրոպական խաղաղության գործիքի միջոցները, որոնք թեև մեծ գումար չեն, բայց կարևոր են ինստիտուցիոնալ կապերը խորացնելու համար։
Վերջում Խուրշուդյանը նշեց, որ Հայաստանը մեծ հետաքրքրությամբ սպասում է հաջորդ գագաթնաժողովը Երևանում անցկացնելու հնարավորությանը, սակայն որոշակի անորոշություններ՝ կապված ընտրությունների արդյունքների և խաղաղության պայմանագրի չստորագրված լինելու հետ, ներկայումս թույլ չենտալիս այդ որոշումը վերջնականացնել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
