ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ադրբեջանցիներն Ինչու՞ Ստեփանակերտում Մասնավոր Առանձնատուն Էին «Շտաբ» Ընտրել


Ե՞րբ է ադրբեջանական կողմը Սամվել Շահրամանյանին ներկայացրել «ձերբակալության ենթակա հինգ անձանց ցուցակը»: 

Վահրամ Աթանեսյան

Դեկտեմբերի 17-ին Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը տեսանյութ է հրապարակել եւ հանրությանը ներկայացրել ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման մասին «ամբողջ ճշմարտությունը»: Նույն պատմությունը վաղուց հրապարակել է Թաթուլ Հակոբյանը:  Եւ Ռոման Երիցյանի «լայվի» անհրաժեշտություն չէր լինի, եթե Բաքվի իշխանական լրատվամիջոց minval politika-ն սադրիչ –դավագրգռող հրապարակում չաներ եւ Շահրամանյանին «չբացահայտեր որպես դավաճանի»:

Բայց Ռոման Երիցյանի տեսաուղերձային «ճշմարտությունը», ցավոք, ոչ միայն համոզիչ չէ, այլեւ մի քանի հարցերի տեղիք է տալիս: Առաջին եւ սկզբունքային խնդիրն այն է, թե ե՞րբ է ադրբեջանական կողմը Սամվել Շահրամանյանին ներկայացրել «ձերբակալության ենթակա հինգ անձանց ցուցակը»: 

Պահպանվել է տեսագրություն, արված 2023թ. սեպտեմբերի 20-ին: Հասկացվում է, որ Սամվել Շահրամանյանը նախկին նախագահների ներկայությամբ քննարկում է կրակի դադարեցման մասին փաստաթուղթը:

Այդ պահին նա ունեցե՞լ է «հինգի ցուցակը»: Այսինքն, քննարկումներին ներկա Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը գիտեի՞ն, որ Ադրբեջանը պահանջում է իրենց ձերբակալությունը: Սա շատ կարեւոր է, որպեսզի պարզ լինի՝ «հինգի» Ադրբեջանին «հանձնումը» կրակի դադարեցման նախապայմա՞ն է եղել, նման համաձայնություն նախապես տրվե՞լ է, թե՞ պահանջը ներկայացվել է «կապիտուլյացիոն» փաստաթղթի շրջանակներից դուրս:

Երկրորդ անորոշությունը վերաբերում է նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին եւ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին: Առաջինը «հինգի ցուցակում» ընդգրկված էր, երկրորդը՝ ոչ: Ռուբեն Վարդանյանը փորձել է հատել Հակարիի անցակետը, Արայիկ Հարությունյանը՝ ոչ: 

Ստեփանակերտից չի հեռացել նաեւ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, ում ձերբակալությունը նույնպես Ադրբեջանը նախապես չի պահանջել: 

Դավիթ Իշխանյանն ինչու՞ է միացել Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին, իսկ Արայիկ Հարությունյանը՝ ոչ:

Նախկին արտգործնախարար, նախագահի խորհրդական  Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին ֆեյսբուքյան գրառումով հանրայնացրել է, որ կամավոր ներկայանում է Շուշի եւ «հանձնվում» Ադրբեջանի իրավապահներին: Այդ որոշումը Շահրամանյանի հետ համաձայնեցվա՞ծ էր, ի՞նչ նշանակություն ուներ այդ անձնազոհությունը: Այլ աղբյուրներ ասում են, որ Դավիթ Բաբայանը Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության փոխտնօրեն Շադլինսկուն հանդիպել է Արցախի կառավարության հյուրատանը եւ այնտեղ էլ ձերբակալվել:

Կրակի դադարեցման եւ ՊԲ զինաթափման մասին հայտարարությունը տարածվել է 2023 թ. սեպտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսին: Դավիթ Իշխանյանը Բաքվի «արդարադատությանը հանձնվել է» ութ օր հետո: Նույն օրը Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Սամվել Շահրամանյանը ստորագրել է ԼՂՀ-ն լուծարելու մասին հրամանագիր: 

Իրականում այդ հրամանագիրն ստորագրվել է սեպտեմբերի 26-ին: Սեպտեմբերի 20-26-ի ժամանակահատվածում Սամվել Շահրամանյանը Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունեցե՞լ է: 

Բնակչության բռնատեղահանությունն սկսվել է սեպտեմբերի 25-ին: Ընդ որում, առաջինը թույլատրել են հեռանալ Մարտակերտ քաղաքի եւ շրջանի բնակիչներին: Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու հայ բնակչության Արցախում մնալու հարց քննարկվե՞լ է, Ադրբեջանը նման առաջարկություն փոխանցե՞լ է: 

Վերջապես, ինչու՞ արդեն Ստեփանակերտ մուտք գործած ադրբեջանական զինվորականները եւ հատուկ ծառայությունները ոչ թե վարչական շենք կամ կառավարության հյուրատունը, այլ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի առանձնատունն են «շտաբ» ընտրել:

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *