Հայաստանի հակառակորդները միջոցների մեջ խտրություն չեն դնում, և հիբրիդային պատերազմի դրսևորումները տեսանելի են ամենօրյա ռեժիմով։
Արման Բաբաջանյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Զրույցն անդրադառնում է Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին և առաջիկա ընտրություններին։ Արման Բաբաջանյանը ողջունում է Եվրամիության աջակցությունը, որն ուղղված է ընտրական գործընթացներում հիբրիդային սպառնալիքների և կեղծ տեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև քննադատում ԵՄ-ին դեմ ընդդիմադիր ուժերին։
Արման Բաբաջանյանը նշեց, որ ընդդիմության այն պնդումը, թե Եվրամիության աջակցությունը միջամտություն է Հայաստանի ընտրական գործընթացին, ինքնին լուրջ հարցեր է առաջացնում այդ ուժերի քաղաքական ինքնության վերաբերյալ։ Նրա դիտարկմամբ՝ նման դիրքորոշում ունեցողները փաստացի հրաժարվում են ընդդիմություն լինելու բուն իմաստից, քանի որ իրական ընդդիմությունը շահագրգռված է ազատ, արդար և պաշտպանված ընտրական գործընթացով։ «Հանուն Հանրապետություն»-ը ողջունում է Եվրամիության կողմից տրամադրվող փորձագիտական, տեխնոլոգիական և ֆինանսական աջակցությունը, քանի որ դրա նպատակն է կանխել քվեների գողությունը, ընտրությունների կեղծումը և ժողովրդավարական գործընթացների տապալումը Հայաստանում։ Նրա համոզմամբ՝ այն ուժերը, որոնք հանդես են գալիս այդ աջակցությանը դեմ, իրականում հույս են կապում միայն մարդկանց քվեն գողանալու, այն գնելու և այդ ճանապարհով վերարտադրվելու հնարավորության հետ։
Արման Բաբաջանյանը նշեց, որ խոսք չկա որևէ արտաքին միջամտության մասին․Հայաստանի իշխանություններն են դիմել Եվրամիությանը, և այդաջակցությունը ուղղված է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի գործիքակազմի ընդլայնմանը։ Նա բացատրեց, որ հիբրիդային սպառնալիքները ներառում են կեղծ բոտային ցանցեր, կեղծ լրատվական հարթակներ, ապատեղեկատվական ալիքներ, որոնց նպատակն է սենսացիոն միջավայր ստեղծելը, կեղծ հանրային տրամադրությունների ձևավորումը և հասարակության մանիպուլյացիան։ Նման սպառնալիքների դեմ պայքարի էությունը դրանց վաղ փուլում բացահայտումն է, կեղծիքի արագ չեզոքացումը և հանրության տեղեկացվածության բարձրացումը, որպեսզի հասարակությունը չդառնա այդ գործողությունների զոհ։ Նա ընդգծեց, որ Հայաստանի հակառակորդները միջոցների մեջ խտրություն չեն դնում, և հիբրիդային պատերազմի դրսևորումները տեսանելի են ամենօրյա ռեժիմով։
Կուսակցության նախագահը կարևորեց նաև կեղտոտ փողերի հայտնաբերումը որպես Եվրամիության աջակցության առանցքային բաղադրիչ՝ հատկապես նախընտրական շրջանում օգտագործվող ֆինանսական հոսքերի վերահսկման տեսանկյունից։ Նա օրինակ բերեց Մոլդովայի փորձը, որտեղ ռուսաստանյան ապացուցված ֆինանսավորման պատճառով երկու քաղաքական ուժ զրկվեցին ընտրություններին մասնակցելու իրավունքից՝ առանց հասարակական բողոքի ալիքի։Հայաստանում նույն այդ դեպքերի օրինակներով խոսող քաղաքական ուժերը մոռանում են, որ Մոլդովայում այդ ուժերը պարզապես արգելվել են։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները պետք է լինեն հետևողական և կիրառեն նույնատիպ գործիքակազմ՝ ներառյալ միջազգային պատժամիջոցների մեխանիզմները։
Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանը ունի նաև «տնային աշխատանք» կատարելու անհրաժեշտություն։ Մասնավորապես, Բաբաջանյանը հիշեցրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սեպտեմբերի 18-ի որոշումը, որը, նրա խոսքով, իշխանություններին տալիս է բավարար իրավական հիմք՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատու քաղաքական ուժերի և անհատների մասնակցությունը ընտրական գործընթացներին սահմանափակելու համար։
ժողովրդավարության թշնամիներին և այն ուժերին, որոնք ներգրավված են եղել քաղաքացիական բնակչության դեմ հանցագործություններում, չի կարելի թույլ տալ մասնակցել ժողովրդավարական գործընթացներին՝ դրանք կրկին ներսից տապալելու համար։ Նրա կարծիքով՝ եթե ժողովրդավարությունը հանվի Հայաստանից, ապա պետականությունը կկորցնի իր հիմքը։
Ներկայիս մարտահրավերները էապես տարբերվում են անցյալի ընտրական փուլերից, և այսօր հարցը հետևյալն է՝ գնալ հետ, թե առաջ։ Նա հիշեցրեց վարչապետի հայտարարությունը, ըստ որի՝ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի հաջորդ խորհրդարանում չլինեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և նրանց հետ փոխկապակցված քաղաքական ուժերը։Այդ հարցի լուծումը չի կարելի անընդհատ թողնել միայն ժողովրդի վրա, քանի որ ժողովուրդն արդեն 2021-ին մանդատ է տվել գործող իշխանությանը՝ այդ խնդիրները լուծելու համար։ Նրա խոսքով՝ տարիներ անց նույն ուժերը շարունակում են միլիարդներով մնալ լրջագույն սպառնալիք քաղաքական դաշտի համար։
Արման Բաբաջանյանը լայնորեն անդրադարձավ հիբրիդային պատերազմի թեմային՝ նշելով, որ կեղծ թեզերը՝ Զանգեզուրի միջանցքի, եկեղեցու, Թուրքիայի, Ռուսաստանի և խաղաղության գործընթացի շուրջ, ուղղված են մեկ նպատակին՝ կասեցնել Հայաստանի սկսած խաղաղության գործընթացը։ Նրա համոզմամբ՝ «արժանապատիվ խաղաղություն» ձևակերպումը, երբ Հայաստանը պարտվել է պատերազմում, փաստացի պատերազմ քարոզելու այլ ձև է։
Նա ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չիրականացվեց, ռուսական միջնորդությունը ձախողվեց, և դրա հետևանքով Արցախում տեղի ունեցավ էթնիկ զտում ռուսական ներկայության պայմաններում։ Բաբաջանյանը նշեց, որ այդ իրողությունների ֆոնին Ռուսաստանի և խաղաղության համատեղելիության մասին խոսելն անիրատեսական է։
Բաբաջանյանը կարևորեց Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթերը՝ նշելով, որ դրանք միտված են Հայաստանի անվտանգության, դիմակայունության և խաղաղության կառուցմանը։ Նա հիշեցրեց 2024 թվականի ապրիլի 5-ի Բրյուսելյան գագաթնաժողովը և ընդգծեց, որ այդ գործընթացներին ընդդիմացող ուժերը միահամուռ կերպով հանդես են գալիս Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի շահերի հռետորաբանությամբ։
Արման Բաբաջանյանը նշեց, որ Հայաստանը պետք է հստակ հայտարարի իր ռազմավարական նպատակը՝ Եվրամիության անդամակցությունը, և սկսի Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու ու ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Նրա խոսքով՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը եղել է պատմական սխալ, որը պետք է շտկվի։
Նա անդրադարձավ նաև մարզային խնդիրներին՝ ընդգծելով, որ խաղաղության օրակարգը պետք է շոշափելի դառնա Սյունիքից մինչև Տավուշ։ Մարդկանց իրականում հետաքրքրում են դպրոցների ուսուցիչների պակասը, հիվանդանոցների բժիշկների բացակայությունը, տեղական ենթակառուցվածքները, և հենց այս հարցերի լուծումն է ամրապնդում պետության դիմակայունությունը։ Խաղաղության գաղափարը պետք է կապիտալիզացվի կոնկրետ սոցիալական և տնտեսական հնարավորությունների միջոցով, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի զգա դրա ազդեցությունը սեփական կյանքի վրա։ Նրա համոզմամբ՝ խաղաղության օրակարգը համազգային է և չի կարող կախված լինել մեկ քաղաքական ուժի կամքից։ Հայաստանի ապագայի միակ իրատեսական ճանապարհը խաղաղությունն է, բազմակողմ կապերի զարգացումը, կախվածությունների նվազեցումը և պետականության ամրապնդումը։ Բոլոր մյուս առաջարկները Հայաստանը տանում են անորոշության, քաոսի և կործանման ճանապարհով՝ որքան էլ դրանք գեղեցիկ ձևակերպումներով ներկայացվեն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
