Հայաստանը շարունակում է պաշտոնապես մնալ ՀԱՊԿ-ում, ինչը սահմանափակումներ է ստեղծում անվտանգության ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու համար։
Բորիս Նավասարդյան
1inTV-ն զրուցել է քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-գերմանական ռազմավարական պայմանագրի պատմական փաստաթղթերի քաղաքական նշանակությունը, որոնք ընդգրկում են անվտանգության, տնտեսության և բարեփոխումների ոլորտները։
Բորիս Նավասարդյանը, նշեց, որ ուշի ուշով հետևելը բավականին բարդ է, քանի որ անընդհատ զիգզագներ ու անսպասելի զարգացումներ են տեղի ունենում, և դրանց հետևից հասնելը հեշտ չէ։ Սակայն, Նավասարդյանի կարծիքով, եթե խոսքը վերաբերում է Բաքվի պաշտոնական արձագանքին Հայաստան-Եվրամիություն նոր ռազմավարական օրակարգի ստորագրմանը, պետք է հիշել, որ սկզբնական հարձակումները գալիս էին փորձագետներից ու քաղաքական գործիչներից։ «Ադրբեջանի ԱԳՆ-ն մի քանի օր հապաղեց և միայն դրանից հետո հանդես եկավ քննադատություններով»,— ասաց նա։
Նա դիտարկեց, որ Բաքուն հավանաբար սպասում էր ինչ-որ բացատրությունների կամ արդարացումների Եվրամիությունից, իսկ երբ դրանք չեղան (և ըստ Նավասարդյանի էլ չէին կարող լինել), Ադրբեջանը դժգոհեց։ «Փաստաթուղթը որևէ խանգարող դեր չունի հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման վրա։ Հակառակը՝ նպաստում է, քանի որ նորմալացման կարևոր ուղղություններից է հաղորդակցությունների ապաշրջափակումը»,—նշեց քաղաքական վերլուծաբանը։ Նրա գնահատմամբ՝ նույնիսկ եթե Բաքվին դուր չի գալիս «խաղաղության խաչմերուկ» ձևակերպումը, այն իրականում հենց հաղորդակցությունների բացում է ենթադրում և չի հակասում խաղաղության գործընթացին։
Նավասարդյանը ասաց, որ Ադրբեջանը ակնկալում էր Եվրամիությունից մեծածավալ ներդրումներ ականազերծման ոլորտում՝ մինչև կես միլիարդ եվրոյի չափով, այն դեպքում, երբ այս պահին տրամադրվել է շուրջ 28 միլիոնը։ «Այդ 28 միլիոնը հավասարակշռված է Հայաստանին տրամադրվող աջակցությանը, այսինքն՝ հավասարակշռությունը պահպանվում է»,— ընդգծեց նա։
Նա հավելեց, որ Բաքվի մեկ այլ ակնկալիք կապված է Նախիջևանի երկաթուղու վերականգնման հետ, սակայն Եվրամիությունը, ըստ նրա, ցանկանում է գումար հատկացնել միայն այն դեպքում, եթե երկաթուղին շարունակություն ստանա Հայաստանի տարածքով, և հենց այդ հարցում Ադրբեջանը չիցանկանում պարտավորություն ստանձնել։
Անդրադառնալով Գերմանիայի հետ ռազմավարական գործընկերությանը՝ նա նկատեց, որ Գերմանիան նախապես էր պատրաստ այս մակարդակի հարաբերությունների խորացմանը։ «Դեռ Փաշինյանի այցից առաջ եղել է Մերցի և Ալիևի զրույցը, այսինքն՝ Բաքուն տեղյակ էր, ու դա է պատճառը, որ բացասական արձագանքը ուշանում է կամ չի հնչում»,— ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ միևնույն է պետք է սպասել առաջիկա օրերին՝ հասկանալու համար, թե ինչ դիրքորոշում կարտահայտի Բաքուն։
Նա հավելեց, որ եթե Ադրբեջանը պահանջում է զգուշավոր լինել բառապաշարի հարցում, ապա դա պետք է լինի երկուստեք։ «Մենք էլ նրանց փաստաթղթերում և ելույթներում բառապաշար ենք տեսնում, որը մեզ համար անընդունելի է»,— նշեց Նավասարդյանը։
Քաղաքական վերլուծաբանը անդրադարձավ նաև Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի երկխոսությանը՝ նշելով, որ Հաջիևը լայն լիազորություններ ունի Ադրբեջանում և զբաղվում է նաև հանրային միջավայրի կառավարմամբ։ «Այդ երկխոսությունը կարևոր է, և պետք է հուսանք, որ այն իր արդյունքները կտա»,— ասաց նա։
Նա դիտարկեց, որ Ադրբեջանի դժգոհության «պաշարը» բավական արագ սպառվեց, և այժմ իրողությունները պարզապես ընդունվում են ի գիտություն։ «Եթե տեսնենք, որ ապակառուցողական քայլեր չեն արվում, կարող ենք եզրակացնել, որ դասերը քաղված են»,— ասաց Նավասարդյանը։ Սակայն նա նշեց, որ գործընթացը բարդ է ու խոչընդոտներով լի՝ պայմանավորված քաղաքական տրամադրություններով ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, ինչպես նաև աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերություններով։
Նավասարդյանը օրինակ բերեց ԱՄՆ ներդրումների մասին քննարկումներից հետո Բաքվում առաջացած անհանգստությունը։ «Ադրբեջանում անհանգստացան, որ Հայաստանը տեխնոլոգիաների ոլորտում կարող է դառնալ տարածաշրջանային առաջատար»,— ասաց նա՝ հավելելով, որ երկու երկրներն էլ պետք է սովորեն ապրել իրավիճակում, երբ հարևանը երբեմն ունի առավելություններ։ «Պետք է կարողանալ օգտագործել միմյանց առավելությունները ընդհանուր շահի համար»,— ընդգծեց նա։
Անդրադառնալով Հայաստանի եվրոինտեգրման օրակարգին՝ Նավասարդյանը նշեց, որ Եվրամիության հետ ստորագրված փաստաթուղթը ոչ թե առավելագույնն է, այլ՝ «առավելագույնից ավելը՝ մի տեսակ կանխավճար»։ Նա ընդգծեց, որ հայկական կողմի հայտարարած եվրոպական ուղղությունը բերում է քաղաքական պարտավորությունների փոփոխության անհրաժեշտության, ինչը բախվում է Ռուսաստանի դժգոհությանը։
Քաղաքական վերլուծաբանը հիշեցրեց, որ Հայաստանը շարունակում է պաշտոնապես մնալ ՀԱՊԿ-ում, ինչը սահմանափակումներ է ստեղծում անվտանգության ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու համար։ «Անկախ նրանից, թե մենք չենք մասնակցում հանդիպումներին և չենք կատարում վճարումներ, պարտավորությունները դեռ գործում են՝ հատկապես տեղեկությունների փոխանակման մասով»,— ասաց նա։
Նա հավելեց, որ ավելի բարդ խնդիր է Հայաստանի գտնվելը ԵԱՏՄ-ում, քանի որ ընդհանուր մաքսային գոտին խոչընդոտում է համաչափ հարաբերությունների զարգացումը Եվրամիության հետ։ «Չեմ ասում, որ պետք է հանկարծակի կտրել այդ կապերը՝ դա տնտեսությունը կկործանի։ Բայց պետք է ունենալ ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք խորացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ և հաղթահարելու խոչընդոտները»,— նշեց Նավասարդյանը։
Վերջում նա ընդգծեց, որ հուսով է՝ կառավարությունը ունի համապատասխան աշխատանքային ծրագրեր, սակայն դրանց գոյության մասին հանրային տեղեկություն չկա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
