ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայ-Ամերիկյան Հարաբերությունները Լավանում Են, Ռուս-Ադրբեջանականը՝ Սրվում

Ադրբեջանը վերջին տարիներին խորացրել է առևտրատնտեսական և նույնիսկ ռազմական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ, և այդ ֆոնին Ռուսաստանի նախագահի հետ անձնական հարաբերությունները Ալիևի համար այլևս առաջնահերթ չեն։ 

Վահրամ Աթանեսյան

1inTV-ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ռուսական և հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկային, ներառյալ՝ Թրամփի վարչակազմի կողմից դեսպանների, այդ թվում՝ Քրիստինա Քվինի հետկանչի հնարավոր ազդեցությունը։ Հարցազրույցը շեշտադրում է Հայաստանի համար տնտեսական կապերի պահպանման կարևորությունը բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում։

Վահրամ Աթանեսյանը նախ ընդգծեց, որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ, և այդ հանգամանքով կարելի է բացատրել Ալիևի բացակայությունը ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Միաժամանակ, նա նկատեց, որ Ուզբեկստանի նախագահը նույնպես ԵԱՏՄ անդամ երկրի ղեկավար չէ, սակայն մասնակցում էր նիստին, ինչն արդեն որոշակի հարցեր է առաջացնում։

Աթանեսյանը նշեց, որ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Իլհամ Ալիևի չմասնակցելը, իր գնահատմամբ, պայմանավորված է անցյալ տարվա դեկտեմբերին Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի կործանման հետաքննության ընթացքով։ Նրա խոսքով՝ այն, ինչ Ալիևը ակնկալում էր Ռուսաստանից այդ հարցով, չի ստացել, և դա կարելի է դիտարկել որպես դիվանագիտական դեմարշ։ Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ Կրեմլում իրավիճակը լուրջ չեն գնահատում, հակառակ դեպքում Պուտինի մամուլի քարտուղարը չէր հայտարարի Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման մասին։

Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ Ալիևի չմասնակցելը ակնհայտորեն դեմարշ է, քանի որ Ադրբեջանը մշտապես մասնակցել է ԱՊՀ պաշտոնական և ոչ պաշտոնական միջոցառումներին։ Նա հիշեցրեց, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ալիևի օդանավը գտնվել է Ռուսաստանի օդային տարածքում, և հենց ինքնաթիռից է տեղի ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահի հետ, որի ընթացքում Ալիևը որոշել է վերադառնալ։ Նրա գնահատմամբ՝ եթե տարվա ընթացքում Բաքուն չի ստացել իրեն հուզող հարցերի պատասխանները, բնական է, որ Ալիևը խուսափել է Մոսկվա մեկնելուց։ Ներկայիս պայմաններում Ալիևը Պուտինի հետ կարող է քննարկել միայն ռուս-ադրբեջանական հարաբերությունները, սակայն այդ ուղղությամբ իրական քննարկման նյութ գրեթե չկա։ Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանը վերջին տարիներին խորացրել է առևտրատնտեսական և նույնիսկ ռազմական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ, և այդ ֆոնին Ռուսաստանի նախագահի հետ անձնական հարաբերությունները Ալիևի համար այլևս առաջնահերթ չեն։ Նրա խոսքով՝ նախկինում Լեռնային Ղարաբաղի հարցը Ալիևի համար լուրջ խնդիր էր, որը 2023 թվականի աշնանը լուծվեց Ռուսաստանի աջակցությամբ և խաղաղապահների ներկայությամբ, և այսօր այդ գործոնը այլևս չկա։

Աթանեսյանը նշեց, որ քաղաքական մակարդակում ռուս-ադրբեջանական հարաբերություններում կարող են լինել լուրջ տարաձայնություններ, մինչդեռ տնտեսական համագործակցությունը շարունակվում է, քանի որ այն փոխշահավետ է։ Նա հիշեցրեց, որ անցած տարվա ընթացքում Ռուսաստանը շուրջ 200 միլիոն դոլարի ներդրում է կատարել Ադրբեջանի տնտեսության մեջ, ինչը ցույց է տալիս, որ տնտեսական կապերը չեն կարող կտրուկ խզվել։

Վահրամ Աթանեսյանը շեշտեց, որ ինքը հարաբերությունների «խզում» եզրույթը ճիշտ չի համարում և խորհուրդ տվեց չկենտրոնանալ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա՝ դրանք միշտ եղել են կանխատեսելի։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական և քաղաքակրթական ընդհանրություններ չունեն, և այն ջերմությունը, որը ժամանակին կար Պուտինի ու Ալիևի միջև, անխուսափելիորեն պետք է ավարտվեր։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանը, ըստ էության, Թուրքիայի մաս է, իսկ Թուրքիան ու Ռուսաստանը պատմականորեն հակոտնյա պետություններ են։

Աթանեսյանը նկատեց, որ Հայաստանի համար այդ հարաբերությունները հետաքրքիր են այնքանով, որքանով կարող են առնչվել Հայաստանի շահերին։ Որպես օրինակ նա հիշատակեց Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը Մեղրիի անցող ծրագրին Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին՝ այն գնահատելով որպես անհանգստացնող ազդակ։

Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ, որը մեղադրվում է Կրեմլի աջակցությամբ սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ։ Աթանեսյանի կարծիքով՝ այս գործոնը ևս կարող էր պատճառ դառնալ, որ Ալիևը խուսափի Պուտինի հետ հանդիպումից, քանի որ հնարավոր էին ցավոտ և փակ հարցեր։

Ադրբեջանական մամուլում շրջանառվել են տեղեկություններ Ալիևի նախագահական ինքնաթիռի GPS համակարգի հնարավոր խափանման մասին։ Նա ընդգծեց, որ այս հարցերը փակ քննարկման թեմա են, սակայն եթե Ալիևը հրաժարվել է հանդիպումից, նշանակում է՝ ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները նրան չեն բավարարում։ Նրա խոսքով՝ Ալիևը ներքին լսարանին խոստացել է, որ աղետի մեղավորները բացահայտվելու են և պատասխանատվության են ենթարկվելու, մինչդեռ Ռուսաստանը, հավանաբար, դրան չի գնա։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Վահրամ Աթանեսյանը ասաց, որ Հայաստանի վարչապետի մասնակցությունը ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին լիովին բնական է, քանի որ Հայաստանը միության անդամ է և մոտ ապագայում այլ տնտեսական համակարգում չի լինելու։ Նա համեմատություն անցկացրեց Թուրքիայի հետ, որը տասնամյակներ շարունակ Եվրամիության թեկնածու է, սակայն այդպես էլ չի դարձել անդամ։

Նրա կարծիքով՝ Եվրամիության հետ համագործակցությունը չի նշանակում Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի խզում։ Աթանեսյանը հիշեցրեց, որ անգամ Եվրամիության առաջատար երկրները չեն դադարեցրել առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նա օրինակ բերեց Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներին, որոնք Ճապոնիայից վերադառնալուց անմիջապես հետո մասնակցել են Սանկտ Պետերբուրգի միջոցառումներին՝ չնայած Ճապոնիայի և Ռուսաստանի մրցակցային հարաբերություններին։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ դուրս մնալ գլոբալ գործընթացներից, հատկապես այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն և Ռուսաստանը փորձում են ձևավորել նոր աշխարհակարգ։ Նրա խոսքով՝ այդ համատեքստում Հայաստանի վարչապետի այցը և մասնակցությունը ԵԱՏՄ նիստին պայմանավորված են հենց այդ վտանգավոր գործընթացներից չմեկուսանալու անհրաժեշտությամբ։

Նա նաև կարևորեց Հայաստանի հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ ընդգծելով, որ դրանք ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական արժեք ունեն, քանի որ այդ երկրները թուրքական աշխարհի մաս են կազմում, իսկ Հայաստանը շրջապատված է այդ աշխարհով։ Նրա կարծիքով՝ այդ իրողությունը հնարավոր չէ անտեսել, որքան էլ այն հուզականորեն ծանր լինի։

Խոսելով ԱՄՆ դեսպանների հետկանչի մասին՝ Աթանեսյանը նշեց, որ չի տեսնում որևէ արտառոց ենթատեքստ։ Նրա  ԱՄՆ դեսպանի աշխատանքը գնահատում է Պետդեպարտամենտը և վերջնական որոշումը կայացնում է ԱՄՆ նախագահը, քանի որ դեսպանը նախագահի անձնական ներկայացուցիչն է։ Նա ընդգծեց, որ սակարող է լինել սովորական դիվանագիտական ռոտացիա և դժվար թե ազդի հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Հայ-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան գործնական չեն եղել, ինչպես այսօր, և դեսպանի հնարավոր փոփոխությունը չի նշանակում քաղաքական կուրսի փոփոխություն։ Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ վարչակազմը շարունակում է ակտիվորեն աշխատել նաև Ադրբեջանի հետ, ինչը վկայում է Հարավային Կովկասում իր ազդեցության ամրապնդման ձգտման մասին։ Նա եզրափակեց, որ դեսպանի փոփոխությունը պետք է դիտարկել որպես դիվանագիտական առօրյա գործընթաց, ոչ ավելին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *