ՄԵՐ ՈՒՂԻՆ

Կիրո Մանոյանը Չափազանցնում Է

Մոնտեվիդեոն առավելագույնը պաշտպանել է հակամարտության խաղաղ-բանակցային կարգավորումը՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: 

Վահրամ Աթանեսյան

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը դեկտեմբերի 10 –ին լրագրողներին ասել է, որ 2012թ.-ին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը Երեւանից պետք է մեկներ Ստեփանակերտ եւ հայտարարեր, որ ճանաչում է ԼՂՀ անկախությունը, բայց Ռուսաստանի պահանջով Ուրուգվայի նախագահը թույլ չի տվել: Մանոյանը կոնկրետ ամիս-ամսաթիվ չի նշել: Բայց նույն տարվա նոյեմբերի 12-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն այցելել է Ստեփանակերտ: Նա հանդիպումներ է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի քաղաքական ուժերի եւ հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ, այցելել Շուշի եւ Գանձասար, լսել Ադրբեջանից բռնատեղահանված մարդկանց:

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը Ստեփանակերտում քաղաքական հանդիպումների ընթացքում այն գլխավոր միտքն է արտահայտել, որ իր երկիրը «Լեռնային Ղարաբաղի հարցում պաշտոնական դիրքորոշում չունի, բայց չի հակադրվում առկա իրավիճակին»: Կարելի է, իհարկե, ասել, որ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարի չկայացած այցի տպավորությունը մեղմելու համար Ստեփանակերտ է այցելել երկրի խորհրդարանի նախագահը: Բայց ժամանակի մամուլը նաեւ այլ փաստ է արձանագրել. 2015թ. հունվարի  26-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նամակ է հղել ուրուգվայցի պաշտոնակից Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին եւ շնորհակալություն հայտնել «Արցախի ժողովրդի ապագայի վերաբերյալ արտահայտած վճռական դիրքորոշման համար»: «Ձեր ջանքերը, որոնք նպատակաուղղված են՝ խաղաղություն և կայունություն բերելու մեր տարածաշրջան՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վրա, մեծապես ողջունելի են և խրախուսում են մեզ առաջ շարժվել մեր ընտրած ուղիով՝ ապրելու խաղաղության և անվտանգության մեջ, ազատ և ժողովրդավարական պետությունում», – նշված է նամակում, որտեղ Կարեն Միրզոյանը հիշեցնում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը Մոնտեվիդեո եւ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի այցը Ստեփանակերտ: 

Ուրուգվայի արտաքին գործերի նախարարին Կարեն Միրզոյանի նամակի առիթ է հանդիսացել, ինչպես ժամանակի մամուլն է հիշեցնում, նույն տարվա հունվարի 4-ին ՀՅԴ Հայ դատի գրասենյակի տեղեկությունը, ըստ որի Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսը «հանձնախմբի անդամների հետ հանդիպմանը ընդգծել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Նամակում Կարեն Միրզոյանը Ուրուգվայի արտաքին գործերի նախարարին հրավիրել է Ստեփանակերտ: Նման այց չի կայացել: Ուրուգվայի կողմից ԼՂՀ ճանաչման ուղղությամբ, ամենայն հավանականությամբ, դիվանագիտական ջանքեր գործադրվել են: Այդ առումով, երեւի, դեր է խաղացել իրողությունը, որ Ուրուգվայն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայց, ինչպես պարզ դիտարկվում է վերոհիշյալ փաստերից, Մոնտեվիդեոն առավելագույնը պաշտպանել է հակամարտության խաղաղ-բանակցային կարգավորումը՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Կիրո Մանոյանը չափազանցնում է: 

Վահրամ  Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *