Պարզվում է՝ իրականությունն ամենևին այդպիսին չի եղել։ Ավելին, հենց Ռուսաստանն է համակարգված ձևով, տարիներ շարունակ, խոչընդոտել այն երկրների քայլերը, որոնք պատրաստվում էին ճանաչել Արցախի անկախությունը։
Մկրտիչ Իսրայելյան
Մեր Խոսքը՝
Մկրտիչ Իսրայելյանը Zarkerak Lratvakan-ի եթերում անդրադարձել է դաշնակցական Կիրո Մանոյանի խոսքերին, որը պնդում է, որ Ռուսաստանը միջամտել է 2012 թվականին Արցախի անկախությունը ճանաչելու Ուրուգվայի ծրագրերին՝ հեռախոսազանգի միջոցով: Մկրտիչ Իսրայելյանը նշում է, որ ապացույց է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ խոչընդոտել է Արցախի միջազգային ճանաչմանը, հերքելով այն գաղափարը, թե իբր Հայաստանն ինքն է դեմ եղել ճանաչմանը: Բայց այս ամենում ոչ միայն Կիրո Մանոյանի խոսքն է այդքան հետաքրքիր, այլ այն, որ դա ասում է ՀՅԴ անդամը՝ մի կուսակցության անդամը, որը ՀՀ անկախության տարիներին մշտապես հանդես է եկել պրոռուսական կողմնորոշմամբ ու հիմա էլ ԱԺ-ում է ՀՀ երկրորդ նախագահ՝ Հայաստանը ՌԴ կազմում պատկերացնող Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմած։ Ու ի՞նչն է ստիպել բազմափորձ կուսակցականին նման բաներ ասելու։ Այդ խոսքերը պարզապես չմտածված խոսքե՞ր են, թե չզսպված մի հոգոց։ Դժվար է ասել։ Հազիվ թե ՀՅԴ-ում որոշել են ընդունել անցյալի սխալներն ու հրաժարվել են «ռուսականությունից»։ Նման բան անելու համար դաշնակցականները չափից ավելի համառ են։ Սեփական սխալն ընդունելը ինքնասպանության նման ծանր տանող կուսակցության միտքը ի՞նչ է։ Ինչո՞ւ է դաշնակցականը «խոստովանում», որ ՌԴ-ն խանգարել է Արցախի անկախությանը։ Սա հեռակա մեղայակա՞ն է, 2026-ի ընտրություններին նախապատրաստական հուսահատ քա՞յլ, թե ՀՅԴ-ն նոր պատվիրատու ունի։
Մեր Ուղին
Ստորև ներկայացնում ենք Մկրտիչ Իսրայելյանի խոսքը.
Դաշնակցական գործիչ Կիրո Մանոյանը երեկ, կարելի է ասել, սենսացիոն բացահայտում արեց՝ ներկայացնելով մի փաստ, որը մինչ այժմ լայնորեն հայտնի չէր։ Նրա պատմելով՝ 2012 թվականին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարն այցելել է Երևան հատուկ մեկ նպատակով՝ պաշտոնապես հայտարարելու, որ Ուրուգվայը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը։ Եթե այդ հայտարարությունը հնչեր, Ուրուգվայը կդառնար առաջին պետությունը, որը կճանաչեր Արցախի անկախությունը։
Սակայն հենց այդ վճռորոշ պահին, ըստ Մանոյանի, գործընթացին միջամտում է Մոսկվան։ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը Երևանում գտնվելու ընթացքում ստանում է հեռախոսազանգ, որն ուղղորդված է Ռուսաստանից, և այդ զանգից հետո նախատեսված հայտարարությունը պարզապես չի կայանում։
Առաջին հայացքից այս պատմությունը կարող է թվալ ընդամենը մեկ պատմական դրվագ, սակայն իրականում այն բացում է մի ամբողջ էջ՝ ցույց տալով, թե ինչպես է Ռուսաստանը տարիներ շարունակ կանխել Արցախի միջազգային ճանաչման գրեթե բոլոր հնարավոր փորձերը։ Եվ սա ոչ թե ենթադրություն կամ վարկած է, այլ ուղիղ ականատեսի պատմություն։
Այս դրվագը կարևոր հարց է առաջ բերում․ ի՞նչ է սանշանակում այն տարիների ընթացքում, երբ մենք մշտապես լսել ենք Պուտինի և ռուսական պրոպագանդայի ներկայացուցիչների հայտարարությունները, թե իբր Հայաստանը ինքն է հրաժարվել ճանաչել Արցախի անկախությունը։ Պարզվում է՝ իրականությունն ամենևին այդպիսին չի եղել։ Ավելին, հենց Ռուսաստանն է համակարգված ձևով, տարիներ շարունակ, խոչընդոտել այներկրների քայլերը, որոնք պատրաստվում էին ճանաչել Արցախի անկախությունը։
Ուրուգվայի դեպքը բոլորովին էլ բացառիկ չէ։ Այն ընդամենը մեկ դրվագ է մի ավելի լայն շղթայի մեջ, որտեղ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը դարձել է խոչընդոտ ոչ միայն Հայաստանի, այլև մի շարք այլ երկրների նախաձեռնությունների համար։ Այս պատմությունը բացահայտում է մի իրականություն, որի մասին քչերն էին բարձրաձայնում․ Արցախի անկախության միջազգային ճանաչման հիմնական արգելքը Հայաստանի դիրքորոշումը չէր, այլ Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումները միջազգային դերակատարների վրա։
Եվ այսօր, երբ Պուտինը և այլ ռուս պաշտոնյաներ մեղադրում են Հայաստանին՝ իբր ինչու չենք ճանաչել Արցախի անկախությունը, անհրաժեշտ է հիշեցնել հենց այս պատմությունը։ Երևանը չի ճանաչել Արցախի անկախությունը ոչ թե կամքի պակասի պատճառով, այլ որովհետև Ռուսաստանը դա չէր թույլատրում՝ ո՛չ մեզ, ո՛չ էլ այլ պետություններին։ Ռուսաստանը Արցախի հարցը օգտագործում էր ոչթե հայկական շահերի պաշտպանության համար, այլ որպես քաղաքական լծակ՝ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի վրա իր ազդեցությունը պահպանելու նպատակով։
Սա արդեն ոչ միայն պատմական ճշմարտություն է, այլև կարևոր դաս՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ տարիներ շարունակ Արցախը չի ստացել միջազգային լեգիտիմություն և ինչ դերակատարում է ունեցել Ռուսաստանը այդ գործընթացում։ Ինչպես կասեին դաշնակցականները՝ գինի լից, ընկեր ջան, գինի լից։
Տեսանյութը՝
