Հայաստան

TRIPP-ից Ամենաշատը Հայաստանն Է Օգտվելու

Անգամ Ռուսաստանը, իր հայտարարություններով, փաստացի հասկանում է՝ այս գործընթացին ընդդիմանալը արդյունավետ չէ։

Համբիկ Սարաֆյան

1inTV-ն զրուցել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ արտաքին հարաբերությունների որոշ դրվագներ՝ հատկապես Արևմուտքի հետ կապերի խորացման համատեքստում, Ռուսաստանի և Իրանի ազդեցություններն այդ ամենում,  ինչպես նաև անդրադարձ է կատարվել ներքին քաղաքական իրադրությանը։

Համբիկ Սարաֆյանը նշել է, որ ԱՄՆ դեսպանի հայտարարություններն ու ելույթները կարևոր են առաջին հերթին այն պատճառով, որ խոսքը այլևս միայն գաղափարների կամ տեսլականների մասին չէ, այլ արդեն գործնական փուլի մեկնարկի։ Համբիկ Սարաֆյանը, սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետը, ասաց, որ արդեն ձևավորվում են աշխատանքային խմբեր, ստորագրվում են հուշագրեր՝ էներգետիկ, այդ թվում՝ միջուկային ոլորտում, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների, կիսահաղորդիչների և թվային ենթակառուցվածքների ուղղությամբ։ Առավել նշանակալից է այն փաստը, որ ԱՄՆ մաքսային և սահմանային ծառայությունների ներկայացուցիչները արդեն այցելել են Հայաստան, տեղում ուսումնասիրություններ են իրականացրել, և շուտով իրենց եզրակացությունները կներկայացնեն ՀՀ կառավարությանը։ Նրա խոսքով՝ սա վկայում է, որ նախագիծը թղթի վրա մնալու վտանգ այլևս չունի, և այն իրական փուլ է մտել։

Նա կարևոր դիտարկում արեց նաև Հայաստան-Թուրքիա սահմանի հարցի վերաբերյալ՝ նշելով, որ ԱՄՆ-ն ակտիվ աշխատում է Թուրքիայի հետ, իսկ Հայաստանը նույնպես ներգրավված է այդ գործընթացում։ Համբիկ Սարաֆյանը կարծում է, որ սահմանի բացման դեպքում նախագծի աշխարհագրությունն ու տնտեսական նշանակությունը կդառնան չափազանց մեծ, ընդգրկելով լայն տարածաշրջաններ։ Նրա դիտարկմամբ՝ տարիներ շարունակ Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակն էր խոչընդոտել նման մեգանախագծերի իրականացումը, սակայն ներկայումս այդ խոչընդոտները աստիճանաբար չեզոքացվում են։ Անգամ Ռուսաստանը, իր հայտարարություններով, փաստացի հասկանում է՝ այս գործընթացին ընդդիմանալը արդյունավետ չէ։ Նրա համոզմամբ՝ նախագիծը շահավետ է բոլոր այն պետությունների համար, որոնք չունեն քաղաքական հետին նպատակներ և հետաքրքրված են իրական տնտեսական համագործակցությամբ։ Նա հավելեց, որ եթե հասնի սահմանի բացման փուլին, Թուրքիան դժվար թե հակադրվի, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող փոփոխությունները։

Խոսելով Ռուսաստանի դիրքորոշման մասին՝ Համբիկ Սարաֆյանը նշեց, որ ռուսական կողմիհիշեցումները՝ Հայաստանի ԵԱՏՄ անդամ լինելու և ռուս սահմանապահների ներկայության վերաբերյալ, օբյեկտիվ հանգամանքներ են, սակայն դրանք անփոփոխ և հավերժական չեն։ Նրա խոսքով՝ ռուս սահմանապահների ներկայությունը պայմանավորված էր Հայաստանի անվտանգության նախկին իրողություններով, և ժամանակի ընթացքում, հարաբերությունների կարգավորման ու սահմանների բացման պայմաններում, այդ հարցը նույնպես կարող է վերանայվել։ Սարաֆյանը ընդգծեց, որ խոսքը Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին է, և ցանկացած որոշում կախված է Հայաստանի քաղաքական կամքից։

Նա անդրադարձավ նաև Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Ակբար Վելաթի հայտարարություններին՝ նշելով, որ Իրանում գոյություն ունի տարբեր թևերի միջև մոտեցումների տարբերություն։ Սարաֆյանի խոսքով՝ հոգևոր և առավել պահպանողական շրջանակները հաճախ հանդես են գալիս կոշտ հակաարևմտյան դիրքորոշումներով, մինչդեռ գործադիր իշխանության ներկայացուցիչները բազմիցս վստահեցրել են, որ եթե նախագիծը իրականացվի պետությունների տարածքային ամբողջականության  և ինքնիշխանության սկզբունքների պահպանմամբ, Իրանի համար խնդիր չի առաջանա։ Իրանի և  Վրաստանի մտահոգությունների հիմքում ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական գործոններ են, քանի որ նոր երթուղիների բացման դեպքում այդ երկրները կարող են կորցնել տարանցիկ երկրի իրենց նախկին դերակատարությունը։ Սակայն, նրա գնահատմամբ, սա բնական գործընթաց է, և Հայաստանը պետք է առաջնորդվի բացառապես իր ազգային շահերով։

Խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին՝ Համբիկ Սարաֆյանը խիստ քննադատական գնահատական տվեց։ Նա ասաց, որ ցավալի է տեսնել, թե ինչպես է քաղաքական դաշտը ավելի շատ զբաղված ներքաղաքական պայքարով և ընտրական հաշվարկներով, փոխարենը՝ կենտրոնանալու նման մասշտաբային հնարավորությունների վրա։ Նրա համոզմամբ՝ այս նախագիծը պահանջում է ներքին քաղաքական կայունություն, լուրջ նախապատրաստական աշխատանք և պատասխանատվություն։Հայաստանը այս ծրագրից կարող է ամենաշատը շահել, քանի որ դուրս է գալու երկարամյա շրջափակումից և դառնալու տարածաշրջանային կարևոր օղակ։ Նա ընդգծեց, որ ստեղծվող փոխկախվածությունները նաև անվտանգության լրացուցիչ երաշխիքներ են ձևավորում, քանի որ որևէ երկրի շահերից չի բխի խաթարել մի համակարգ, որից ինքն էլ օգուտ է ստանում։ Որքան էլ ներքաղաքական դաշտում փորձեն վախեր և թերահավատություն սերմանել, իրականությունն այն է, որ նախագիծը հուսադրող է և կարող է հանգեցնել խաղաղության, տնտեսական զարգացման և Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի էական բարելավման։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *