Բոլոր կրոնական կազմակերպությունները, հատկապես Հայ Առաքելական Եկեղեցին, վաղուց պետք է լինեին հարկային դաշտում։ Եկեղեցին, տարբեր տվյալներով, ունի 600–800 անշարժ գույք՝ հողամասեր, շենքեր, շինություններ, և եթե շարքային քաղաքացին վճարում է գույքահարկ, ապա պետք է հստակ բացատրվի, թե ինչու նույնը չի կիրառվում եկեղեցու նկատմամբ։
Լևոն Բարսեղյան
1inTV-ն զրուցել է Գյումրու «Ասպարեզ» ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։ Լևոն Բարսեղյանը ընդգծում է, որ կրոնական կազմակերպությունները պետք է մտցվեն հարկային դաշտ, և քննադատում է հարկերը եկեղեցուն վերադարձնելու կառավարության առաջարկը։
Լևոն Բարսեղյանը ասաց, որ վարչապետի՝ պատարագներին մասնակցելը և հավատքի ազատության իրացման մասին խոսելը ինքնին խնդիր չէ։ Նրա խոսքով՝ ցանկացած քաղաքացի, այդ թվում պետական պաշտոնյա, ունի հավատալու կամ չհավատալու սահմանադրական իրավունք։ Խնդիրը սկսվում է այնտեղ, որտեղ պետական իշխանությունը խառնում է իր լիազորությունները կրոնական կազմակերպության ներքին հարցերի հետ։ Բարսեղյանը կարծում է, որ կանոնագրքերի ընդունումը, կաթողիկոսի ընտրությունը կամ եկեղեցու ներքին կառավարման հարցերը պետության գործը չեն և պետք է մնան տվյալ կրոնական կազմակերպության իրավական դաշտում։ Պետությունը տարիներ շարունակ չի կատարել իր հիմնական պարտականությունը՝ օրենսդրորեն կարգավորել պետություն-կրոնական կազմակերպություններ հարաբերությունները։ Նա ընդգծեց, որ գործող օրենսդրությամբ այդ հարաբերությունները թերի են կարգավորված, և վարչապետը, որպես այդ մակարդակի պաշտոնյա, պարտավոր էր վաղուց գիտակցել դա։
Լևոն Բարսեղյանը ասաց, որ վարչապետի առաջարկը՝ եկեղեցին բերել հարկային դաշտ և ապա վճարված հարկերը վերադարձնել, իր համար երկակի է․ առաջին մասը՝ ընդունելի, երկրորդ մասը՝բացարձակ մերժելի։ Նրա խոսքով՝ Հայաստանում բոլոր կրոնական կազմակերպությունները, հատկապես Հայ Առաքելական Եկեղեցին, վաղուց պետք է լինեին հարկային դաշտում։ Եկեղեցին, տարբեր տվյալներով, ունի 600–800 անշարժ գույք՝ հողամասեր, շենքեր, շինություններ, և եթե շարքային քաղաքացին վճարում է գույքահարկ, ապա պետք է հստակ բացատրվի, թե ինչու նույնը չի կիրառվում եկեղեցու նկատմամբ։ Բարսեղյանի համոզմամբ՝ հարկերը վերադարձնելու խոստումը անհասկանալի արտոնություն է, որը չի տարածվում մյուս հարկատուների վրա։ Նույն հարցը վերաբերում է նաև ներմուծումներին․ եկեղեցին և այլ կազմակերպություններ արտերկրից ապրանքներ ներմուծելիս հաճախ ազատվում են մաքսատուրքից և ավելացված արժեքի հարկից։ Նրա կարծիքով՝ պետք է հստակ պատասխան լինի, թե ինչու բոլորը վճարում են, իսկ կրոնական կազմակերպությունը՝ ոչ։Կրոնական կազմակերպությունների կանխիկ ֆինանսական շարժերը նույնպես պետք է արձանագրվեն ՀԴՄ-ներով։ Նա նշեց, որ եթե փոքր ձեռնարկատերը պարտավոր է յուրաքանչյուր վաճառք գրանցել, ապա նույն պահանջը պետք է կիրառվի նաև մոմերի վաճառքից մինչև այլ ծառայություններ իրականացնող եկեղեցական կառույցների նկատմամբ։
Այս ամենը պետք է կարգավորվի օրենքներով՝ գույք, բյուջե, եկամուտներ, ծախսեր, հաստիքացուցակներ, և այդ տվյալները պետք է լինեն բաց և թափանցիկ։ Նա ընդգծեց, որ կրոնական կազմակերպությունները շահույթ չհետապնդող են, բայց դա չի նշանակում, որ չպետք է լինեն հաշվետու։
Լևոն Բարսեղյանը նշեց, որ տեսչական մարմինները՝ ՊԵԿ-ը, առողջապահության, աշխատանքի և սննդի անվտանգության տեսչությունները, պետք է ունենան ազատ մուտք և վերահսկողության լիազորություններ կրոնական կազմակերպությունների կողմից կառավարվող օբյեկտներում։ Նրա խոսքով՝ եթե ֆիզիկապես աշխատում է 100 մարդ, բայց հարկեր վճարվում են 20-ի համար, դա պետք է բացահայտվի և ունենա իրավական հետևանքներ։
Նա ասաց, որ թե՛ գործող, թե՛ նախորդ իշխանությունները տարիներ շարունակ չեն արել այս քայլերը՝ որոշելով, որ եկեղեցին արտոնյալ է։ Նրա դիտարկմամբ՝ անհասկանալի է, թե ինչու գյուղացին վճարում է հողի հարկ, իսկ կրոնական կազմակերպությունը՝ ոչ։
Անդրադառնալով վարչապետիհայտարարություններին՝ Բարսեղյանը նշեց, որ կանոնակարգերի ընդունման թեմաները վեց ամիսշարունակ կրկնելը պետական պաշտոնյայի դիրքից ընկալվում է որպես միջամտություն կրոնականկազմակերպության ներքին գործերին։ Նրա կարծիքով՝ եթե վարչապետը և իշխող ուժի ներկայացուցիչները հավատացյալ են, նրանք կարող են հանդես գալ որպես տվյալ կրոնական կազմակերպության անդամներ, ոչ թե որպես պետական իշխանություն։ Հայ Առաքելական Եկեղեցու ներսում բաժանումները նորություն չեն և միշտ էլ եղել են տարբեր խմբեր՝ գործող կաթողիկոսին աջակցող, ընդդիմացող և չեզոք։ Նրա խոսքով՝ այս ներքին հակասությունները պետք է լուծվեն եկեղեցու ներսում՝ առանց պետական ճնշման։
Լևոն Բարսեղյանը նշեց, որ վարչապետի կողմից հնչեցված՝ եկեղեցու ֆինանսավորման թափանցիկ չլինելու մասին խոսքերը ուշացած են։ Նրա խոսքով՝ այդ խնդիրը հայտնի է եղել տասնամյակներ շարունակ, և եթե իշխանությունը յոթ տարի ոչինչ չիարել, ապա այժմ զայրանալը քաղաքական հաշվարկ է։
Նա ասաց, որ պետական իշխանությունը պետք է զուսպ լինի և չմտնի որևէ կրոնական կազմակերպության գործերի մեջ, փոխարենը՝ կատարի իր գործը՝ կարգավորի հարկային դաշտը, վերացնի անհիմն արտոնությունները, ապահովի ֆինանսական և կազմակերպչական թափանցիկությունը։
Անդրադառնալով արտաքին միջամտության թեմային՝ Բարսեղյանը նշեց, որ Հայաստանի ընտրություններին արտաքին ազդեցության վտանգի մասին վաղուց են խոսում թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, թե՛ փորձագետները։ Նրա խոսքով՝ խոսքը բազմոլորտ հիբրիդային ազդեցությունների մասին է, որոնց նպատակը Կրեմլին նպաստավոր ուժերի իշխանության բերելն է։ Նա օրինակ բերեց Մոլդովան՝ նշելով, որ այնտեղ կիրառվել են գրեթե բոլոր հնարավոր մեթոդները՝ բացի զինված միջամտությունից։ Բարսեղյանը նշեց ֆինանսական հոսքերը, կրիպտոարժույթներով և կանխիկ վճարումները, կեղծ պրոեվրոպական անվանումներով կազմակերպությունների ու կուսակցությունների ստեղծումը, մեդիայի ֆինանսավորումը և տարածքային գրասենյակների ցանցերի ձևավորումը։
Նույն մեխանիզմները կարող են կիրառվել նաև Հայաստանում, և եթե պետությունը ժամանակին չկարգավորի համակարգը, ապա նույնիսկ ձևականորեն ազատ ընտրությունները կարող են հանգեցնել անարդար արդյունքների։Իշխանությունների դիմումը Եվրամիությանը աջակցություն ստանալու համար հասկանալի է, սակայն անորոշ է մնում՝ ինչ ձևով է այդ աջակցությունը կիրառվելու։ Նա նշեց, որ եթե պետությունը տարիներ առաջ կատարած լիներ անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, գուցե նման արտաքին ֆինանսական աջակցության կարիք էլ չլիներ։
Եզրափակելով՝ Լևոն Բարսեղյանը ասաց, որ խնդիրը լուծելի է միայն մեկ ճանապարհով՝ օրենքներով։ Նրա համոզմամբ՝ պետությունը պետք է վերջապես հավասար դաշտ ստեղծի բոլորի համար և դադարեցնի «պետություն պետության մեջ» իրավիճակը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
