Սեպտեմբերի 2-ին Երեւանում նշանակված էր ընդդիմության «հուժկու» հանրահավաքը: Ամեն ինչ, ըստ երեւույթին, ծրագրված էր այնպես, որ այդ օրը Երեւանում պետք է հայտարարվեր, որ Արցախում «նիկոլական Արայիկ Հարությունյանը պարտվել է, բացվել է փրկության դուռը»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 95-րդ
2023 թ.սեպտեմբերի 1-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման տարեդարձի նախօրեին, Արայիկ Հարությունյանը հայտարարել է հրաժարականի մասին: Իրավիճակը հասկանալու համար այդ փաստը չափազանց կարեւոր է:
Սեպտեմբերի 2-ին Երեւանում նշանակված էր ընդդիմության «հուժկու» հանրահավաքը: Ամեն ինչ, ըստ երեւույթին, ծրագրված էր այնպես, որ այդ օրը Երեւանում պետք է հայտարարվեր, որ Արցախում «նիկոլական Արայիկ Հարությունյանը պարտվել է, բացվել է փրկության դուռը»: Այդպես էլ եղավ. երեւանյան հանրահավաքին մասնակցեցին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, երկուսով ողջունեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականը եւ վստահեցրեցին, որ Ստեփանակերտում նոր իշխանությունը կկարողանա միասնականություն ապահովել եւ պաշտպանել Արցախի ազատությունը: Արայիկ Հարությունյանի հրաժարականը ողջունեց նաեւ ՀՅԴ-ն: Արցախի սահմանադրությունը նախագահի հրաժարականի դեպքում նրա լիազորությունները քառասունօրյա ժամկետով վերապահվում է Ազգային ժողովի նախագահին: Այդ պաշտոնում օգոստոսի 7-ին ընտրվել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը, ում աջակցություն էին հայտնել Ամենայն հայոց եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսներ Գարեգին Բ.-ն եւ Արամ Ա.-ն: Տրամաբանական կլիներ, եթե Դավիթ Իշխանյանը ստանձներ նախագահի լիազորությունները, ձեւավորեր նոր կառավարություն եւ Արցախի ճակատագրի համար ամբողջական պատասխանատվություն ստանձներ:
Իրադարձությունները, սակայն, այլ ընթացք ունեցան: Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո հայտնի դարձավ, որ Ազգային ժողովը պատրաստվում է նոր նախագահ ընտրել: Այդ պաշտոնում առաջադրվելու եւ քվեարկությանը մասնակցելու հայտ ներկայացրեց նաեւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, բայց նրա թեկնածությունը չգրանցվեց: Նախագահի թեկնածու գրանցվեց Սամվել Շահրամանյանը: Նա Անվտանգության խորհրդի քարտուղար էր նշանակվել 2023-ի հունվարին՝ փոխարինելով Վիտալի Բալասանյանին, ում հրաժարականը պայմանավորված էր պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ սուր տարաձայնություններով: Սամվել Շահրամանյանի թեկնածությունը պաշտպանում էին ՀՅԴ-ն, «Արդարություն», «Ժողովրդավարություն» եւ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունները, բացառությամբ վերջինիս կազմում մեկ պատգամավորի՝ Արամայիս Աղաբեկյանի: Դեմ էր եւ քվեարկությանը չի մասնակցել Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության խմբակցությունը՝ բացառությամբ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի, որ նախագահական ընտրությունների կազմակերպման հանձնաժողովի նախագահն էր:
(Շարունակելի)
