Հայաստան

Ի՞նչ Ենք Ընտրելու 2026-ին

2026 թվականի ընտրությունները լինելու են ընտրություն ոչ թե «լավի ու վատի», այլ հստակ ձևակերպված, թեկուզ բարդ խաղաղության, նախագծի և անորոշ, զգացմունքային, բայց պատասխանատվությունից խուսափող ընդդիմության միջև։

Մկրտիչ Իսրայելյան

2026 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրությունը սովորական իշխանափոխության փորձ չի լինելու։ Այն լինելու է ընտրություն պետության զարգացման, պետության ապագայի երկու արմատապես տարբեր տրամաբանությունների միջև։ 

Այս ընտրություններում քաղաքացին ընտրելու է ոչ միայն կուսակցություն կամ առաջնորդ, այլ՝ պատերազմի՞, թե խաղաղության տրամաբանությամբ կառուցվող պետություն։ Այս հանգամանքը ընտրություններին տալիս է բացառիկ կարևորություն․ դրանք դառնում են քաղաքակրթական ընտրություն, ոչ թե պարզապես ներքաղաքական պայքար։ 

Իշխող ուժի տեսլականը՝ հստակ ձևակերպված է։ Անկախ իշխանության նկատմամբ վերաբերմունքից, մեկ բան ակնհայտ է՝ իշխող ուժը ունի հստակ քաղաքական առանցք։ Այդ առանցքը խաղաղությունն է։ Խաղաղությունը այստեղ ներկայացվում է ոչ որպես աբստրակտ կարգախոս, այլ որպես՝ երկարատև անվտանգության ապահովման միջոց, պետական ինքնիշխանության ամրապնդման գործիք, տնտեսական զարգացման և միջազգային ինտեգրման նախապայման։ 

Իշխող ուժը բաց տեքստով ասում է՝ «Հայաստանը պետք է ապրի խաղաղության պայմաններում, նույնիսկ եթե դա պահանջում է դժվար, ոչ հանրամատչելի որոշումներ»։ Սա կարող է դուր չգալ, կարող է վիճարկվել, քննադատվել, սակայն տեսլականը հստակ է, ձևակերպված և քաղաքական պատասխանատվություն պահանջող։ 

Քաղաքացին գիտի՝ ինչ է առաջարկում իշխող ուժը և ինչի համար է իրենից պահանջվում վստահություն։ 

Իսկ ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը։ Ահա այստեղ է սկսվում հիմնական խնդիրը։ Ընդդիմությունը հանդես է գալիս ոչ թե մեկ համադրված քաղաքական նախագծով, այլ բազմաթիվ դժգոհություններով, անցյալի կարոտախտով և անորոշ խոստումներով։ Երբ փորձում ենք հասկանալ՝ ինչ է իրականում ուզում ընդդիմությունը, պատկերը մշուշոտ է դառնում։ Նրանք ուզում են իշխանափոխություն։ Իսկ հետո՞։ Ուզում են արժանապատիվ խաղաղություն, բայց չեն ասում՝ ինչ գնով, ինչ ռեսուրսներով և ինչ ռիսկերով։ Խոսում են ուժեղ բանակի մասին, բայց խուսափում են պատասխանել՝ պատրա՞ստ են նոր պատերազմի, թե՞ ոչ։ Քննադատում են արտաքին քաղաքականությունը, բայց չեն ներկայացնում այլընտրանքային, իրատեսական դիվանագիտական մոդել։ 

Ընդդիմության խոսքը կառուցված է հիմնականում «ոչ»-երի վրա՝ ոչ այս իշխանությանը, ոչ այս քաղաքականությանը, ոչ այս խաղաղությանը։ Բայց քաղաքականությունը չի կարող գոյատևել միայն մերժման վրա։ 

Ընդդիմության ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք չեն համարձակվում ասել ճշմարտությունը իրենց ընտրողին։ Եթե նրանք դեմ են խաղաղության ներկայիս օրակարգին, ապա պարտավոր են հստակ ասել՝ արդյո՞ք ընդունում են պատերազմի ռիսկը, արդյո՞ք պատրաստ են նոր զոհերի, արդյո՞ք ունեն ռեսուրս և դաշնակիցներ այդ ճանապարհով գնալու համար։ Բայց չեն ասում։ Փոխարենը՝ շահարկում են ազգային զգացմունքները, խաղում են վիրավորված արժանապատվության վրա, խոսում են «պարտության ամոթից», բայց լռում ապագայի գնի մասին։ Սա քաղաքական պատասխանատվության բացակայություն է։ Ընդդիմությունը հաճախ փորձում է խաղաղության օրակարգը ներկայացնել որպես զիջում կամ թուլություն։ Սակայն իրականում խաղաղության քաղաքականությունը պահանջում է ավելի մեծ քաղաքական քաջություն, քան պատերազմի կոչերը։ Պատերազմի շեփոր հնչեցնելը հեշտ է։ Խաղաղություն կառուցելը՝ դժվար։ Խաղաղությունը պահանջում է բանակցել, դիմանալ ներքին ճնշմանը, ընդունել ոչ հաճելի իրականությունը և միաժամանակ կառուցել պետություն։ Եվ հենց սա է այն կետը, որտեղ ընդդիմությունը պարտվում է գաղափարապես։ 

2026 թվականի ընտրությունները լինելու են ընտրություն ոչ թե «լավի ու վատի», այլ հստակ ձևակերպված, թեկուզ բարդ խաղաղության, նախագծի և անորոշ, զգացմունքային, բայց պատասխանատվությունից խուսափող ընդդիմության միջև։

Քաղաքացին իրավունք ունի քննադատել իշխանությանը։ Բայց նա նաև իրավունք ունի պահանջել ընդդիմությունից հստակ պատասխաններ, ոչ թե աղմուկ։ Եվ հենց այստեղ է ընտրության իրական կարևորությունը։

Մկրտիչ Իսրայելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/143094

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *