Իրանը նախկինում օգտագործել է հակամարտությունը որպես լծակ՝ Հայաստանի համար լինելով արտաքին աշխարհի հետ կապի կարևոր ուղի, իսկ Ադրբեջանի համար՝ Նախիջևանի հետ ցամաքային կապ ապահովող ճանապարհ։ Վրաստանը շահել է էներգետիկ և տարանցիկ նախագծերից, իսկ Ռուսաստանը՝ ապահովել աշխարհաքաղաքական ներկայություն և ճնշման մեխանիզմներ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նկատմամբ։
Արմեն Պետրոսյան
Factor TV-ն զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Զրույցը քննարկում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումները, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը և կապուղիների ապաշրջափակումը։ Փորձագետն անդրադառնում է Իրանի և Ռուսաստանի արձագանքներին «Թրամփի ուղու» (Tripp) նախագծին՝ նշելով, որ երկու երկրներն էլ զգայուն են այդ գործընթացի նկատմամբ, որը չի բխում իրենց շահերից, հատկապես Միացյալ Նահանգների ներգրավվածության պատճառով։
Պետրոսյանը ասաց, որ Իրանի և Ռուսաստանի վերջին հայտարարությունները փաստում են, որ երկու երկրներն էլ, անկախ նախկինում արտահայտած դիրքորոշումներից, բավականին զգայուն են վերաբերվում Հարավային Կովկասում ընթացող Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, հատկապես կապուղիների ապաշրջափակման թեմային, որտեղ ակնհայտ ներգրավվածություն ունի Միացյալ Նահանգները։
Արմեն Պետրոսյանը նշեց, որ «զգայուն» ձևակերպումը պարտադիր չի նշանակում «դեմ», քանի որ թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը իրականում չունեն բավարար լծակներ այդ գործընթացների վրա էական ազդեցություն գործադրելու համար։ Նրա գնահատմամբ՝ եթե նրանք իսկապես կարողանային խոչընդոտել, ապա գործնական քայլերկ ձեռնարկեին, մինչդեռ այժմ արձագանքները հիմնականում մնում են հռետորաբանության մակարդակում։ Նա կարծում է, որ դրա հիմնական պատճառը երկու երկրների այլ առաջնահերթություններն են, որոնք ամբողջությամբ կլանում են նրանց ռեսուրսներն ու հնարավորությունները։
Արևելագետը դիտարկում է, որ ընդհանուր մոտեցումը երկու երկրների պարագայում նույնն է․Հարավային Կովկասում ապաշրջափակման գործընթացը, անկախ նրանից՝ ում մասնակցությամբ է իրականացվում, հակասում է թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի շահերին։ Սակայն, նրա խոսքով, ԱՄՆ-ի ներգրավվածությամբ ապաշրջափակումը այդ գործընթացը դարձնում է առավել զգայուն՝ հատկապես Իրանի համար։
Պետրոսյանը նշեց, որ Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը տասնամյակներ շարունակ իրենց տարածաշրջանային քաղաքականությունը կառուցել են Հայաստան-Ադրբեջան հակամարտության առկայության հիման վրա՝ հաշվի առնելով նաև Թուրքիայի դերը։ Այդ հակամարտությունը նրանց համար եղել է ռազմավարական գործիք, և նրանք ըստ էության չեն մշակել պահուստային սցենարներ այն իրավիճակի համար, երբ հակամարտությունը կարող էր մոտենալ հանգուցալուծման։ Նրա գնահատմամբ՝ հենց այդ պահն է եկել, այն էլ այնպիսի ժամանակահատվածում, երբ նշված երկրները լուրջ ներքին և արտաքին խնդիրներ ունեն։ Իրանը նախկինում օգտագործել է հակամարտությունը որպես լծակ՝ Հայաստանի համար լինելով արտաքին աշխարհի հետ կապի կարևոր ուղի, իսկ Ադրբեջանի համար՝ Նախիջևանի հետ ցամաքային կապ ապահովող ճանապարհ։ Վրաստանը, նրա խոսքով, շահել է էներգետիկ և տարանցիկ նախագծերից, իսկ Ռուսաստանը՝ ապահովել աշխարհաքաղաքական ներկայություն և ճնշման մեխանիզմներ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նկատմամբ։ Այժմ այդ միջավայրը փոխվում է, և երկրները չունեն համապատասխան պատրաստվածություն նոր իրողություններին արձագանքելու համար։
Արմեն Պետրոսյանը կարծում է, որ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը փորձել է պահպանել իր շահերը՝ ինչպես Մեղրիի ուղղությամբ սահմանապահ ներկայության, այնպես էլ Արցախում խաղաղապահների տեղակայման միջոցով՝ նույնիսկ այն պայմաններում, երբ այդ տարածքը միջազգային մակարդակով ճանաչվում էր որպես Ադրբեջանի մաս։ Նրա դիտարկմամբ՝ հնարավոր հայ-ադրբեջանական վերջնական կարգավորումը լրջորեն սահմանափակում է Ռուսաստանի խաղաքարտերը տարածաշրջանում։ «3+3» ձևաչափի օրինակն էլ ցույց է տալիս՝ գործընթացից հետո այդ մեխանիզմը փաստացի կորցրել է իր նշանակությունը, և իրական մտահոգություն այն շարունակում է առաջացնել հիմնականում Իրանի և Ռուսաստանի մոտ։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր դերակատար իր ունեցած գործիքների սահմաններում փորձում է ազդեցություն ունենալ, սակայն դրանց արդյունավետությունը գնալով նվազում է։
Ռուսաստանի արձագանքների մասին խոսելիս ՝ Պետրոսյանը նշեց, որ դրանք ավելի «կառուցողական» ձևակերպումների մեջ են ներկայացվում, քանի որ Ռուսաստանը հղում է անում Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը, ռուս սահմանապահների ներկայությանը և երկաթուղիների կառավարմանը։ Սակայն, նրա գնահատմամբ, այդ հավակնությունները իրականում քննարկման առարկա չեն, քանի որ ապաշրջափակման նախագծում Ռուսաստանի ներգրավվածությունը կվերածեր այն աշխարհաքաղաքական բախման հարթակի։
Իրանի դեպքում, ըստ Արմեն Պետրոսյանի, գործիքակազմը այլ է։ Նա նշեց, որ Իրանը չունի ուղղակի մասնակցության լծակներ, սակայն շարունակում է կիրառել «միջանցքի» անթույլատրելիության մասին հռետորաբանությունը։ Նրա գնահատմամբ՝ Զանգեզուրի միջանցքը Իրանի ընկալմամբ նշանակում էր թուրք-ադրբեջանական վերահսկողություն իր անմիջական սահմանին և Իրան-Հայաստան սահմանի վտանգում։ Իսկ ներկայիս նախագծերի պարագայում Իրանի համար առավել մտահոգիչ է ԱՄՆ-ի հնարավոր ներկայությունը, որը Թեհրանի համար աշխարհաքաղաքական հիմնական հակառակորդներից է։ Իրանի դիրքորոշումների տարբերությունը պայմանավորված է կառավարման համակարգի առանձնահատկություններով․հոգևոր առաջնորդին հարող պահպանողական թևի և գործադիր իշխանության մոտեցումները կարող են տարբեր լինել։ Նրա խոսքով՝ արտաքին դերակատարները ստիպված են հաշվի առնել երկու մակարդակով հնչող հայտարարությունները, քանի որ դրանք երկուսն էլ ազդում են Իրանի քաղաքական որոշումների վրա։
Անդրադառնալով Թուրքիայի հնարավոր քայլերին՝ Արմեն Պետրոսյանը նշեց, որ «խորհրդանշական քայլ» ձևակերպումը դիվանագիտական նուրբ ուղերձ է, որը միաժամանակ ուղղված է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։ Նրա գնահատմամբ՝ դա ցույց է տալիս, որ հայ–թուրքական գործընթացը շարունակում է մնալ սերտորեն կապված հայ–ադրբեջանական կարգավորման առաջընթացի հետ։
Վրաստանի մասին խոսելիս նա նշեց, որ Թբիլիսին այս փուլում լիարժեք չի գիտակցում իր հնարավոր դերը որպես տարածաշրջանային միջնորդ և մոդերատոր։ Պետրոսյանը կարծում է, որ Վրաստանի չափազանց բարձր տրանզիտային պայմանները կարող են Հայաստանին և Ադրբեջանին մղել այլ ուղիների որոնման, ինչն ի վերջո կարող է բխել Ռուսաստանի շահերից։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի խնդիրն է թույլ չտալ, որ Վրաստանը դուրս մնա տարածաշրջանային գործընթացներից, քանի որ դրա արդյունքում կարող է մեծանալ Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանում։
Նա ընդգծեց, որ Հարավային Կովկասում ընթացող գործընթացները պետք է լինեն ներառական, և տարածաշրջանի երկրները պետք է փորձեն դրանք կառավարել ոչ թե էմոցիոնալ, այլ սառը հաշվարկով՝ ելնելով երկարաժամկետ շահերից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
