Ռուսաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը․ Մոսկվան հայտարարում է, թե առանց իր մասնակցության գործընթացը հնարավոր չէ։ Նա ընդգծեց, որ հարցը հատկապես վերաբերում է երկաթուղային ենթակառուցվածքներին, որտեղ առկա են կոնցեսիոն և կառավարման բարդություններ։
Արսեն Խառատյան
1inTV-ն զրուցել է փորձագետ, կոնֆլիկտաբան, արևելագետ Արսեն Խառատյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ենթակառուցվածքների գործընթացի, մասնավորապես՝ «TRIPP» ծրագրի գործնական փուլ մտնելու շուրջ տարբեր դերակատարների հայտարարությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումները, ընդգծելով ծրագրի կարևորությունը և Հայաստանի ինքնիշխանությանն առնչվող հարցերը։
Խառատյանը նշեց, որ տարբեր ուժային կենտրոններից հնչող հայտարարությունների ակտիվացումը պայմանավորված է նրանով, որ գործընթացը սկսել է նյութականանալ։ Ըստ Արսեն Խառատյանի՝ այն թերահավատ մոտեցումները, թե նման նախագիծը անհնար է կամ, որ որոշ դերակատարներ թույլ չեն տա դրա իրականացումը, աստիճանաբար կորցնում են իրենց հիմնավորումը, քանի որ Հայաստան-ԱՄՆ համագործակցությունն այս ուղղությամբ շարունակաբար խորանում է։Արսեն Խառատյանը ուշադրություն դարձրեց ԱՄՆ դեսպանի հայտարարություններին՝ ընդգծելով, որ կարևոր է ոչ միայն համագործակցության վերահաստատումը, այլև այն, որ ճանապարհը անվանվում է «TRIPP», և ընդգծվում է ենթակառուցվածքների ապաշրջափակման երկկողմ բնույթը։ Նրա խոսքով՝ ամերիկյան մոտեցումը պարզ է դարձնում, որ գործընթացը չի կարող լինել միակողմանի և կախված է նաև Ադրբեջանի պատրաստակամությունից ընկալել այն որպես ավելի լայն տարածաշրջանային համատեքստի մաս։
Արևելագետը նշեց, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունները փաստացի վերահաստատում են ավելի վաղ հնչած դիրքորոշումները, ըստ որոնց՝ Թուրքիան ակնկալում է առաջընթաց հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում և պատրաստ է սիմվոլիկ քայլերի։ Նրա դիտարկմամբ՝ դա վկայում է, որ Անկարան և Բաքուն համակարգված են գործում և առնվազն չեն խոչընդոտում ենթակառուցվածքային նախաձեռնություններին։ Ռուսաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը․Մոսկվան հայտարարում է, թե առանց իր մասնակցության գործընթացը հնարավոր չէ։ Նա ընդգծեց, որ հարցը հատկապես վերաբերում է երկաթուղային ենթակառուցվածքներին, որտեղ առկա են կոնցեսիոն և կառավարման բարդություններ։ Նրա խոսքով՝ այստեղ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ կամ ինչ-որ ձևով ներգրավել ռուսական կողմին, կամ վերանայել գործող պայմանագրերը՝ հաշվի առնելով սեփական սահմանափակ ռեսուրսները։
Արսեն Խառատյանը նշեց նաև, որ Իրանի մտահոգությունները պահպանվում են, սակայն դրանք ավելի շատ պայմանավորված են տարածաշրջանային ազդեցության նվազման վախով և երկրի ներսում առկա քաղաքական ու տնտեսական խնդիրներով։ Նա ընդգծեց, որ ենթակառուցվածքային ծրագրերը չեն ենթադրում սահմանների փոփոխություն կամ Հայաստան-Իրան կապերի խաթարում, ինչի մասին նաև հստակ ազդակներ են հնչում ամերիկյան կողմից։
Նա դիտարկեց, որ թեև Վրաստանի հայտարարությունները այս փուլում պակաս տեսանելի են, Թբիլիսին նույնպես շահագրգռված է գործընթացներից դուրս չմնալու հարցում, նույնիսկ եթե դրանք դիտարկվում են որպես երկրի տարանցիկ դերի հնարավոր նվազեցում։
Անդրադառնալով 3+3 ձևաչափին՝ Արսեն Խառատյանը նշեց, որ այն ի սկզբանե ռուսական նախաձեռնություն է, որի արդյունավետությունը դեռևս չի ապացուցվել։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը և Ադրբեջանը մասնակցել են այդ ձևաչափին ավելի շատ «չմերժելու» տրամաբանությամբ, քանի որ այնտեղ մինչ այժմ որևէ էական որոշում չի կայացվել։
Խառատյանը մեկնաբանեց նաև Հայաստանի ակտիվացումը եվրոպական ուղղությամբ՝ ընդգծելով, որ Եվրամիության և Գերմանիայի հետ ստորագրված փաստաթղթերը վկայում են քաղաքական օրակարգի ընդլայնման մասին։ Նրա խոսքով՝ հատկապես Գերմանիան այսօր դարձել է տեխնիկական աջակցության խոշոր դոնոր Հայաստանում, և կարևոր է հասկանալ, թե ինչու նախկին ծրագրերը ամբողջությամբ չեն իրականացվել և ինչ երաշխիքներ կան նորերի համար։ Ռուսաստանի կողմից հնչող հայտարարությունները մեծապես կապված են ներդրումային և սեփականության հարցերի հետ, և պետք է պատրաստ լինել, որ ռուսական կապիտալի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ կարող է նվազել։ Նրա դիտարկմամբ՝ այս պայմաններում անհրաժեշտ է հստակ պատկերացնել, թե որ երկրներն ու ընկերությունները կարող են լրացնել առաջացող վակուումը։
Արսեն Խառատյանը անդրադարձավ նաև Մեծ Բրիտանիայի ուղղությամբ զարգացումներին՝ նշելով, որ ռազմական կցորդի նշանակումը և անվտանգության ոլորտում երկխոսության մեկնարկը նոր և հետաքրքիր ուղղություն են Հայաստանի համար։ Նա կարծում է, որ սա վկայում է արտաքին քաղաքական փիլիսոփայության փոփոխության մասին, երբ Հայաստանը փորձում է բազմազանեցնել իր գործընկերների շրջանակը։
Եզրափակելով՝ Արսեն Խառատյանը նշեց, որ գործընթացները գտնվում են ակտիվ փուլում, հստակ պատասխաններ դեռ շատ հարցերի վերաբերյալ չկան, սակայն բարձր մակարդակով հնչող հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ մոտ ապագայում հնարավոր են նաև գործնական քայլեր և ենթակառուցվածքների վերագործարկման մեկնարկ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
