Հայաստան

Հիբրիդային Պատերազմ Հայաստանի Դեմ

Ադրբեջանը պարբերաբար հայկական ներքաղաքական դաշտ է բերում «փախստականների վերադարձի իրավունքի» թեման՝ ազդելու ներքաղաքական տրամադրությունների վրա։ Ադրբեջանի իշխանությունները ուշադիր հետևում են հայկական արձագանքներին և հասկանում, թե որ հարցերն են առավել ցավոտ, որպեսզի շարունակեն ճնշումը հենց այդ ուղղություններով։

Ստյոպա Սաֆարյան

Պետրոս Ղազարյանը զրուցել է միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի նկատմամբ մղվող հիբրիդային պատերազմը։ Սաֆարյանը մանրամասնում է, թե ինչպես են ոչ միայն ռազմական, այլև քաղաքական և տեղեկատվական գործիքները օգտագործվում երկրի ներքին և արտաքին քաղաքական ուղղությունների վրա ազդելու համար։

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ հիբրիդային պատերազմը ժամանակակից քաղաքական պայքարի ձև է, որտեղ ռազմական և ոչ ռազմական միջոցները համակցվում են։ Սաֆարյանը հիշեցրեց Կլաուզևիցի հայտնի ձևակերպումը, ըստ որի՝ քաղաքականությունը պատերազմի շարունակությունն է այլ միջոցներով, և ընդգծեց, որ այսօր այդ «այլ միջոցները» ներառում են տեղեկատվական, հոգեբանական, տնտեսական և հասարակական ազդեցության լայն գործիքակազմ։Գլոբալիզացված աշխարհում, սոցիալական ցանցերի տարածման պայմաններում, պետական սահմանները այլևս չեն համընկնում ազդեցության իրական սահմանների հետ, ինչի արդյունքում արտաքին դերակատարները կարող են հեշտությամբ ներթափանցել այլ երկրների ներքին քաղաքական և հասարակական դաշտ։ Նրա խոսքով՝ հիբրիդային պատերազմի հիմնական թիրախները երկուսն են․ կամ իշխանության փոփոխություն՝ իշխանության բերելով ցանկալի ուժերի, կամ հասարակական կարծիքի ձևավորում այնպես, որ ընդունվեն արտաքին դերակատարների համար շահավետ որոշումներ։

Նա նշեց, որ Հայաստանի դեպքում ինստիտուտը մշտադիտարկում է մի քանի տասնյակ հարթություններ և արձանագրում է ռազմական ու ոչ ռազմական գործողությունների փոխկապակցվածությունը։ Սաֆարյանը որպես օրինակ հիշեց 2021 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական ներխուժումը Հայաստանի սահմանային հատվածներ՝ ընդգծելով, որ դա համընկավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի հետ և չէր կարող պատահական լինել։

Սաֆարյանը դիտարկեց, որ ռազմական ճնշմանը զուգահեռ գործի են դրվում նաև ոչ ռազմական մեթոդներ՝ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, բլոգերների, ինչպես նաև արտասահմանյան հարթակների միջոցով տարածվող քարոզի ձևով։ Նրա խոսքով՝ այդ քարոզին պատակը քաոսի, անվստահության և ժողովրդավարության հանդեպ թերահավատության ձևավորումն է։ Ինստիտուտի ուսումնասիրություններով առանձնացվել է մի քանի հիմնական քաղաքական ուղղություն, որոնց դեմ ուղղված են հիբրիդային ազդեցությունները։ Առաջինը Հայաստանի ժողովրդավարական զարգացման և դիմակայունության խորացման քաղաքականությունն է։ Սաֆարյանը ասաց, որ առնվազն երկու պետություն՝ Ռուսաստանը և Ադրբեջանը, բացահայտ շահագրգռված չեն, որ Հայաստանը շարունակի այդ ճանապարհը։

Սաֆարյանը նշեց, որ Ադրբեջանը պարբերաբար հայկական ներքաղաքական դաշտ է բերում «փախստականների վերադարձի իրավունքի» թեման՝ ազդելու ներքաղաքական տրամադրությունների վրա։ Ադրբեջանի իշխանությունները ուշադիր հետևում են հայկական արձագանքներին և հասկանում, թե որ հարցերն են առավել ցավոտ, որպեսզի շարունակեն ճնշումը հենց այդ ուղղություններով։ Ադրբեջանի համար լուրջ մտահոգություն է նաև Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը, քանի որ դա ամրապնդում է Հայաստանի դիրքերը միջազգային հարթակներում՝ այդ թվում Արցախի հարցում, էթնիկ զտումների և փախստականների իրավունքների թեմաներով։ Սաֆարյանը ընդգծեց, որ եվրոպական ուղղությունը անքակտելիորեն կապված է ժողովրդավարության հետ, և հենց այդ պատճառով էլ այն թիրախավորվում է։

Ռուսաստանի պարագայում լայնորեն տարածվում է այն քարոզը, թե ժողովրդավարությունը իբր սպառնում է ազգային ինքնությանը։ Նրա խոսքով՝ նույն շրջանակները փորձում են եվրոպական ինտեգրումը ներկայացնել որպես Թուրքիայի կախվածության տանող ճանապարհ՝ հասարակության մեջ վախեր սերմանելու նպատակով։

Նա դիտարկեց, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման և հնարավոր անդամակցության հարցում Ռուսաստանն ու Ադրբեջանը գործում են որպես փոխկապակցված զույգ՝ նույն հիմնավորումներով։ Սաֆարյանը ընդգծեց, որ այս քարոզները տարածվում են քաղաքական ընդդիմադիր շրջանակների, նրանց հետ սերտաճած լրատվամիջոցների և բլոգերների միջոցով՝ մեկը մյուսին լրացնելով։

Հաջորդ կարևոր թիրախը Հայաստանի քաղաքական դիվերսիֆիկացիան է։ Նրա խոսքով՝ և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը չեն ցանկանում, որ Հայաստանը ունենա այլընտրանքային մատակարարումներ և գործընկերներ, քանի որ միակողմանի կախվածությունները հեշտությամբ վերածվում են ճնշման և շանտաժի գործիքների։ Նա հիշեցրեց 2013 թվականի դեպքերը, երբ գազի մատակարարման, Լարսի ճանապարհի և միգրանտների իրավունքների թեմաները կիրառվում էին որպես ճնշման լծակներ։

Նա ընդգծեց, որ ուկրաինական պատերազմից հետո այդ ավանդական լծակների մի մասը կորցրել է իր արդյունավետությունը, ինչի հետևանքով կիրառվում են ավելի ժամանակակից հիբրիդային մեթոդներ։ Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի կողմից այլընտրանքային ուղիների ստեղծումը, Իրանի հետ համագործակցության խորացումը, զգալիորեն նվազեցնում է արտաքին ճնշումների արդյունավետությունը։

Սաֆարյանը կարևորեց նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, սահմանազատման և սահմանագծման թեմաները՝ նշելով, որ այստեղ ևս առկա են հիբրիդային դիմադրություններ։ Նրա խոսքով՝ որոշ դերակատարներ շահագրգռված են, որ սահմանազատումը չկայանա, որպեսզի հետագայում հնարավոր լինի նոր իրողություններ պարտադրել Հայաստանին։

Նա նշեց, որ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը ևս հիբրիդային քարոզի թիրախում են, և այստեղ կրկին առանցքային դեր ունեն Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Սաֆարյանը հավելեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և այլ տարածաշրջանային նախագծեր նույնպես հանդիպում են դիմադրության, քանի որ փոխում են տարածաշրջանային լոգիստիկ և քաղաքական բալանսը։ Սաֆարյանն առանձնացրեց այն երկրների շրջանակը, որոնք տարբեր փուլերում շահագրգռված են Հայաստանի դեմ հիբրիդային ազդեցություններ գործադրելու հարցում՝ նշելով Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը՝ տարբեր դրսևորումներով և տարբեր նպատակներով։

Հիբրիդային պատերազմների թիրախում են ոչ միայն քաղաքական նպատակները, այլև կոնկրետ պաշտոնյաները՝ վարչապետը, նախարարները, նրանց ընտանիքի անդամները, հատկապես այն ոլորտներում, որոնք պատասխանատու են եվրոպական ինտեգրման, անվտանգության և դիվերսիֆիկացման համար։

Սաֆարյանը ցավով նշեց, որ այս գործընթացներում ներգրավված է նաև եկեղեցին՝ ընդգծելով, որ դա արտաքին պատվերի և ազդեցության հետևանք է, ոչ թե զուտ ներքին հակասությունների արդյունք։ Նրա խոսքով՝ որոշ հոգևորականների վարքագիծը և հրապարակային նարատիվները փաստացի ծառայում են Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացման խոչընդոտմանը։

Ավարտելով խոսքը՝ Ստյոպա Սաֆարյանը ընդգծեց, որ հիբրիդային պատերազմների ամենավտանգավոր կողմն այն է, երբ արտաքին քարոզները տարածվում են հայերի միջոցով՝ գիտակցված կամ չգիտակցված կերպով։ Նրա համոզմամբ՝ այդ քարոզների նպատակըպՀայաստանի ներքին և արտաքին քաղաքական նպատակների հետ շրջումն է, և դրանց դեմ դիմակայումը պահանջում է սթափ գնահատում, գիտակցում և ինստիտուցիոնալ դիմադրություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *