Բաքուն է շահագրգռված, որպեսզի թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում Ղարաբաղյան դիսկուրսը մշտապես պահպանվի։ Նա ընդգծեց, որ Հայաստանը կարող է իր համար փակել այդ թեման, սակայն Ադրբեջանը չի անում նույնը։
Վահրամ Աթանեսյան
1inTV-ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցը կենտրոնանում է Հայաստանի վարչապետի այն հայտարարության շուրջ, թե Ղարաբաղի հարցը Հայաստանի իշխանության համար կարող է փակված լինել, սակայն հարցադրում է կատարվում, թե արդյոք այն փակ է Ադրբեջանի համար:
Վահրամ Աթանեսյանը, խոսելով այն մասին, որ քննչական կոմիտեն գործողություններ էր իրականացնում Արցախի ներկայացուցչական շենքում, ասաց, որ քննչական կոմիտեն պետք է գործի առավել կոռեկտ և իր գործողություններով քաղաքական շահարկումների առիթ չտա։ Նրա դիտարկմամբ՝ որքանով հասկացվում է, քննչական գործողությունները իրականացվում են մի քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է 2025 թվականի հունիսին, և նման գործողությունները կարող էին կատարվել ցանկացած այլ ժամանակահատվածում՝ օգոստոսին, սեպտեմբերին կամ նույնիսկ 2026 թվականի հունվարին։ Աթանեսյանը տարակուսանք հայտնեց, թե ինչու հենց այն օրերին են իրականացվել այդ գործողությունները, երբ նույն շենքում կազմակերպվել էին Ղարաբաղյան թեմայով լսումներ, ինչն անխուսափելիորեն ստեղծում է քաղաքական հետապնդման տպավորություն։
Վերլուծաբանը նշեց, որ վարչապետի՝ Ղարաբաղյան թեման փակելու վերաբերյալ հայտարարությունը կարող է վերաբերվել Հայաստանի իշխանությանը, սակայն հարց է առաջանում՝ արդյոք այդ թեման փակ է Ադրբեջանի համար։ Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը համարում է, որ Ղարաբաղի հարցը փակված է և լուծված, ապա ինչու է այդքան նյարդային արձագանքում Հայաստան-Եվրամիություն ռազմավարական համագործակցության փաստաթղթին, որտեղ ընդամենը արձանագրված է, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչությունը տեղահանվել է և գտնվում է Հայաստանում, և կողմերը ջանքեր են գործադրել շուրջ 120 հազար մարդու սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու ուղղությամբ։
Վահրամ Աթանեսյանը դիտարկեց, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այդ արձագանքը պատահական չէր և արվել էր խորհրդանշական օրերի նախաշեմին։ Նրա կարծիքով՝ հենց Բաքուն է շահագրգռված, որպեսզի թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում Ղարաբաղյան դիսկուրսը մշտապես պահպանվի։ Նա ընդգծեց, որ Հայաստանը կարող է իր համար փակել այդ թեման, սակայն Ադրբեջանը չի անում նույնը։
Աթանեսյանը նշեց, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը Իլհամ Ալիևի հորինվածքը չէ, այլ ամրագրված է Ադրբեջանի գործող սահմանադրության մեջ։ Նրա խոսքով՝ այդ սահմանադրական դրույթների իմաստով Հարավային Կովկասում Հայաստանը որպես պետություն չի ընկալվում, և այդ խոսույթը չի փոխվելու, քանի դեռ սահմանադրական փոփոխություններ չեն կատարվել։ Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտում ամրագրված է այն թեզը, ըստ որի՝ 19-րդ դարի սկզբի ռուս-պարսկական պատերազմների արդյունքում տարածքները համարվում են օկուպացված, և այդ տրամաբանությամբ Երևանի ու Նախիջևանի խանությունների տարածքները դիտարկվում են որպես ադրբեջանական։
Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ անկախ նրանից՝ հայերը խոսում են Ղարաբաղի մասին, թե ոչ, Ադրբեջանում այդ խոսույթը շարունակվելու է, և Բաքուն շարունակելու է պնդել ադրբեջանցիների «վերադարձի» թեման։ Նրա խոսքով՝ հարցը հատկապես նուրբ է այն պատճառով, որ նախաստորագրված պայմանագրերում փախստականների թեման համարվում է փակված, և Ադրբեջանի կողմից դրա շարունակական բարձրաձայնումը կարող է նշանակել պայմանավորվածությունների վերանայում կամ դրանցից հրաժարում։
Աթանեսյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղ վերադարձի կամ այդ հարցը հիշեցնելու իրավունքը պատկանում է բացառապես բռնատեղահանված բնակչությանը։ Նա ասաց, որ այն անձինք, ովքեր այսօր խոսում են այդ մարդկանց անունից, նման մանդատ չունեն, քանի որ իրենց լիազորությունները, ստացած լինելով 2020 թվականին, ավարտվել են 2025 թվականի մայիսին։ Աթանեսյանի գնահատմամբ՝ այդ շրջանակները զբաղված են քաղաքական դեմագոգիայով, այլ ոչ թե հետևողական քաղաքականությամբ։
Վահրամ Աթանեսյանը նաև հարց բարձրացրեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այն պնդման վերաբերյալ, թե 2023 թվականի սեպտեմբերին ներկայացվել է ինտեգրման ծրագիր, որը մերժվել է Ղարաբաղի ներկայացուցիչների կողմից։ Նրա խոսքով՝ մինչ օրս հստակ պատասխան չկա՝ եղել է արդյոք նման ծրագիր, ինչ է այն պարունակել, ով է մերժել և ում անունից։ Նա այս հանգամանքը ևս գնահատեց որպես լուրջ հարց, որը մնացել է անպատասխան։
Աթանեսյանը շեշտեց, որ Արցախի նախկին իշխանությունների ներկայացուցիչները լիազորված չեն խոսելու բռնատեղահանված բնակչության անունից և իրենց մանդատը ոչ միայն սպառվել է, այլ նաև գործածվել է ի վնաս Արցախի ժողովրդի։ Նա հիշեցրեց, որ 2022 թվականի ապրիլի 14-ին մերժվել է Հայաստանի վարչապետի առաջարկը՝ Արցախի անունից բանակցություններ վարելու վերաբերյալ, ինչն, ըստ նրա, ծանր հետևանքներ է ունեցել։
Ադրբեջանի ներկայիս ռազմավարական նպատակը սահմանազատումն իրականացնելն է փաստացի շփման գծով և Սյունիքում ու Գեղարքունիքում ստեղծված ռազմավարական դիրքերի պահպանումը։ Նրա գնահատմամբ՝ Ղարաբաղյան թեմայի և «վերադարձի» հարցի ակտիվացումն ուղղված է հենց նրան, որպեսզի այդ գործընթացում ադրբեջանական զորքերը չհեռանան Հայաստանի օկուպացված տարածքներից։
Վահրամ Աթանեսյանը վտանգավոր միտում համարեց այն մոտեցումները, որոնց համաձայն խաղաղության համար անհրաժեշտ է միջազգային երաշխավոր, ինչը հաճախ նույնացվում է Ռուսաստանի հետ։ Նրա խոսքով՝ դա կարող է Հայաստանը ներքաշել առավել բարդ և վտանգավոր գործընթացների մեջ՝ հատկապես 3+3 ձևաչափի ակտիվացման պայմաններում։ Ալիևի վարքում նկատվում է պրոռուսական որոշակի շեշտադրում, որը կարող է կապված լինել Ուկրաինայի շուրջ հնարավոր ամերիկա-ռուսական պայմանավորվածությունների սպասումների հետ։ Նրա կարծիքով՝ Բաքուն փորձում է չսրել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ հաշվի առնելով հնարավոր գլոբալ վերադասավորումները։Ադրբեջանում տարածքային ընդլայնման գաղափարախոսությունը խորքային ազգային հիմքեր ունի և տարածվում է ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այդ հավակնությունները պետք է քննարկվեն գլոբալ մակարդակում, քանի որ դրանք կապված են պանթուրքական ծրագրերի և տարածաշրջանային լայն գործընթացների հետ։
Վահրամ Աթանեսյանը եզրափակեց, որ Հայաստանի առաջ ծառացած են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական ինքնության պահպանման լուրջ մարտահրավերներ, և այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հավասարակշռված քաղաքականություն՝ Եվրոպայի, Միացյալ Նահանգների և անհրաժեշտության դեպքում նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների շրջանակում։ Նրա խոսքով՝ հակառակ դեպքում հնարավոր է, որ ապագայում Հայաստանը կանգնի գոյութենական լուրջ վտանգների առաջ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
