Իրենք հավատարիմ են Աստծուն և եկեղեցու ավանդությանը և որևէ դավաճանության մասին խոսք լինել չի կարող։ Իրենք երբեք չեն կտրվել Մայր Աթոռից և շարունակելու են այնտեղ գնալ աղոթելու։ Ներկայիս կառավարման մոդելը ձևավորում է վախի մթնոլորտ, ոչ թե եղբայրասիրություն։
Վազգեն Միրզախանյան
Armtimes-ը զրուցել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ: Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը քննադատում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի գործունեությունը՝ պնդելով, որ նա հեռացել է եկեղեցու բուն առաքելությունից և ծառայում է օտար շահերին։ Սրբազանը մանրամասնում է Մայր Աթոռում տեղի ունեցած միջադեպերը, որտեղ հավաքված ժողովուրդը պահանջել է վեհափառի հրաժարականը։
Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդը, անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած հավաքին, ասաց, որ իրենց նպատակը եղել է ժողովրդին հրավիրել Մայր Աթոռ՝ փոխանցելու Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված նամակը, խոսքով դիմելու ժողովրդին, միասին աղոթելու և խաղաղությամբ հավաքը ավարտելու համար։ Նա նշեց, որ այդ ծրագիրը միտումնավոր խաթարվել է, քանի որ հատուկ ուժեր ու կազմակերպված խմբեր են ներգրավվել, ինչի հետևանքով իրավիճակը բաժանվել է «մերոնց» և «ձերոնց»։ Ըստ նրա՝ սա Մայր Աթոռի հինավանդույթներին հակասող մոտեցում էր։ Հավաքին ներկա ամբողջ ժողովուրդը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անդամներ են և չեն կարող բաժանվել հակադիր ճամբարների։ Նրա դիտարկմամբ՝ այդ բաժանումը արվել է կանխամտածված։ Նա ասաց, որ, այնուամենայնիվ, իրենց առաքելությունը իրականացվել է․ նամակը փոխանցվել է, ժողովրդին դիմել են, թեև Մայր Տաճարում ընթացող արարողության և բարձրախոսների պատճառով իրենց խոսքը լիարժեք չի հնչել։ Նա հավելեց, որ հնչելեն սադրիչ արտահայտություններ, սակայն դրանք չի համարում ուղղված իրենց, այլ ընդհանուր սադրանքներ։
Տեր Վազգեն արքեպիսկոպոսը նշեց, որ ամենակարևորը ժողովրդի ներկայությունն ու իր խոսքը բարձրաձայնելն էր։ Նրա խոսքով՝ հավաքված ժողովուրդը եկել էր Ամենայն Հայոց կաթողիկոսին փոխանցելու այն ուղերձը, որ ժամանակն է հանգստի կոչվելու։
Անդրադառնալով նամակի բովանդակությանը՝ սրբազանը նշեց, որ այն կարող էին փոխանցել նաև անմիջականորեն, սակայն ցանկացել են, որ ժողովուրդը հավաքվի իր տան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում և այդ գործընթացը լինի հանրային։ Նա դիտարկեց, որ որոշ քաղաքական ուժեր փորձել են հավաքը վերածել քաղաքական միտինգի և ներկայանալ որպես եկեղեցու պաշտպաններ, մինչդեռ այնտեղ եկեղեցու դեմ որևէ մարդ չի եղել։ Տեր Վազգեն Միրզախանյանը կարծիք հայտնեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը երկար ժամանակ է՝ ականջալուր չի լինում ոչ իր եպիսկոպոսներին, ոչ հոգևորականությանը, և հարց բարձրացրեց՝ արդյոք երբևէ ականջալուր է եղել ժողովրդի խոսքին։ Նրա համոզմամբ՝ ժողովուրդը փաստացի դադարել է ճանաչել նրան որպես իր կաթողիկոս, քանի որ շատ հավատացյալներ այլևս չեն հաճախում Մայր Տաճար՝ չցանկանալով հաղորդակցվել գործող կաթողիկոսի հետ։
Սրբազանը անդրադարձավ նաև քաղաքական գործիչների մասնակցությանը՝ նշելով, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի լինել Մայր Տաճարում և աղոթել, սակայն անթույլատրելի է եկեղեցին վերածել քաղաքական բախման վայրի։ Նա կոչ արեց քաղաքական ուժերին զերծ մնալ հոգևորականների հասցեին վիրավորական արտահայտություններից և ընդգծեց, որ իրենք երբեք չեն խառնվել քաղաքական գործընթացներին։ Իրենց խնդիրը ոչ թե քաղաքական ուժերի, այլ գործող Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ է, քանի որ, նրա խոսքով, վերջինս շեղվել է Հայ Առաքելական եկեղեցին առաջնորդելու ուղիղ ճանապարհից։ Նա ընդգծեց, որ եկեղեցին պետք է ծառայի ամբողջ ժողովրդին, ոչ թե առանձին քաղաքական խմբերի կամ անհատների։ Անդրադառնալով իրեն և այլ եպիսկոպոսներին Գերագույն հոգևոր խորհրդից հեռացնելու հարցին՝ սրբազանը դա որակեց անօրինական և կանոնադրությանը հակասող քայլ։ Նա նշեց, որ ընտրվել է Եկեղեցական ներկայացուցչական ժողովի կողմից, որի գումարումը տարիներ շարունակ չի իրականացվել՝ առանց կանոնադրական հիմնավորման։ Նրա համոզմամբ՝ պանդեմիայի և պատերազմի պատճառաբանությունները կեղծ են։
Սրբազանը նաև անդրադարձավ իր հասցեին հնչող ծանր որակումներին՝ ընդգծելով, որ դրանք անընդունելի են և չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ իրենք հավատարիմ են Աստծուն և եկեղեցու ավանդությանը և որևէ դավաճանության մասին խոսք լինել չի կարող։Իրենք երբեք չեն կտրվել Մայր Աթոռից և շարունակելու են այնտեղ գնալ աղոթելու։ Նա կոչ արեց հոգևորականներին հաղթահարել վախը և բարձրաձայնել իրենց արդար խոսքը՝ ընդգծելով, որ ներկայիս կառավարման մոդելը ձևավորում է վախի մթնոլորտ, ոչ թե եղբայրասիրություն։
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե հնարավոր է կաթողիկոսությունը տեղափոխվի արտերկիր, սրբազանը նշեց, որ չի ցանկանում հավատալ այդ սցենարին և վստահ է, որ թե՛ պետական մարմինները, թե՛ հոգևոր դասը թույլ չեն տա նման զարգացում։
Եզրափակելով՝ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշեց, որ այս գործընթացը հասել է անդառնալի կետի, և լավագույն լուծումը կլինի, եթե Ամենայն հայոց կաթողիկոսը ականջալուր լինի և պատվով հանգստի կոչվի։ Նրա խոսքով՝ այլընտրանքը միայն խորացնելու է ճգնաժամը, իսկ եկեղեցին պետք է նորովի, բայց իր ավանդություններին հավատարիմ, քայլի ժամանակի ու ժողովրդի հետ։
Հարցազրույցի համար՝
