Այս հարցադրումը նույնքան ցինիկ, սադրիչ եւ անգրագետ է, որքան Սամվել Շահրամանյանին եւ բոլոր արցախցիներին արվող վերագրումները:
Վահրամ Աթանեսյան
Բաքվի իշխանական minval-ը գրել է, որ Սամվել Շահրամանյանն է «Ադրբեջանին մատնել» Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին, ի մասնավորի՝ Ռուբեն Վարդանյանի «փախուստի երթուղին»:
Սկանդալային եւ մի շատ զգալի չափով հերյուրած գրառումների «վարպետ» Ռոման Բաղդասարյանը վստահաբար գրել է, որ Սամվել Շահրամանյանի «դավաճանությունը բացահայտված է», նրան երկրորդել է Թուրքիայում բնակվող Նատալի Ալեքսանյանը:
Սոցիալական ցանցերում այդ գրառումները հազարավոր «լայքեր» ունեն, հարյուրավոր «կիսումներ», բազմաթիվ «քոմենթներ», որ մեկը մյուսից անգրագետ են, ցինիկ, անպատասխանատու եւ, որ ամենակարեւորն է, սադրիչ:
Հեղինակները, թույլ տամ ասել, վայրենի արցախատյացություն են քարոզում, հարյուր քսան հազար մարդու «դավաճան», «ծախու», «փողի մեռած» պիտակում:
Արցախի վերջին օրինական նախագահ Արայիկ Հարությունյանի ծննդյան օրով ստեփանակերտցի փաստաբանը շնորհավորում է նրան, առողջություն, տոկունություն, շուտափույթ ազատություն մաղթում եւ խոսքն ավարտում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցումով, թե Գյանջայի «հրետակոծության համար ինչու՞ է Արայիկ Հարությունյանը մեղադրվում»:
Ի՞նչ է նա ակնարկում, մեկնաբանելու հարկ չկա: Այս հարցադրումը նույնքան ցինիկ, սադրիչ եւ անգրագետ է, որքան Սամվել Շահրամանյանին եւ բոլոր արցախցիներին արվող վերագրումները:
Այս ողբերգա-զավեշտական վիճակից մարդ փորձում է «գլուխն ազատել», բայց սոցիալական մեդիայում հանդիպում է Ազգային ժողովի նախկին պատգամավորի գրառմանը, որով նա բոլոր ընդդիմադիրներին կոչ է անում հանրային հարցում անցկացնել, ընտրել վստահելի մարդկանց, կազմել նախընտրական ցուցակ եւ հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը: Նա փորձառու եւ գիտակ անձնավորություն է, ընդունում է, որ «բազմերանգ» թիմով երկիր կառավարել չի լինի, բայց պնդում է, թե «եկեք հասնենք Նիկոլի հեռացմանը, մնացածի մասին հետո կմտածենք»:
Դուք պատկերացնու՞մ եք իրավիճակ, երբ հինգ-վեց քաղաքական ամեն ինչ անի, որ ՔՊ-ն մեծամասնություն չկազմի, բայց ընտրություններից հետո պարզվի, որ վարչապետի, նախարարների թեկնածուների, կառավարության ծրագրի հարցում նրանք «կարապ-խեցգետին եւ գայլաձուկ են»:
Պատկերացնու՞մ եք, եկող մայիսին Երեւանում Եվրոպայի ժողովրդավարական համայնքի խորհրդաժողով է տեղի ունենում, բոլորն սպասում են հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրմանը, հայ-թուրքական սահմանի բացմանը, իսկ Երեւանում տեղի է ունենում «հունիսյան ապստամբություն». նախկին կառավարությունը լեգիտիմ չէ, նորը չի ձեւավորվում:
Այսպես չի կարելի: Այսպես ուղղակի անթույլատրելի է:
Վահրամ Աթանեսյան
