Վախն է բթացնում ուղեղը․ երբ վախը միանում է, մտածողությունը դադարում է աշխատել։ Նա ընդգծեց, որ վախը գալիս է թե՛ դրսից քարոզվող ծրագրավորված ձևերով, թե՛ մեր ներսից՝ որպես ձգձգված պատմական սթրես։
Ռուբեն Բաբայան
Պետրոս Ղազարյանը զրուցել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ինքնիշխանությանն ու ազգային անվտանգությանն առնչվող կարևոր հարցեր։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ ձևավորված «միայն Ռուսաստանը կարող է մեզ փրկել» թեզի վրա, որը Բաբայանը համարում է սխալ և սեփական ուժերին չհավատալու արդյունք։
Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը ասաց, որ «եթե Ռուսաստանը չլինի» ձևակերպումն ինքնին սխալ է․նա նշեց, որ այդպես մտածել նշանակում է ընդունել, թե մենք պետք է անխուսափելիորեն ենթարկվենք որևէ գերտերության կամ սպասենք, որ ինչ-որ մեկը մշտապես հովանավորի մեզ։ Ռուբեն Բաբայանի դիտարկմամբ՝ սա այն մտածողությունն է, որով մեր հասարակությունը ապրել է ոչ միայն վերջին 30 տարին, այլ առնվազն երկու դար։ Նրա խոսքով՝ վախը ներմուծվել է և դարձել ազգային մտածողության բաղադրիչ, և այդ վախը մինչ այսօր էլ ապրում է հասարակության որոշ շերտերում։
Նա ընդգծեց, որ այստեղ օբյեկտիվություն չկա, քաղաքականության մեջ հարցերը չեն լուծվում «միայն ոչնչացնողներ» և «միայն փրկիչներ» տրամաբանությամբ։ Սակայն, ըստ նրա, մեզ մոտ իրականությունն այդպես է ներկայացվում․ կան իբրև թե ի բնե մեզ ոչնչացնողները, և կան ի վերուստ մեզ փրկողները, իսկ մնացած ամեն ինչ պարզապես «նյուանսներ» են։
Ռուբեն Բաբայանը սա կոչում է «քաղաքական ֆաստֆուդ»՝ հեշտ ուտվող, էժան, բայց ծանր հետևանքներով։ Նա կարծում է, որ խնդիրն ավելի խորն է, քան քաղաքական ուժերը․նրանք ընդամենը սպասարկում են այն տրամադրությունները, որոնք արդեն կան հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ հասարակության մի հատված դեռ մտածում է, թե թուրքերի նպատակը մեզ կոտորելն է, տուն ներխուժելը, կանանց բռնաբարելը և այլն։ Այդ մտայնությունից երկու ելք կա․ կամ դու միանում ես որևէ հզոր երկրի, լինի դա պաշտոնապես, թե ոչ պաշտոնապես (ինչպես Բելառուսը կամ Թաթարստանը), կամ պարզապես լքում ես երկիրը՝ մտածելով, որ այն անապահով է։ Նա հիշեցրեց, որ վերջին 30 տարում Հայաստանի մի ամբողջ երրորդը արտագաղթել է հենց այդ վախով սնված մտածողության պատճառով։
Ռեժիսորը նշեց, որ Հայաստանում երկար տարիներ արմատավորվել է մի բանաձև՝ մեզ կարող է փրկել միայն Ռուսաստանը, իսկ Ռուսաստանը զբաղված է «ավելի կարևոր գործերով»։ Նա հիշեցեց, թե ինչ հարց էր հնչում 44-օրյա պատերազմից հետո՝ «ինչու Ռուսաստանը չօգնեց»։ Բաբայանի դիտարկմամբ՝ Ռուսաստանը պարզապես ընտրեց իրեն ավելի կարևոր ուղղությունը՝ պատրաստվելով ուկրաինական պատերազմին և «փոքր Ղարաբաղը» զոհաբերեց «մեծ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների համար»։
Ռուբեն Բաբայանը հարցադրում արեց․ ո՞վ է երաշխավորում, որ վաղը, նույն տրամաբանությամբ, չեն զոհաբերի արդեն ՀՀ-ը, եթե դա համընկնի Ռուսաստանի շահերին։ Նա նշեց, որ Ռուսաստանի քաղաքականությունը սենտիմենտներով չի առաջնորդվում, և հիշեցրեց ռուսական ասացվածքը՝ «Մոսկվայում բառերին չեն հավատում, հավատում են արդյունքին»։
Ռեժիսորը մեկնաբանեց նաև այն թեզը, թե Հայաստանը «սեպ է Թուրանի ճանապարհին»։ Նա նշեց, որ 21-րդ դարում ճանապարհները չեն փակում, այլ բացվում են, և արժեքը ձեռք է բերվում բաց լինելուն։ Որպես օրինակ բերեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը չանցավ Հայաստանի տարածքով, և Հայաստանը դրանից ոչինչ չշահեց, իսկ Վրաստանը մեծապես շահեց։
Նա արձագանքեց այն դիտարկմանը, թե իր խոսքը «բթացնում է անվտանգության բնազդը»։ Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ հենց վախն է բթացնում ուղեղը․ երբ վախը միանում է, մտածողությունը դադարում է աշխատել։ Նա ընդգծեց, որ վախը գալիս է թե՛ դրսից քարոզվող ծրագրավորված ձևերով, թե՛ մեր ներսից՝ որպես ձգձգված պատմական սթրես։ Մեզ կոտորել են, դա փաստ է, բայց պետք է վերլուծել «ինչպես» ու «ինչու» է դա կատարվել, որովհետև ցեղասպանությունն իրականություն է, ինչպես արևը, որը հնարավոր չէ ժխտել։ Բայց, ասաց նա, յուրաքանչյուր փաստ պահանջում է վերլուծություն։
Ռեժիսորը հիշեցրեց՝ եթե վերջին հազար տարվա ընթացքում բոլորը ցանկացել են մեզ վերացնել, ապա ինչու դա չի հաջողվել։ Նա նշեց, որ Ռուսաստանը մեզ «չի փրկել», այլ պատերազմներ է վարել Պարսկաստանի և Օսմանյան կայսրության հետ՝ ինքն իր ազդեցությունն ընդլայնելու համար։ Բայց մենք, ըստ Բաբայանի, սովոր ենք ամեն քայլի համար ստեղծել բարոյական ինքնաբացատրություններ՝ «եկել են մեզ փրկելու»։Նա նաև հիշեցրեց, թե ինչպես է Ռուսաստանը իրականում վերաբերվել հայությանը՝ եկեղեցիների, դպրոցների փակումներ, վերահսկողություն, ճնշումներ։ Բաբայան շեշտեց, որ նույն սխալներն կրկնվել են և՛ ցարական շրջանում, և՛ խորհրդային, և՛ վերջին 30 տարվա ընթացքում։
Ռեժիսորն անդրադարձավ նաև Թումանյանի ու Չարենցի մտքերին՝ նշելով, որ նրանք քննադատում էին ոչ թե իշխանություններին, այլ հենց հասարակության մտածողությանը, որովհետև քաղաքական ուժերը միշտ անում են այն, ինչ պահանջում են զանգվածները։ Եթե գաղափարը չկա ժողովրդի մեջ, ոչ մի իշխանություն չի կարող այն պարտադրել։
Ռուբեն Բաբայանը սուր քննադատեց «կամ Ռուսաստան, կամ Թուրքիա» կեղծ երկընտրանքը։ Նա ասաց, որ դա արհեստական հարցադրում է, որը բերում է միայն մեկ պատասխան՝ Ռուսաստան։ Բայց, ըստ նրա, հայ ինքնությունը հենց քաղաքակրթական ընտրություն է, և մենք՝ որպես արևելյան քրիստոնեական, եվրոպական մշակույթի մաս, պետք է գնահատենք մեր արժեքը և չփորձենք անընդհատ թշնամություն սերմանել տարբեր հարևանների հետ՝ փրկիչ փնտրելով։ Իրեն խիստ ուրախացնում է մտածողության փոփոխությունը, որը նկատում է Հայաստանի տարբեր հատվածներում։ Նա ասաց, որ 2020-ի պատերազմական ողբերգությունը մարդկանց ավելի իմաստուն դարձրեց, որովհետև պարտությունը ստիպում է մտածել։ Երբ հասարակությունը սկսում է հասկանալ իր սեփական սխալները, տեղի է ունենում հոգեբանական հասունացում։
Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ մարդիկ գիտակցում են, որ եթե ուզում են փոխել երկիրը, պետք է փոխեն իրենք իրենց ու իրենց մոտեցումները, որովհետև նույն մեթոդներով չեն կարող ակնկալել այլ արդյունք․ինչպես ասել է Էնշտեյնը՝ «հնարավոր չէ անընդհատ նույն բանը անել և այլ արդյունք սպասել»։
Նա անդրադարձավ նաև եկեղեցու ներգրավվածությանը քաղաքական հարցերում։ Նրա կարծիքով՝ եկեղեցու ներսում կան շատ առաջադեմ մարդիկ, և անհատական հայտարարությունները ամբողջ եկեղեցու կարծիքը չեն ներկայացնում։ Բաբայանը հիշեցրեց, որ պատմության ընթացքում բոլոր երկրները փորձել են սահմանափակել եկեղեցու ներգրավվածությունը պետական գործերում, և Հայաստանը նույնպես վառ օրինակներ ունի՝ Խորեն Ա. կաթողիկոսի սպանությունից մինչև սովետական վերահսկողությունը և հետսովետական փորձերը՝ ազդելու կաթողիկոսների ընտրության վրա։
