Հայաստան

Եվրոպան Սպասում Է Հայաստանին

Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար Եվրամիությունն ունի բազմաշերտ գործիքակազմ՝ սկսած ընտրական հանձնաժողովների կարողությունների զարգացումից մինչև ռազմավարական հաղորդակցություն և ապատեղեկատվության դեմ պայքար։

Լուսինե Հակոբյան

Պետրոս Ղազարյանը զրուցել է «Իրավունքի Եվրոպա» միավորում կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանի հետ։ Զրույցը կենտրոնանում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով Հայաստանի մասնակցության, ինչպես նաև գործընկերության նոր ռազմավարական օրակարգի և վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի վրա։

Լուսինե Հակոբյանը նշեց, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափը ֆորմալ և ընդունված հարթակ է, որտեղ անդամ պետությունների արտգործնախարարները քննարկում են օրակարգային հարցեր։ Նրա խոսքով՝ այս տարի այդ ձևաչափով հրավիրվել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, և, ըստ էության, քննարկումների առանցքում եղել են Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի իրականացումը և առաջիկա քայլերը։

Նա կարծում է, որ քննարկվել են նաև Եվրամիության հնարավոր աջակցությունը Հայաստանին՝ հիբրիդային և արտաքին սպառնալիքներին դիմակայելու հարցում, հատկապես 2026 թվականի ընտրությունների համատեքստում։ Լուսինե Հակոբյանը հիշեցրեց, որ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հրապարակավ նշել է՝ Հայաստանը ԵՄ-իցաջակցություն է խնդրել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի համար, և ընդգծել է, որ նման աջակցություն նախկինում տրամադրվել է նաև Մոլդովային։

Լուսինե Հակոբյանը նշեց, որ դեկտեմբերը ընդհանուր առմամբ հագեցած էր Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող միջոցառումներով։ Նրա խոսքով՝ տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ նիստը, որը հիմնված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա։ Այդ նիստի ընթացքում ընդունվել է Հայաստան-ԵՄ նոր ռազմավարական օրակարգը, որը նպատակ ունի խորացնել և համակարգել համագործակցության ուղղությունները։ Արևելյան գործընկերության շրջանակում կարևոր դեր ունի քաղաքացիական հասարակության ֆորումը, որի գագաթաժողովի ընթացքում քննարկվում են քաղաքացիական հասարակությանը հուզող խնդիրները։ Այդ համատեքստում Լուսինե Հակոբյանը հիշատակեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի այցը Հայաստան, որի ընթացքում ևս վերահաստատվել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ընտրություններին ընդառաջ արտաքին և հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում։

Հակոբյանն ընդգծեց, որ այն տեսակետը, թե ԵՄ աջակցությունը Հայաստանի ներքին գործերին միջամտություն է, հիմնավոր չէ։ Նա նշեց, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ժողովրդավարությունը, մարդու իրավունքների հարգանքը և իրավունքի գերակայությունը ամրագրված են որպես էական բաղադրիչներ, իսկ ընտրությունները ժողովրդավարական համակարգի առանցքային հենասյուներից են։ Նրա համոզմամբ՝ Եվրամիության աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների հզորացմանը նոր երևույթ չէ և վերաբերում է ԵՄ բոլոր գործընկեր երկրներին։Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար Եվրամիությունն ունի բազմաշերտ գործիքակազմ՝ սկսած ընտրական հանձնաժողովների կարողությունների զարգացումից մինչև ռազմավարական հաղորդակցություն և ապատեղեկատվության դեմ պայքար։ Նա օրինակ բերեց Գյումրու ավագանու ընտրություններին նախորդած ապատեղեկատվական դրվագները՝ նշելով, որ նման դեպքերում ճիշտ և ժամանակին իրազեկումը կարող է չեզոքացնել մանիպուլյատիվ տեղեկատվությունը։ Մոլդովան արդեն ունի հաջողված փորձ այս ոլորտում, որտեղ Եվրամիության աջակցությամբ ստեղծվել են մեխանիզմներ՝ ներգրավելով թե՛ պետական համակարգը, թե՛ քաղաքացիական հասարակությունը։ Լուսինե Հակոբյանի կարծիքով՝ այդ փորձից Հայաստանը կարող է կարևոր դասեր քաղել, թեև ոչ մի համակարգ 100 տոկոսով անթերի չէ։

Խոսելով ժողովրդավարության պաշտպանության մասին՝ նա ասաց, որ նույնիսկ այն ուժերի դեմ, որոնք փորձում են թաքնվել ժողովրդավարական հռետորաբանության հետևում, պետք է պայքարել բացառապես ժողովրդավարական մեթոդներով։ Նրա խոսքով՝ Հայաստանը, իրեն դիրքավորելով որպես զարգացող ժողովրդավարություն, չի կարող և չպետք է կիրառի բռնապետական գործիքակազմեր։Հայաստանում առկա են ժողովրդավարական և իրավական խնդիրներ, սակայն դրանք բարձրաձայնվում և քննարկվում են թե՛ քաղհասարակության, թե՛ միջազգային գործընկերների կողմից։ Նա նշեց, որ վերջին հանդիպումների ընթացքում հատուկ նիստեր են նվիրվել մարդու իրավունքների և արդարադատության համակարգի խնդիրներին, և այդ հարցերը ամրագրվել են նաև ընդունված հռչակագրերում։

Քաղաքացիական հասարակության հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ նա նշեց, որ քաղհասարակությունը միասեռ չէ և ներառում է տարբեր դերակատարների։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր կազմակերպություն գործում է իր մանդատի շրջանակում, և քննադատությունը պետքէ լինի հիմնավորված ու փաստարկված։

Անդրադառնալով քաղաքական բանտարկյալների վերաբերյալ մեղադրանքներին՝ Լուսինե Հակոբյանը ասաց, որ եթե Եվրամիության գնահատմամբ նման երևույթ լիներ, ԵՄ-ն չէր լռի։ Նա ընդգծեց, որԵվրամիությունը կազմված է տարբեր պետություններից, և դրանց ընդհանուր գնահատականների հիման վրա է ձևավորվում պաշտոնական դիրքորոշումը։ Եվրամիությունը ստեղծվել է եվրոպական ժողովուրդների բարեկեցությունն ու անվտանգությունը ապահովելու նպատակով և պատմականորեն ուղղված չի եղել որևէ պետության դեմ։ Լուսինե Հակոբյանի կարծիքով՝ այսօր էլ ԵՄ-ի քայլերը պետք է դիտարկել այդ տրամաբանության մեջ։

Խոսելով նոր ռազմավարական օրակարգի մասին՝ նա նշեց, որ կարևոր է հենց «ռազմավարական» եզրույթի ներառումը, սակայն ավելի էական է այն, որ փաստաթուղթը հիմնված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա և այն լրացնող բնույթ ունի։ Նրա խոսքով՝ այն ամրագրում է այն ոլորտները, որտեղ վերջին տարիներին զարգացել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը։

Լուսինե Հակոբյանը կարևորեց նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը 2024 թվականի սեպտեմբերին և ընդգծեց, որ գործընթացը ընթանում է աննախադեպ արագությամբ։ Նա դա կապեց նաև Հայաստանի հասարակության հստակ եվրոպական ձգտումների հետ, որոնք արտահայտվել են քաղաքացիական նախաձեռնություններով։ Անդրադառնալով այն պնդումներին, թե Եվրոպայում Հայաստանին չեն սպասում, նա նշեց, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս դրական են արձագանքել Հայաստանի եվրոպական օրակարգին։ Նա հիշեցրեց, որ Եվրամիության պատմության ընթացքում բազմաթիվ երկրներ սկզբում բախվել են վերապահումների, սակայն հետևողական աշխատանքի արդյունքում դարձել են անդամ։Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով՝ անկախ արտաքին դժգոհություններից։ Նրա խոսքով՝ եվրոպական տնտեսությունը շարունակում է մնալ աշխարհի ամենահզորներից մեկը, իսկ Եվրամիությունը, չնայած մարտահրավերներին, զարգացնում է նաև իր անվտանգային բաղադրիչը։ Եթե Հայաստանի նպատակը ինքնիշխան, անվտանգ, բարեկեցիկ և ժողովրդավարական պետություն կառուցելն է, ապա եվրոպական ուղին պահանջում է երկարատև և ծանր աշխատանք, սակայն այն տրամաբանական և հիմնավորված ընտրություն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *