Այդ ուժերը գործում են «խանգարող դիվանագիտության» մեջ՝ ամեն ինչ սևացնելով և իշխանություններին մեղադրելով ամեն ինչում, անգամ խոսքը եղանակի փոփոխության մասին է։
Կայծ Մինասյան
1inTV-ն զրուցել է քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում փորձ է արվել վերլուծել վերջին շրջանի զարգացումների քաղաքական նշանակությունը, հատկապես դրանց ազդեցությունը Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման և արևմուտքի հետ հարաբերությունների բազմազանեցման վրա։
Քաղաքագետ Կայծ Մինասյանը նշեց, որ տեղի ունեցածը պատմական փաստաթուղթ է ոչ միայն Եվրամիության, այլև անմիջապես Գերմանիայի հետ, և նա ասաց, որ դրա կարևորությունն ունի մի քանի հիմնարար պատճառ։ Նա ընդգծեց, որ տարիներ շարունակ ասել է՝ Արևմուտքը պետք է անի այն, ինչ Ռուսաստանը չի արել․ աջակցի Հայաստանիինքնիշխան պետականության վերականգնմանը։ Մինասյանի կարծիքով Արևմուտքը գիտի, թե ինչպես զարգացնել այս գաղափարը և այն իրականացնել։
Կայծ Մինասյանը ասաց, որ երբ Հայաստանը ստորագրում է պայմանագիր որևէ արևմտյան պետության հետ, դա միշտ դրական ազդակ է հայկական պետականության համար։ Նա ընդգծեց, որ այդ փաստաթղթերը հնարավորություն են տալիս կառուցելու և զարգացնելու ինքնիշխան պետությունը։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի համար այս պայմանագրերը բերում են ռազմաքաղաքական նոր արժեք և փակվում է այն պակասը, որը Հայաստանը ունեցել է տարիներ շարունակ, իսկ դիվանագիտության մեջ այն աստիճանաբար լրացվում է։
Քաղաքագետ Մինասյանը հավելեց, որ որքան շատ նման պայմանագրեր է Հայաստանը ստորագրում, այնքան արդյունավետ է դիվերսիֆիկացիան՝ ոչ միայն տնտեսական, այլև դիվանագիտական, քաղաքական և ռազմաքաղաքական։ Նա հիշեցրեց, որ Եվրամիությունն ունի մեծ փորձ փոխակերպելու երկրներ տրանսֆորմացիոն փուլում՝ ինչպես Ռումինիան, Բուլղարիան և այլ երկրներ, որոնք նախկին կոմունիստական կարգավիճակից անցան դեպի ժողովրդավարական համակարգ։ Նրա կարծիքով՝ այդ նույն տրամաբանությամբ Եվրոպական միությունը կարող է աջակցել նաև Հայաստանի խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումներին։
Կայծ Մինասյանը դիտարկեց, որ այս փաստաթղթերի ստորագրումը ցույց է տալիս նաև, որ Հայաստանը միայնակ չէ, և սա հարված է այն ռուսական թեզին, որ երեք դար շարունակ հայերին համոզել են՝ Հայաստանի հետ ոչ ոք չի աշխատի։ Նա նշեց, որ այդ թեզը կեղծ է, վտանգավոր և ցավոք ապրում է որոշ ուժերի մոտ։ Նա խստորեն քննադատեց այդ մոտեցումը որպես անպատասխանատու։
Քաղաքագետ Մինասյանը ընդգծեց, որ Ֆրանսիայի, Գերմանիայի և ընդհանուր առմամբ Եվրոպական միության շեշտադրումները Հայաստանի ուղղությամբ ցույց են տալիս, որ Հայաստանը կարևոր գործընկեր է ոչ միայն Եվրոպայի, այլև տարածաշրջանի համար։ Նրա խոսքով՝ սա ազդակ է Վրաստանին, Ադրբեջանին, Իրանին և հատկապես Թուրքիային, որովհետև Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ ունեցող Ֆրանսիան և Գերմանիան փաստացի ճնշում են ստեղծում Թուրքիայի վրա՝ սահմանների բացման ուղղությամբ։ Նա հավելեց, որ նման պայմանագրերը վստահության նշան են և կարող են երկարաժամկետ հեռանկարում նպաստել Հայաստանի եվրոպականւինտեգրման ճանապարհին։
Կայծ Մինասյանը անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի միջև նախատեսվող ռազմավարական գործընկերության փաստաթղթին՝ նշեց, որ Ֆրանսիան առաջին պետությունն էր, որ հստակ և ուժեղ աջակցություն ցույց տվեց Հայաստանի Հանրապետությանը, սակայն Ֆրանսիան չէր ցանկանում մնալ մենակ, և հենց Ֆրանսիան էր խրախուսում Գերմանիային միանալու այդ գործընթացին։ Նրա կարծիքով՝ այժմ Գերմանիայի միանալը մեծացնում է գործընթացի քաղաքական ծանրությունը։
Նա նաև ընդգծեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը նախատեսվում է Երևանում, պահանջում է լուրջ նախապատրաստական աշխատանք, և Գերմանիայի կանցլերը դրա մասին արդեն հիշատակել է իր ելույթում։ Մինասյանը կարծում է, որ առաջիկա ամիսները հատկապես կարևոր են այս ուղղությամբ։
Քաղաքագետը շեշտեց Արևմուտքի դրված հստակ պայմանը․ եթե Հայաստանը ուզում է խորացնել ռազմաքաղաքական համագործակցությունը, ապա չպետք է մասնակցի ռուսական նախաձեռնությամբ բանցկացվող որևէ ռազմական կամ քաղաքական ֆորմատին։ Նա ասաց, որ սա է արևմտյան պայմանավորվածությունների տրամաբանությունը։
Կայծ Մինասյանը մտահոգություն հայտնեց, որ, չնայած պայմանագրերի ստորագրմանը, Հայաստանը մտնում է ընտրապայքարի շրջան, և այս ընթացքում Ռուսաստանը, ըստ նրա, փորձելու է իրականացնել հիբրիդային ճնշումներ՝ ինչպես նախկինում փորձել է Մոլդովայում և Ռումինիայում։ Նա ընդգծեց, որ Ֆրանսիան, Գերմանիան և այլ գործընկերներ պետք է աշխատեն Հայաստանի իշխանությունների կողքին, որպեսզի այդ միջամտությունները չստանան արդյունք։
Անդրադառնալով ներքաղաքական դաշտին՝ Մինասյանը շատ կոշտ քննադատեց նախկին իշխանություններին՝ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Դաշնակցություն, Հանրապետական կուսակցություն և այլ ուժեր։ Նա ասաց, որ նրանց խոսքը միշտ լարված, ագրեսիվ և անհամաչափ է, պատասխանատվության բացակայությամբ։ Նա նշել է, որ այդ ուժերը, իր խոսքով, երբեք չեն արտահայտել որևէ զղջում կամ ընդունելություն երեք տասնամյակի սխալների համար, ինչն էլ հասարակության կողմից չի ընդունվում։
Կայծ Մինասյանը ընդգծեց, որ այդ ուժերը գործում են «խանգարող դիվանագիտության» մեջ՝ ամեն ինչ սևացնելով և իշխանություններին մեղադրելով ամեն ինչում, անգամ խոսքը եղանակի փոփոխության մասին է։ Նա նշեց, որ այս վարքագիծը նախկին ուժերին դարձնում է ոչ մրցունակ, և որքան նրանք այդպես շարունակեն, այնքան ավելի են ուժեղացնում ներկայիս իշխանություններին։
Անդրադառնալով Դաշնակցությանը՝ Մինասյանը, լինելով դաշնակցության պատմության մասնագետ, ասաց, որ այսօր Հայաստանում գործող Դաշնակցությունը կապ չունի իրական Դաշնակցության հետ։ Նա ընդգծեց, որ Հայաստանը տեսնում է մի կազմակերպություն, որը ձևականորեն կրում է անվանումը, բայց գաղափարապես, քաղաքական և պատմական առումով հեռացել է իր արմատներից։ Նա նաև նշեց, որ որքան փոքրանում է Դաշնակցության ներսում շրջանակը, այնքան այն ավելի արմատական է դառնում, և հենց այս պատճառով է Դաշնակցությունը գերեվարված է«ծայրահեղական տարրերի» կողմից։
Նա հիշեցրեց՝ պատմական Դաշնակցությունը ունեցել է չափավոր ավանդույթ՝ Վրացյան, Խատիսյան, Տիգրանյան, Օհանջանյան, Ջամալյան, Միսաքյան, Վարանդյան և այլ առաջնորդներ, մինչդեռ այսօր այդպիսի ղեկավարություն չկա։ Կայծ Մինասյանի կարծիքով՝ ներկայիս Դաշնակցությունն ունի գաղափարական աղքատություն և գտնվում է արտաքին ուժերի ազդեցության տակ։
Վերջում Մինասյանը ցավով նշեց, որ կուսակցությունը, որն իր պատմությամբ կապված է խաղաղության գաղափարի հետ, այսօր իր ղեկավարության պատճառով հասարակական գիտակցության մեջ ասոցացվում է պատերազմի հետ, և սա իր խոսքով մեծ ողբերգություն է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
