Ինչպես Մոլդովայի, այնպես էլ Հայաստանի հասարակությունը իր ապագան տեսնում է Եվրամիության հետ ինտեգրման գործընթացում, այլ ոչ թե Եվրասիական կամ Ռուսաստանի կողմից առաջարկվող այլ նախագծերում։
Ռոբերտ Ղևոնդյան
1inTV-ն զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են եվրոպական շահերի համակարգում Հայաստանի ինտեգրման հեռնակարները, ինչպես նաև Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ:
Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող փոխհարաբերությունները քայլ առ քայլ մոտեցնում են կողմերին շահերի համադրման օրգանական փուլին։ Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի խոսել ոչ թե առանձին համագործակցությունների, այլ շարունակական գործընթացների մասին, որոնք կվկայեն Հայաստանի անընդհատ ինտեգրման մասին եվրոպական շահային համակարգին և, միաժամանակ, եվրոպական շահերի ներառման մասին Հայաստանի Հանրապետության ռազմավարական մոտեցումներում։
Քաղաքագետը ընդգծեց, որ արտաքին գործերի նախարարի այցը Բրյուսել շատ կարևոր է՝ հատկապես դեկտեմբերի 2-ին ստորագրված ռազմավարական օրակարգի փաստաթղթից հետո։ Նրա դիտարկմամբ՝ այդ հանդիպման ընթացքում ավելի հստակ կհստակեցվեն այն ուղղությունները և հնարավորությունները, որոնք Եվրոպական միությունը բացում է Հայաստանի առաջ՝ առաջին հերթին հիբրիդային հարձակումներին դիմակայելու, ինչպես նաև պաշտպանական, անվտանգային, տնտեսական և ընդհանուր զարգացման ոլորտներում։
Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ Եվրամիության կողմից քննարկվում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին աջակցություն ցուցաբերելու հարցը՝ արտաքին ազդեցություններին դիմակայելու նպատակով՝ Մոլդովայի օրինակով։ Նրա համոզմամբ՝ միայն ֆինանսական աջակցությունը բավարար չէ։ Անհրաժեշտ են նաև տեխնիկական աջակցություն, փորձի փոխանցում և խորհրդատվություն՝ հատկապես հաշվի առնելով Մոլդովայի փորձը, որը կարողացել է կանխել հիբրիդային գործընթացների արդյունքում արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը։
Նա ընդգծեց, որ ինչպես Մոլդովայի, այնպես էլ Հայաստանի հասարակությունը իր ապագան տեսնում է Եվրամիության հետ ինտեգրման գործընթացում, այլ ոչ թե Եվրասիական կամ Ռուսաստանի կողմից առաջարկվող այլ նախագծերում։ Ղևոնդյանի կարծիքով՝ կոնկրետ իրավիճակներում կոնկրետ գործողությունների համակարգումը և նպատակային աջակցությունը չափազանց կարևոր են, սակայն ամենակարևոր գործոնը Հայաստանի «տնային աշխատանքն» է․երկիրը պետք է կարողանա ճիշտ օգտագործել ստացվող աջակցությունը՝ առկա սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու համար, հատկապես 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Նրա խոսքով՝ այսհարցում գնդակը հայկական կողմի դաշտում է։
Խոսելով հիբրիդային պատերազմի մասին՝ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ այս պահի դրությամբ արդյունքները ընդհանուր առմամբ դրական են։ Նրա գնահատմամբ՝ հիբրիդային գրոհների միջոցով չի հաջողվել Հայաստանում ստեղծել այնպիսի իրավիճակ, որը կարող էր հանգեցնել արտաքին քաղաքական կուրսի փոփոխության։ Նա ընդգծեց, որ հիբրիդային պատերազմի հիմնական նպատակը հենց այդ կուրսի փոփոխությունն է, մինչդեռ Հայաստանի հասարակության մեծ մասը կողմ է եվրոպական ինտեգրմանը։ Արդյունքներից ելնելով՝ նա աշխատանքը գնահատեց բավարար, սակայն միևնույն ժամանակ նշեց, որ կան բացթողումներ և ոլորտներ, որտեղ հնարավոր էր ավելի արդյունավետ գործել։
Ռոբերտ Ղևոնդյանը անդրադարձավ նաև Գերմանիայի կանցլերի հայտարարություններին Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ՝ նշելով, որ այդ մտահոգությունները նոր չեն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հավակնությունները վաղուց են ձևավորվել, և Ուկրաինան այդ գործընթացի վերջնակետը չէ։ Նա կարծում է, որ եթե Ռուսաստանում իշխանությունը չփոխվի, Կրեմլը կշարունակի վիժեցնել ցանկացած համաձայնության հասնելու փորձ։ Այս համատեքստում, ըստ նրա, կանցլերի հայտարարությունները պարզապես իրականության հերթական արձանագրումն են և կոչ՝ հետխորհրդային այն պետություններին, որոնք չեն ցանկանում վերադառնալ Ռուսաստանի ազդեցության գոտի։
Անդրադառնալով Բաքվի արձագանքներին դեկտեմբերի 2-ի փաստաթղթի ստորագրումից հետո՝ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է ազդեցություն ունենալ տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր գործընթացների վրա և դառնալ այն կենտրոնը, որի հետ պետք է համաձայնեցվեն բոլոր նախաձեռնությունները։ Նրա խոսքով՝ խնդիրըոչ թե փաստաթղթի բովանդակությունն է, այլ այն, որ այն համաձայնեցված չէ Ադրբեջանի հետ։ Նա հավելեց, որ այդ հավակնությունները լիարժեք աջակցություն չեն ստանում ոչ միայն Եվրոպայում և ԱՄՆ-ում, այլ նաև որոշ դեպքերում՝ Թուրքիայում։
Քաղաքագետը կարծում է, որ խաղաղության գործընթացը և Բաքվի հավակնությունները հակադիր չեն։ Նրա դիտարկմամբ՝ խաղաղության պայմաններում անգամ Հայաստանը և Ադրբեջանը շարունակելու են մրցակցել, և Բաքուն, ունենալով ավելի մեծ ռեսուրսներ, կփորձի իրեն ներկայացնել որպես տարածաշրջանային «միջին ուժ», որի հետ պետք է հաշվի նստեն մյուս խաղացողները։
Խոսելով 2026 թվականի ընտրությունների շուրջ հնարավոր ռիսկերից՝ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որչի կարելի ամբողջությամբ բացառել հիբրիդային գրոհների հաջողությունը, քանի որ քաղաքական գործընթացները երբեք 100 տոկոսով կանխատեսելի չեն։ Սակայն հավանականությունների գնահատմամբ նա նշեց, որ այս պահին ավելի հավանական է, որ գործող իշխանությունը կպահպանի իշխանությունը, մինչդեռ Մոսկվայի կողմից խրախուսվող քաղաքական ուժերը ունեն շատ ավելի փոքր, թեև ոչ զրոյական շանսեր։
Ամփոփելով՝ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ ներքին խնդիրների մեծ մասը ունի արտաքին հետք, այդ թվում՝ իշխանությունների և եկեղեցու որոշ շրջանակների միջև առկա լարվածությունը։ Նա չհամաձայնեց այն տեսակետին, թե խաղաղության օրակարգը հնարավոր է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև 2026 թվականը՝ նշելով, որ ֆիզիկապես դա անհնար է։ Նրա խոսքով՝ առավելագույնը հնարավոր է գործընթացները հասցնել անշրջելիության աստիճանի, սակայն նույնիսկ դա դժվար կլինի իրականացնել մինչև 2026 թվականի հունիսը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
