Հայաստան

Ընտրություններին Ո՞ւմ Է Աջակցելու Գարեգին Երկրորդը

Նրա քայլերը մեծապես պայմանավորված են լինելու եկեղեցու ներսում տիրող իրավիճակով, այն աջակցությամբ, որ կստանա եպիսկոպոսներից և արքեպիսկոպոսներից։ Կաթողիկոսը և նրա եղբայրը մեդալներ են ստացել Ռուսաստանի Դաշնության ղեկավարից, ինչը, ըստ նրա, նշանակալից փաստ է։

Էլեն Հոխիկյան

Armtimes-ը զրուցել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտքի կենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանի հետ։ Քննարկման հիմնական թեմաներն են Եկեղեցու և պետության հարաբերությունները, ընդգծելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դերը և նախկին նախագահներ՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտարարությունները։ 

Էլեն Հոխիկյանը նշեց, որ առնվազն կարելի է արձանագրել, որ առաջին տպավորությունից նրանց հայտարարությունները աջակցություն են կաթողիկոսին, իսկ հետո արդեն ավելի բաց կերպով՝ նրա օրակարգերին։ Նրա դիտարկմամբ՝ եթե հաշվի առնենք, որ նույն դաշտում են խաղում թե՛ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժը, թե՛ կաթողիկոսը, և մոտավորապես նույն շահերն են սպասարկում, ապա դա ինչ-որ տեղ հասկանալի է։ Իսկ թե կոնկրետ այդ հայտարարությունները սպառնալիք են, թե ոչ, Հոխիկյանը կարծում է, որ այդ հարցով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, այդ թվում՝ հատուկ ծառայությունները։

Մասնագետը ընդգծեց, որ «յուրաքանչյուր գործողություն» ձևակերպումը կարող է նշանակել ամեն ինչ՝ մինչև ռազմական գործողությունների կոչեր, նկատելով, որ նման կոչեր հնչեցրել է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Նա հիշեցրեց առնվազն մեկ արքեպիսկոպոսի հայտարարությունը, որը խոսել էր ռազմական հեղաշրջման մասին և նշել, որ այդ հարցով դիմել է երկու նախկին նախագահներին՝ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։ Ըստ Հոխիկյանի՝ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն այս հարցում համակարծիք է այդ դիրքորոշման հետ և սպասում է կաթողիկոսի համապատասխան հորդորին։

Էլեն Հոխիկյանը դիտարկեց, որ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններում նույնպես ակնարկվում է, թե ներկայիս իշխանությունները չեն կարող մոբիլիզացնել մարդկանց՝ Մայր Աթոռի դեմ գործողությունների համար։ Նրա կարծիքով՝ այս խոսույթում կարող են արտահայտվել նաև ցանկություններ, այսինքն՝ տեսլական, թե ինչ կուզեին իրենք իրականացնել, եթե հնարավորություն ունենային։

Փորձագետը նշեց, որ այս գործընթացներում ակնհայտ է ռուսական գծի և ռուսական շահերի գործոնը։ Նրա խոսքով՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ կաթողիկոսը երկար ժամանակ ներկայացրել են այն թևը, որը պաշտպանել է այդ շահերը։ Հոխիկյանը չի բացառում, որ առաջիկա ընտրությունների համատեքստում, հատկապես առաջիկա վեց ամիսների լարվածությամբ պայմանավորված, այս աջակցությունները ավելի բաց կդառնան, քանի որ Ռուսաստանը դաշտ է նետում տարբեր դերակատարների, իր շահերը պաշտպանելու համար։

Խոսելով կաթողիկոսի դիրքորոշման մասին՝ Էլեն Հոխիկյանը նշեց, որ նրա քայլերը մեծապես պայմանավորված են լինելու եկեղեցու ներսում տիրող իրավիճակով, այն աջակցությամբ, որ կստանա եպիսկոպոսներից և արքեպիսկոպոսներից։ Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կաթողիկոսը և նրա եղբայրը մեդալներ են ստացել ՌուսաստանիԴաշնության ղեկավարից, ինչը, ըստ նրա, նշանակալից փաստ է։

Հոխիկյանը անդրադարձավ նաև վարչապետի հայտարարությանը, ըստ որի՝ կաթողիկոսի եղբայրը ժամանակին եղել է ՊԱԿ գործակալ։ Նրա կարծիքով՝ վարչապետը հղում էր անում գաղտնազերծված փաստաթղթերին, և պատճառ չկա չհավատալու, հատկապես որ հերքումներ չեն հնչել։ Միաժամանակ նա ընդգծեց, որ ՊԱԿ գործակալ լինելու հարցը պետք է դիտարկել պատմական համատեքստում՝ նկատի ունենալով, որ սովետական շրջանում այդ մարդիկ ծառայել են իրենց երկրի շահերին, ոչ թե երրորդ պետության։

Էլեն Հոխիկյանը տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ վերջին ամիսներին Մայր Աթոռից կամ անձամբ կաթողիկոսից այս մեղադրանքներին գրեթե արձագանք չի եղել։ Նրա խոսքով՝ այդ լռությունն ինքնին խոսուն է։

Պետություն-եկեղեցի հարաբերությունների վերաբերյալ Հոխիկյանը ասաց, որ երկու կողմերն էլ հետ քայլի տեղ չունեն։ Նրա դիտարկմամբ՝ եկեղեցու վերնախավի մի հատվածը 2020 թվականից փաստացի պատերազմ է հայտարարել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս գործող իշխանությունների, և այդ պայմաններում պետությունը չի կարող հետ կանգնել, քանի որ խոսքը պետության շահի մասին է։ Նա ընդգծեց, որ եթե պետությունը հետքայլ անի, դա կնշանակի հնարավորություն տալ այլ երկրի շահերը ներկայացնող ազդեցիկ եկեղեցականներին պահպանել ու նույնիսկ ամրապնդել իրենց դիրքերը։

Մասնագետը կարծում է, որ Գարեգին Երկրորդ-ը միանձնյա որոշում ընդունելու ազատություն չունի, հատկապես՝ հրաժարվելու իր լիազորություններից, եթե իսկապես ներգրավված է այլ երկրի շահերի սպասարկման մեջ։ Նրա խոսքով՝ նա կպայքարի այնքան ժամանակ, որքան թույլ կտան ունեցած հնարավորությունները և եկեղեցում տիրող ներքին իրավիճակը։

Էլեն Հոխիկյանը ցավով նշեց, որ եկեղեցում առաջացած ճեղքվածքը վնասում է առաջին հերթին Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակությանը։ Նրա կարծիքով՝ եթե եկեղեցու ղեկավարությունը իսկապես առաջնորդվեր քրիստոնեական արժեքներով, ապա պետք է գիտակցեր, որ ներկայիս վարքագիծը ամենամեծ վնասը հասցնում է հենց եկեղեցու անվանը, և այդ դեպքում ավելի ճիշտ կլիներ հեռանալ՝ թույլ չտալով եկեղեցու հեղինակության հետագա անկումը։

Նա նաև նշեց, որ Ռուսաստանը պատերազմից հետո չկարողացավ քանդել Հայաստանի պետական ինստիտուտները, բայց կարողացավ ազդել եկեղեցու վրա՝ դրանով լուրջ վնաս հասցնելով աշխարհի ամենահին և հեղինակավոր կառույցներից մեկին՝ Հայ Առաքելական Եկեղեցուն։

Խոսելով որոշ հոգևորականների ագրեսիվ լեզվամտածողության մասին՝ Հոխիկյանը նշեց, որ դա վկայում է եկեղեցում ձևավորված անառողջ միջավայրի մասին։ Նրա խոսքով՝ երբ վերնախավի ներկայացուցիչները իրենց թույլ են տալիս քաղաքական կոչեր, վիրավորանքներ և նույնիսկ հեղաշրջման մասին հայտարարություններ, բնական է, որ ստորադաս հոգևորականներն էլ իրենց նման վարքագիծ են թույլ տալիս։

Եկեղեցու բարեփոխումների վերաբերյալ Էլեն Հոխիկյանը ընդգծեց, որ դրա անհրաժեշտությունը միանշանակ է, սակայն լուծումը պետք է գա ներսից՝ ինքնամաքրման ճանապարհով։ Նրա համոզմամբ՝ Գարեգին Երկրորդ-ի հեռանալը դարձել է անխուսափելի, քանի որ նա կոպտորեն խախտել է այն սահմանը, որտեղից սկսվում է պետության կառավարման գործերին միջամտությունը՝ ոչ թե Հայաստանի, այլ ուրիշ երկրի շահերի տեսանկյունից։

2018 թվականից հետո իրավիճակի փոփոխության մասին խոսելով՝ Էլեն Հոխիկյանը նշեց, որ մինչ այդ իշխանությունները, իր գնահատմամբ, գտնվում էին Ռուսաստանի շահերի «կոմֆորտ գոտում», և կաթողիկոսը կարիք չէր տեսնում միջամտելու։ 2018-ից հետո, սակայն, իշխանության եկան ուժեր, որոնք չունեին արտաքին կենտրոններից կախվածություն, ինչը Մոսկվայի համար վտանգավոր դիրքավորում է։

Միջազգային հարաբերությունների մասով Հոխիկյանը նշեց, որ Հայաստանի և Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի հետ ռազմավարական համագործակցության խորացումը բնականաբար առաջացրել է սինխրոն դժգոհություն թե՛ Բաքվում, թե՛ Մոսկվայում։ Նրա խոսքով՝ սա մրցակցային արձագանք է, քանի որ Արևմուտքը տարածաշրջանում Հայաստանի վրա է խաղադրույք կատարում՝ որպես ժողովրդավար պետության։

Եզրափակելով՝ Էլեն Հոխիկյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը հասկանում է՝ առաջիկա ընտրությունները կարող են լինել վերջին հնարավորությունը Հայաստանի վրա ազդեցությունը վերականգնելու համար, և այդ պատճառով կփորձի խաղադրույք անել տարբեր քաղաքական ուժերի վրա՝ դիվերսիֆիկացնելով իր աջակցությունը։ Նրա դիտարկմամբ՝ կաթողիկոսն արդեն ապացուցել է, որ այդ դաշտում է գործում, թեև կոնկրետ ում կաջակցի՝ դեռ դժվար է ասել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *