Հայաստան

Կաթողիկոսի Հեռացումն Անխուսափելի Է

Իրական խնդիրը օլիգարխիկ համակարգն է, որտեղ եկեղեցին հաճախ դառնում է վերջին ապաստարանը։ Տեր Հովհաննիսյանը նշեց, որ կոռուպցիան համաշխարհային երևույթ է, սակայն Հայաստանում այն ունեցել է համակարգային, համատարած թալանի բնույթ։ 

Մինաս Տեր Հովհաննիսյան

1inTV-ն զրուցել է Աթենքի Հայաստանյան հասարակական-մշակութային կենտրոնի համահիմնադիր Մինաս Տեր Հովհաննիսյանի հետ։ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված ներքին լարվածության և Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականի պահանջի վերաբերյալ։ Զրուցակիցներն անդրադառնում են եկեղեցական վերնախավի ներսում առաջացած պառակտմանը և հոգևոր առաջնորդի հասցեին հնչող քաղաքականացվածության ու օտար ազդեցությունների մեղադրանքներին։

Մինաս Տեր Հովհաննիսյանը ասաց, որ ստեղծված իրավիճակի ելքը իր համար միանշանակ է։ Նրա խոսքով՝ Հայաստանի Առաքելական Եկեղեցին ձևավորվել է 301 թվականին հայկական պետության կողմից, և Հայաստանը առաջին պետությունն է, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Տեր Հովհաննիսյանը նշեց, որ պետականության վերագտնելուց հետո եկեղեցին պարտավոր է ազատվել ոչ միայն օտար ազդեցություններից, այլև կուսակցականացումից, որը, նրա դիտարկմամբ, սփյուռքում տեղի է ունեցել դեռևս շուրջ վեց տասնամյակ առաջ։ Այլընտրանք պարզապես գոյություն չունի։ Տեր Հովհաննիսյանի համոզմամբ՝ որքան Էջմիածնում գործող կաթողիկոսը փորձի արհեստականորեն ձգձգել այս գործընթացը՝ արտաքին թելադրանքներով կամ անձնական հաշվարկներով, այնքան ավելի բացասաբար է հիշվելու պատմության մեջ։ Նրա խոսքով՝ հասարակական ալիքը շարունակելու է մեծանալ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, և արդյունքում տուժելու է եկեղեցու հեղինակությունը։

Մինաս Տեր Հովհաննիսյանը կարծում է, որ կաթողիկոսը չի կարող անտեսել այդքան մեծ թվով եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների պահանջը, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է։ Նա նշեց, որ իրականում «Հայ Առաքելական Եկեղեցի» ձևակերպումը պատմականորեն սխալ է, քանի որ պետականորեն խոսքը վերաբերում է Հայաստանի Առաքելական Եկեղեցուն։ Նրա գնահատմամբ՝ այս տարբերակումը սկզբունքային է և ուղղակիորեն առնչվում է պետականության գաղափարին։ Տեր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ սփյուռքում մի քանի տարի առաջ Անթիլիասի գահակալի կողմից հրատարակված գրքում առաջ էր քաշվում այն թեզը, թե քանի որ հայերի մեծ մասը ապրում է արտերկրում, եկեղեցին պետք է կոչվի «հայոց»։ Նա ընդգծեց, որ նման ձևակերպումները պատահական չեն և նպատակ ունեն խաթարել պետական մտածողությունը՝ Հայաստանը ներկայացնելով ոչ թե որպես պետություն, այլ որպես ցրված ժողովուրդ։Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը անհայրենիք չէ, և Հայաստանի պատմությունը պետք է ընկալել հենց որպես պետական պատմություն։ Տեր Հովհաննիսյանը նշեց, որ հազար տարի պետականության բացակայությունը ծանր հետևանքներ է թողել հանրային մտածողության վրա, այդ թվում՝ եկեղեցական միջավայրում։ Նա ընդգծեց, որ Խորհրդային Հայաստանի գոյության ընթացքում արտաքին ուժերն իրենց ազդեցությունն են ունեցել եկեղեցու ներքին գործընթացների վրա։

Մինաս Տեր Հովհաննիսյանը պատմական օրինակներով հիշեցրեց, որ Սառը պատերազմի տարիներին եկեղեցին բաժանվեց, թեմաներ խլվեցին, և այսօր տարածաշրջանում նույն ազդեցությունների պայքարը շարունակվում է։ Նա նշեց, որ դեռևս Վազգեն Առաջինն էր ասում՝ եկեղեցու պառակտումը դավանաբանական չէ, այլ քաղաքական խնդիր է։ Ներկայիս ճգնաժամը պետականության խնդիր է, և պետությունը ի վերջո պարտավոր է այն լուծել։ Տեր Հովհաննիսյանը կարծում է, որ գործընթացը փակուղային չէ, և որքան էլ փորձեն այն ձգձգել, վերջնական արդյունքը լինելու է նույնը՝ տվյալ անձի հեռացումը Էջմիածնից։

Նա կտրուկ գնահատական տվեց վերջին 25 տարիների եկեղեցական գործունեությանը՝ նշելով, որ այդ ընթացքում բարոյական նշանակալի ներդրում չի կատարվել հասարակության կյանքում։ Տեր Հովհաննիսյանը հատկապես ցավալի համարեց այն փաստը, որ Արցախյան շրջափակման պայմաններում եկեղեցու առաջնորդը պարգևներ է ստացել օտար պետություններից՝ դա գնահատելով որպես բարոյական անկում։

Խոսելով քաղաքական հարթության մասին՝ Մինաս Տեր Հովհաննիսյանը նշեց, որ որոշ շրջանակներ հակադրվում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական դոկտրինին՝ բարձրացնելով հարցեր, որոնց լուծումը Հայաստանի կարողությունների սահմաններից դուրս է։ Նրա խոսքով՝ նման քայլերը հանգեցնում են երրորդ ուժերի միջամտությանը՝ ի վնաս Հայաստանի շահերի։

Վերջին տասնամյակներում Հայաստանը ծանր կորուստներ է կրել՝ արտագաղթ, պետական ինստիտուտների քայքայում, անվտանգության և տնտեսության թուլացում։ Տեր Հովհաննիսյանը համոզված է, որ այդ իրավիճակը ստեղծած ուժերը չեն կարող պատասխանատվությունը բարդել նոր իշխանությունների վրա։

Նրա խոսքով՝ իրական խնդիրը օլիգարխիկ համակարգն է, որտեղ եկեղեցին հաճախ դառնում է վերջին ապաստարանը։ Տեր Հովհաննիսյանը նշեց, որ կոռուպցիան համաշխարհային երևույթ է, սակայն Հայաստանում այն ունեցել է համակարգային, համատարած թալանի բնույթ։

Աթենքի Հայաստան հասարակական-մշակութային կենտրոնի համահիմնադիրն ընդգծեց, որ այդ շրջանակների իրական շահերը կապված չեն Հայաստանի Հանրապետության ապագայի հետ։ Նրա համոզմամբ՝ նրանք իրենց ապագան կապում են այլ երկրների հետ, իսկ Հայաստանի հետ կապումեն միայն կախվածությունն ու ռիսկերը։

Ամփոփելով՝ Մինաս Տեր Հովհաննիսյանը նշեց, որ ժողովրդի ամենամեծ զենքը գիտակցությունն է։ Նրա խոսքով՝ անկախ իշխանությունների թերություններից, պետությունը կարող է առողջանալ միայն գիտակից հասարակության և իրական ընդդիմության առկայության պայմաններում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *